Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր Մոսկվայում հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Բանակցությունների հիմնական թեման, ինչպես և պետք էր սպասել, եղել է արցախյան կարգավորումը: Հանդիպումից հետո արտգործնախարարները բավականին ուշագրավ հայտարարություններ են արել:
Լավրովը հայտարարել է, թե չնայած Երևանը և Բաքուն կարգավորման բազմաթիվ դետալների շուրջ համաձայնություն են ձեռք բերել, սակայն կան երկու-երեք առանցքային կետեր, որտեղ կողմերը հեռու են պայմանավորվածությունների հասնելուց: «Դա անվտանգության հարցն է, նախևառաջ մարդասիրական հարցերն են, այժմ Ղարաբաղի շուրջ գտնվող և Ադրբեջանի կողմից չվերահսկվող շրջանների վերադարձի հարցերն են, նաև՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է, անկասկած՝ այնտեղ ապրող մարդկանց հաշվի առնելով: Դա նաև միջազգային խաղաղարար ուժերի պարամետրերի համաձայնեցումն է»,- ասել է Լավրովը, ապա հավելել, որ մինչ կկարողանան վերսկսել չհամաձայնեցված հարցերի շուրջ բովանդակալից բանակցությունները, հարկավոր է հասնել վերջին շրջանում իրավիճակի լարվածության նվազմանը: «Վստահ եմ, որ վստահության ամրապնդման հարցում լուրջ դեր են խաղացել անցած տարվա մայիսին Վիեննայում և հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած վեհաժողովների արդյունքները և ԵԱՀԿ շրջանակներում մշակված առաջարկները»,-ասել է Լավրովը:
Մամեդյարովն ասել է, թե կան առաջ շարժվելու որոշակի հեռանկարներ, և Ռուսաստանն այդ ուղղությամբ լուրջ քայլեր է ձեռնարկում: Ամեն ինչ, ըստ Մամեդյարովի, կախված է ոչ միայն Ադրբեջանից, այլև Ռուսաստանից՝ իբրև համանախագահ: «Իհարկե, այստեղ մեծ դեր պետք է խաղա նաև հայկական կողմը՝ այժմ սեղանին դրված առաջարկներն ընդունելու համար»,- հավելել է Մամեդյարովը:
Այս հայտարարությունները փաստում են, որ Ադրբեջանը, ինչպես նախկինում, արցախյան կարգավորման հույսը կապում է ոչ թե բանակցությունների հետ, այլ Հայաստանին էական զիջումների մղելու՝ Ռուսաստանի ճնշումներով: Դա է պատճառը, որ Մամեդյարովը Երևանի դերակատարությունը տեսնում է ընդամենը, իբր, սեղանին դրված առաջարկություններին համաձայնելու մեջ: Քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահողները վերջին ամիսներին հանդես չեն եկել որևէ նոր առաջարկությամբ, պետք է ենթադրել, որ իբրև «սեղանին դրված առաջարկներ»՝ Մամեդյարովը նկատի ունի այսպես կոչված «Լավրովյան պլանը», որը ոչ միայն մերժել է հայկական կողմը, այլև որից արդեն տևական ժամանակ է հրաժարվել է նաև ինքը՝ Մոսկվան:
Այսուհանդերձ Մամեդյարովի հայտարարությունից պարզ է դառնում, որ ներկա պահին բանակցային գործընթացը որևէ ուղղությամբ առաջ չի շարժվում հայկական կողմի՝ առաջ քաշած նախապայմաններից չհրաժարվելու պատճառով:
Դրա մասին է վկայում նաև Լավրովի այն ակնարկը, որ նախքան բուն բանակցությունները վերսկսելն անհրաժեշտ է իրականացնել կողմերի միջև վստահության վերականգնմանը և հակամարտ ուժերի շփման գծում ստեղծված լարվածությունն իջեցնելուն ուղղված միջոցառումները: Նա պատահական չի հիշեցնում անցած տարի Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ շատ հստակ հասկացնելով, որ առանց դրանց կատարման բովանդակային բանակցություններ չեն սկսվելու: Սա այլ կերպ, քան հայկական կողմի դիրքորոշումն արդարացված համարելու դրսևորում չի կարելի համարել: Լավրովը Մամեդյարովի հետ հանդիպումից հետո էլ հաստատել է, որ այս պահին սեղանին չկա որևէ այնպիսի առաջարկություն, որը դուրս է ՄԽ եռանախագահության ֆորմատից: Դրանով նա ի դերև է հանում ադրբեջանական կողմի միանգամից երկու ակնկալիք: Առաջին, որ հնարավոր է միակողամնի ճնշում գործադրել Երևանի վրա զիջումների հարցում, և երկրորդ, որ հնարավոր է սեպարատ բանակցություններ սկսելով՝ ՄԽ ձևաչափը դարձնել անիմաստ:
Ի դեպ հետաքրքրական է, որ այսօր ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հետ զրույցում ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը տեղեկացրել է, թե այս շաբաթ սպասվում է ՄԽ համանախագահների այց Ադրբեջան, որի ընթացքում հանդիպումներ կունենան այդ երկրի նախագահի և արտգործնախարարի հետ: Ուշագրավ է, որ սա հակամարտության գոտի հերթական այց չէ, քանի որ նրանք ո՛չ Երևան, և ո՛չ էլ Ստեփանակերտ չեն այցելելու: Գրեթե կասկած չկա, որ դրանից հետո պարիտետը պահելու համար ինչ-որ պահի նրանք նաև կայցելեն Հայաստան: Սակայն ինքնին փաստը, որ նրանք սկսում են Ադրբեջանից, ընդգծում է, որ հակամարտության կարգավորման գործընթացի փաստացի տապալման պատճառները կապում են Ադրբեջանի հետ և անհրաժեշտ են համարում հենց Բաքվի հետ այդ ուղղությամբ առանձին բանակցություններ ծավալել: Սրանով համանախագահները նաև հաստատում են, որ սահմանային լարվածության պատասխանատուն ևս համարում են Բաքվին և իրենց ներկայիս առաջնահերթությունը համարում են լարվածության հնարավոր աճը կանխելը:
Չի կարելի չնկատել այս փուլում Սերգեյ Լավրովի և ՄԽ համանախագահների ուղերձների և գործողությունների սինխրոնությունը: Դրանք փաստացի ընդգծում են Բաքվի դիվանագիտության փակուղայնության և մեկուսացման խորացումը: Ռուսաստանն առանձին և եռանախագահները միասին ոչ միայն չեն առարկում նախապայմաններով առաջնորդվելու Երևանի դիրքորոշմանը, այլև իրենց ջանքերն ուղղել են Ադրբեջանի նկատմամբ ճնշումների միջոցով հավանական պատերազմի վերսկսումը կանխելը՝ հասկացնելով, որ այդ տարբերակն աշխատելու է Բաքվի դեմ: Ողջ հարցը հիմա այն է, թե ի՞նչ ուղերձներով են համանախագահները մեկնելու Բաքու:
Գևորգ Դարբինյան