կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-15 12:45
Առանց Կատեգորիա

Հասարակությունը ծանր հիվանդ է. ընտրարշավի հիմնական բացահայտումը

Հասարակությունը ծանր հիվանդ է. ընտրարշավի հիմնական բացահայտումը

Ընտրարշավի մեկնարկից անցել է 10 օր և արդեն կարելի է արձանագրել մի քանի բնութագրիչներ, որոնցով առանձնանում են քարոզչական շրջանը, ընտրազանգվածը և նրա հիմնական ակնկալիքներն ու դերակատարությունը:

1. Ընդհանուր առմամբ, ընտրական տեխնոլոգիաների կիրառման տեսանկյունից` ընտրարշավն անցնում է բավականին դժգույն: Մասնակից քաղաքական ուժերը, բացի ՀՀԿ-ից և մասամբ «Ծառուկյան» դաշինքից, ակնհայտորեն խուսափել են նման տեխնոլոգիաներ կիրառելուց երկու հիմնական պատճառով: Առաջինը սուղ բյուջեն է, որը լուրջ խնդիր է հատկապես իրենց քաղաքական կապիտալի վրա հենվող ուժերի համար: Իսկ խելացի և մասնագիտական պոտենցիալի վրա խարսխված ընտրական համակարգված տեխնոլոգիաների գործադրումը լուրջ ֆինանսական ներդրումներ է պահանջում: Երկրորդ՝ քաղաքական ուժերի մեծամասնությունը շեշտը դրել է ոչ թե ընտրողների հավաքական մտածողության կամ կողմնորոշման վրա ներգործելու, այլ հնարավորինս անհատական աշխատանքի վրա: Դա է պատճառը, որ հանրահավաքային ձևաչափով միջոցառումներ չեն կազմակերպվում:

Մասսայական երկու քաղաքական ուժերի՝ ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի կողմից նման տեխնոլոգիաների կիրառումը պարզորոշ ցույց է տալիս, թե ինչպիսի ֆինանսական ռեսուրսների են նրանք տիրապետում: Երկուսն էլ շեշտը դրել են լիդերների կերպարների վրա՝ մի դեպքում` ի դեմս վարչապետ Կարեն Կարապետյանի՝ իբրև բարեփոխիչ, կրեատիվ մտածողությամբ օժտված և հստակ տեսլական ունեցող անհատի, մյուս դեպքում՝ Գագիկ Ծառուկյանի, այսպես ասած, «հասարակության» և ժողովրդականության: Երկու ուժերի դեպքում էլ, սակայն, այս տեխնոլոգիաները հիմնականում ծխածածկույթի դեր են կատարում, որովհետև հիմնական ռեսուրսը համարում են ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների ներքին մրցակցության շնորհիվ հնարավորինս շատ ձայներ «որսալը»:

2. Մարաթոնի դուրս եկած ուժերի ճնշող մեծամասնությունը նախընտրական ծրագրերը ներկայանալիության գործոն չի դարձնում՝ չնայած ծրագրեր ունենալու և հրապարակելու փաստին: Նախընտրական ծրագրերը վերածվել են պարզապես քարոզչական` ձևականորեն անհրաժեշտ, բովանդակային առումով անպետք ատրիբուտի: Մի պատճառն այն է, որ հասարակության, ընտրազանգվածի մոտ ևս չկա քվեարկության ժամանակ ըստ ծրագրերի կողմնորոշվելու պահանջարկ, մյուս կողմից` ծրագրերի մեծամասնությունն այնքան անիրատեսական, պոպուլիստական, երբեմն հակասական խոստումներով է լցոնված, որ դրանց վրա կենտրոնանալը հեղինակների համար ավելի շատ գլխացավանքի է վերածվում, քան սեփական տեսլականները բացահայտելու առիթ տալիս: Դա է պատճառը, որ այս ընտրարշավում, որքան էլ անհեթեթ է, բացակայում են քաղաքական բանավեճերը, իսկ եզակի հրապարակային բանավեճերին, բացառությամբ ՀՅԴ-ի, «Ազատ դեմոկրատների», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի, «Ելք»-ի, մյուս ուժերը, որպես կանոն, խուսափում են մասնակցել:

3. Քաղաքական ուժերը քարոզարշավն սկսել են մարզերից: Եվ մարզային ընտրարշավն ավելորդ անգամ ախտորոշում է մարզային ընտրազանգվածի մոտ առկա «ծանր հիվանդությունները», որոնց պատճառները թաքնված են պետական ու քաղաքացիական ցածր գիտակցության ու աղքատության մեջ: Պարզվում է՝ մարդիկ ոչ միայն պատրաստ են ընտրակաշառք վերցնել, այլև գոնե շատերն ընտրությունները գործնականում պատկերացնում են հիմնականում որպես ընտրակաշառք վերցնելու, անձնական կենցաղային հարցերը բացահայտ լուծելու հնարավորություն: Նրանց այս խեղաթյուրված ընկալումները շահագործվում են մեծ ֆինանսական, վարչական կարողություններով օժտված ուժերի, ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների կողմից: Քաղաքացիականության տեսանկյունից այս աղետալի վիճակը ցույց է տալիս ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու իր բացառիկ իրավունքից հասարակության օտարացածության վտանգավոր աստիճանը:

Բացի դրանից` պարզվում է, որ մարդիկ պատրաստ են ընտրել անձնական հովանավոր, բարերար, «ԺԵԿ-ի պետ»,  աստված, թագավոր, փրկիչ, բայց ոչ` պատգամավոր: Սա ձեռնտու է միայն ռեյտինգային ընտրակարգով առաջադրված, միայն սեփական անձը պառլամենտում տեսնելու մարմաջով տառապող թեկնածուներին, նրանց կողմից բերվելիք ձայների վրա հույս դրած և ընտրողներին պոպուլիզմով կերակրող ուժերին, որովհետև սա ընտրությունները ապաքաղաքականացնելու լավագույն միջոցն է:

4. Ընտրարշավի ընթացքում ընտրողների մեծամասնության պահվածքը վկայում է, որ նրանց մեծամասնությունը, ըստ էության, չի պատկերացնում նոր կառավարման համակարգում պառլամենտի և պատգամավորների դերը: Նրանք չգիտեն, որ ընտրելու են ոչ թե զուտ կոճակ սեղմող, լավագույն դեպքում` իրենց համար ասֆալտ «փռող» կամ վիրահատություններ կազմակերպող պատգամավորներ, այլև պետական մարմին, որը 2018թ.-ից լինելու է քաղաքական իշխանության հիմնական կրողը:

Մարդիկ չգիտեն նաև ընտրական նոր համակարգի այն լուծումների մասին, որոնք նվազագույնի են հասցնում կեղծարարություններն ընտրատեղամասում: Առաջնորդվելով նախկին ընտրություններից մնացած ասոցիացիաներով ու կարծրատիպերով՝ շատերը պարզապես չեն հավատում, որ հնարավոր է այս ընտրություններով հասնել բովանդակային փոփոխությունների: Ընտրակաշառքի և ընտրողների հավաքագրման տեխնոլոգիաներին ապավինող ուժերը չեն ուզում բարձրացնել ընտրողների իրազեկվածությունը, որովհետև շահագրգռված են եղած, տիրապետող ընկալումների պահպանմամբ: Պատճառն այն է, որ միայն այդ դեպքում են նրանց գործադրած տեխնոլոգիաները ձեռք բերում ընտրությունների ելքի վրա ազդելու պոտենցիալ:

Իսկ իրենց քաղաքական կապիտալի վրա հենված ուժերը բավականաչափ ակտիվ չեն մարդկանց տեղեկացվածությունը բարձրացնելու հարցում,  որովհետև կենտրոնացել են այլ ատրիբուտների, օրակարգերի շրջանակում մրցակցության վրա: Ավելին` ընտրություններին մասնակցող թեկնածուներից շատերը գիտակցաբար՝ քաղաքացիական դիրքորոշում ու պատասխանատվություն ունեցող ընտրողներին հատուկ հուսահատեցնելով, կամ ենթագիտակցաբար՝ տուրք տալով այդ նույն ստերեոտիպային պատկերացումներին, իրենք են հետևողականորեն զարգացնում այն համոզմունքը, թե ընտրությունները, միևնույն է, կեղծվելու են: Այդ կերպ նրանք պարզապես ստեղծում են պայմաններ, որ հերթական անգամ ընտրությունների ելքը որոշեն փողը, անձնական ազդեցության լծակները և լյումպենը: Որքան էլ ընտրարշավն ուղեկցվում է ընտրություններն արդեն իսկ ապականող, թաղային խոժանի մասնակցությամբ կրիմինալ բնույթի իրադարձություններով, որոնք առանց այն էլ ամրապնդում են ընտրությունների մասին հանրային այդ արխետիպը, ընտրողներին հուսալքելը միայն աշխատում է առկա ճահճային համակարգի օգտին:

Գևորգ Դարբինյան