կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-24 20:25
Առանց Կատեգորիա

Վրաստանի շուրջ թուրք-ադրբեջանական օղակը սեղմվում է. Հայաստանի անելիքը

Վրաստանի շուրջ թուրք-ադրբեջանական օղակը սեղմվում է. Հայաստանի անելիքը

Բաթումում մայիսի 23-ին կայացել է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Լևան Իզորիայի, Ֆիքրի Իշիքի և Զաքիր Հասանովի հանդիպումը, որի արդյունքով ստորագրվել է եռակողմ հուշագիր: Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարության` հուշագրում նշվում է, որ կողմերը շարունակելու են մասնակցությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներով խաղաղության ու կայունության ապահովմանը: Ընդգծվել է երեք երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչումը:

Պաշտպանության նախարարների այս ֆորմատով հանդիպումներն ավանդական են դարձել: Սա նման` թվով արդեն 5-րդ հանդիպումն է, որն ամեն տարի անցկացվում է երեք երկրներից որևէ մեկում: Նախորդ հանդիպումը կայացել էր ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանի Գաբալա քաղաքում: Նախնական շրջանում հանդիպումները զուտ խորհրդակցական բնույթ ունեին: Աստիճանաբար, սակայն, դրանց ընթացքում սկսեցին կոնկրետ արդյունքներ ձեռք բերվել երկու հիմնական ուղղություններով: Առաջինը կառուցվող և երեք երկրներին միավորող էներգետիկ ու երկաթուղային կոմունիկացիաների, մասնավորապես` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի անվտանգության համատեղ ապահովման պլանավորումն է, երկրորդը՝ պարբերաբար համատեղ զորավարժությունների անցկացումը: Վերջինիս համատեքստում, օրինակ, Վրաստանի ԶՈւ ներկայացուցիչները դիտորդի կարգավիճակով մասնակցեցին այս տարվա մայիսի սկզբին անցկացված` Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությանը: Եռակողմ զորավարժություններ մի քանի անգամ անցկացվել են Վրաստանի Սաչխերե լեռնային պատրաստության զորավարժարանում: Իսկ ահա Բաթումում կայացած հանդիպման ժամանակ որոշում է ընդունվել այս տարվա հունիսին Թուրքիայում հատուկ պատրաստության ստորաբաժանումների և սեպտեմբերին համակարգչային մասնագետների եռակողմ զորավարժություններ անցկացնելու մասին:

Եռակողմ այս ֆորմատն անցած տարիներին Հայաստանին առանձնապես չէր մտահոգում, քանի որ արդյունքները շոշափելի չէին և ավելի շատ ցուցադրական նպատակներ ունեին: Սակայն հիմա մտահոգիչ է դառնում այս ֆորմատը գործնականացնելու, Վրաստանին դրանում առավել կաշկանդելու այն համառությունն ու հետևողականությունը, որ դրսևորում են Անկարան և Բաքուն: Այս ձևաչափում Թբիլիսիին առավել շահագրգռելու  նպատակով նրանք օգտագործում են Ռուսաստանի հետ աբխազական և հարավօսական հիմնահարցերի չկարգավորվածությունը, ի դեմս Գյումրու 102-րդ ռուսական ընդլայնվող ռազմաբազայի՝ Վրաստանի` սպառնալիքներ տեսնելու իրողությունը: Այս գործոնները Թբիլիսիին մղում են, որպես քաղաքական հակակշռման մեխանիզմ, հենվել Թուրքիայի և Ադրբեջանի առաջարկած ռազմաքաղաքական տանդեմի վրա, մանավանդ, որ Թուրքիան ամեն կերպ ցույց է տալիս, որ աջակցում է ՆԱՏՕ-ին Վրաստանի լիարժեք ինտեգրմանը:

Իրականում Անկարայի և Բաքվի հիմնական նպատակը Վրաստանի նկատմամբ լիարժեք քաղաքական, տնտեսական ազդեցության տարածումն է, իրենց տարածաշրջանային շահերի համատեքստում նրան յուրօրինակ «պատանդ», խողովակ դարձնելը, որտեղ ռազմական գործակցությունը պարզապես մանիպուլյացիոն էֆեկտ ունի՝ Թբիլիսիին անվտանգության երաշխիքներ տալու պատրանք ստեղծելու իմաստով: Բավական է նշել, որ Վրաստանում կատարած ներդրումների ծավալով Ադրբեջանը և Թուրքիան զբաղեցնում են առաջին երկու հորիզոնականները: Միայն թուրքական մասնավոր ներդրումների ծավալը գերազանցում է մյուս բոլոր երկրներից արվող նմանատիպ ներդրումները` միասին վերցրած: Եվ այս տնտեսական գործոնները փոխակերպվում են Վրաստանի նկատմամբ քաղաքական ազդեցության:    

Պատահական չէր Բաթումի այս հանդիպման համընկնումը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի՝ Վրաստան կատարած այցին և Թբիլիսիում վրացիներին սիրաշահող մի քանի հայտարարությունների հնչեցմանը: Վրաստանի նկատմամբ ազդեցությունը մեծացնելու` Թուրքիայի ձգտումներն այնքան ակնհայտ են, որ Յըլդըրըմը չերկնչեց անգամ Ռուսաստանի հետ նոր-նոր վերականգնվող հարաբերություններում նոր խնդիրներ հարուցելու ռիսկին գնալ: Օրինակ` Թբիլիսիում նա հայտարարել է, թե Թուրքիան կշարունակի պաշտպանել Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքները, և աբխազական ու հարավօսական հիմնախնդիրների կարգավորման գործընթացում պետք է հիմնվել այդ երկու սկզբունքների վրա: Նա նաև կրկնել է ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում Վրաստանին օգնելու` Անկարայի պատրաստակամության մասին:

Թե' այս ձգտումները, թե' ռազմական ոլորտում եռակողմ ֆորմատի ամրապնդումն առաջացնում են Վրաստանի հարցում Հայաստանի ուղեգիծը վերագնահատելու անհրաժեշտություն: Բարեբախտաբար, վրացական ներկայիս իշխանությունների մոտ դեռ նկատելի է թուրքական և ադրբեջանական այս տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական էքսպանսիային դիմադրելու շրջահայեցություն: Չնայած եռակողմ ֆորմատին՝ Վրաստանը չի ընդառաջում ռազմական շատ ավելի խոր ինտեգրացիայի գնալու` Թուրքիայի և Ադրբեջանի ջանքերին և փորձում է չանտեսել Հայաստանի շահերը: Դրա մասին վկայեց անցած տարվա դեկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ Վրաստան կատարած այցը, որի ընթացքում հաստատվեց ռազմական ոլորտում երկու երկրների գործակցության 2017թ. ծրագիրը: Բացի դրանից` Վրաստանը որդեգրել է Ռուսաստանի հետ իր հակամարտությունը քաղաքական հարթությունում երկխոսության միջոցով կարգավորելու ռազմավարություն, ինչը որոշակիորեն լիցքաթափում է իրավիճակը տարածաշրջանում: Թբիլիսին նաև ինտենսիվ աշխատում է ռուսական, իրանական գազի, հայկական էլեկտրաէներգիայի ներկրման նախագծերի իրականացմամբ դիվերսիֆիկացնել էներգետիկ աղբյուրները՝ նվազեցնելով կախվածությունն ադրբեջանական գազից: Այս ամենը թույլ են տալիս ճկուն և նախաձեռնող լինել Վրաստանի իշխանությունների հետ տարածաշրջանային ավելի լայն տնտեսական, քաղաքական ինտեգրման գնալու հարցում՝ չնայած արտաքին հակառակ կողմնորոշումներ ունենալուն: Դա բխում է և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի կենսական շահերից:

Գևորգ Դարբինյան