կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-23 10:18
Քաղաքական

Հացադուլը՝ ընտրարշավի կարեւոր բաղադրիչ. ''Հրապարակ''

Հացադուլը՝ ընտրարշավի կարեւոր բաղադրիչ. ''Հրապարակ''

«Հացադուլը սպառնում է դառնալ հայ քաղաքական գործիչների ինքնադրսեւորման լավագույն ձեւը: Եթե մինչ օրս մեզ թվում էր, թե քաղաքական գործիչների ինքնադրսեւորման ձեւերը ելույթը, հարցազրույցը, հոդվածը, տնտեսական ու քաղաքական ծրագրերը, վերջապես՝ միտինգն ու պայքարն են, ապա, դատելով ՀՀ նախագահի թեկնածուների պահվածքից, կարելի է կարծել, թե քաղցած մնալու կարողությունը քաղաքական կամքի, ինտելեկտի, կառավարման որակների արտահայտման միակ եւ բարձրագույն եղանակն է:

 

Մեր քաղաքական գործիչներից քանիսի՞ն գիտեք, որ երբեւէ հոդված են գրել ու շարադրել իրենց տեսակետը: Կամ՝ տարրական ելույթ ունեցել, որտեղ հստակ շարադրված միտք, առաջարկ, գնահատական կամ վերլուծություն են հնչել: Մինչդեռ հուսահատության այդ դրսեւորումը՝ հացադուլը, որն ավելի շատ արդարության համար պայքարող դատապարտյալներին է բնորոշ, այսպիսի տարածում է ստանում: Եվ մինչ մյուս թեկնածուները տապակվում են հաց ուտել-չուտելու, քարոզարշավը սկսել-չսկսելու, թեկնածությունը հանել-չհանելու դիլեմայի մեջ, իշխանական թեկնածուն սկսել է դեժավյու առաջացնող իր ընտրարշավը, որտեղ ամեն ինչ նույնն է՝ եւ հանդիպումների մասնակիցները, եւ դրանց կազմակերպիչները, եւ պաստառ-հոլովակ-կարգախոսները: Համենայն դեպս՝ ոգին նույնն է:

 

Որքան էլ չցանկանանք հաշտվել «ընտրություններով մեզանում իշխանափոխությունն անհնար է» թեզի հետ, դժվար է առարկել դրա ճշմարտացիությանը: Ինչպե՞ս դուրս գալ այս արատավոր շրջանից եւ ստիպել, որ իշխանությունը հաշտվի ընտրությունների միջոցով իշխանություն փոխանցելու մտքի հետ: Հաղթահարի այն վախը, որը բնորոշ է ամեն կորստից առաջ ու ցանկացած անձի: Հասկանա, որ վախն իրականում ամենամեծ կորուստն է, իսկ իշխանությունը պահպանելու վախից բխող քայլերը՝ ամենավտանգավորը»,- կարդում ենք «Հրապարակ» օրաթերթի խմբագրականում: