Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ օղակը գնալով ավելի է սեղմվում. նրա ընտանիքի անդամներն ու ամենամերձավոր անձինք հերթով հայտնվում են իրավապահների «թիրախում»: Երեկ ԱԱԾ-ն մի քանի ժամ շարունակ հատուկ գործողություններ է իրականացրել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տանը: Ավելի ուշ Ալեքսանդր Սարգսյանն ու նրա որդին՝ Հայկ Սարգսյանը, տարվել են ԱԱԾ: Միաժամանակ ԱԱԾ աշխատակիցները նրանց տանից հանել եւ իրենց հետ տարել են փաթեթավորված իրեր, խոսվում է նաեւ նրանց տանը զենք հայտնաբերելու մասին: Թե կոնկրետ ի՞նչ գործի շրջանակներում է արվել այս ամենը, հայտնի չէ. ԱԱԾ-ից որեւէ պարզաբանում չեն տվել, բայց խոստացել են մանրամասներ հայտնել, նաեւ տեսանյութ հրապարակել:
Ա. Սարգսյանի մյուս որդուն՝ Նարեկ Սարգսյանին առնչվող դեռ 2007թ. տեղի ունեցած մի դեպքով քրեական գործի վարույթը վերսկսվել է: Բայց ասում են՝ Ն.Սարգսյանը լքել է ՀՀ-ն: Հիշեցնենք, որ հունիսի 25-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցները Ալեքսանդր Սարգսյանին Երեւանի Սայաթ-Նովա փողոցից բերման էին ենթարկել՝ ապօրինի զենք-զինամթերք պահպանելու կասկածանքով, բայց ավելի ուշ ազատ էին արձակել:
Դրանից հետո իրավապահները նաեւ մեղադրանք են առաջադրել Սերժ Սարգսյանի մյուս եղբորը՝ Լեւոն Սարգսյանին, նրա զավակներին՝ Նարեկ եւ Անի Սարգսյաններին, ապօրինի հարստացման համար. նրանք ստորագրությամբ ազատ են արձակվել: Միաժամանակ երեկ հայտնի դարձավ, որ մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանի հետ քավորսանիկական հարաբերությունների մեջ գտնվող գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին, բռնության գործադրմամբ ինքնիրավչության համար:
Նա եւս ստորագրությամբ ազատ է արձակվել: Սարգսյանի թիկնազորի ղեկավար Վաչիկ Ղազարյանն էլ ապօրինի հարստացման մեղադրանքով կալանավորված է: Կարճ ասած` Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատը հայտնվել է իրավապահների թիրախում: Եւ ահա այս ամենի ֆոնին ուշագրավ է Սերժ Սարգսյանի լռությունը. նա որեւէ կերպ չի արձագանքում տեղի ունեցածին: «Ժողովուրդ օրաթերթը փորձել է Սարգսյանի տեսակետն իմանալ նաեւ նրա գրասենյակի միջոցով: Սակայն ապարդյուն. մեր հեռախոսազանգերն արդեն մի քանի օր է՝ մնում են անպատասխան»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում