կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-27 16:13
Քաղաքական

Իմ հարսը բավականին բարեհոգի աղջիկ է. Գալուստ Սահակյանը պաշտպանեց հարսին

Իմ հարսը բավականին բարեհոգի աղջիկ է. Գալուստ Սահակյանը պաշտպանեց հարսին

Գալուստ Սահակյանը պնդում է, որ իր հարսն աշխատանքային ժամին որևէ քարոզչություն չի կատարել: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով դիտարկմանը, թե նրա հարսը հօգուտ տղայի քարոզչությամբ է զբաղվում, ձայնագրություն կա, ԱԺ նախագահն ասաց. «Ձայնագրության մեջ ոչ մի բան էլ չկա: Զանգողը զանգել է գործի պահին, ոչ թե ինքն է զանգել, այլ իրեն են զանգել և խնդիրներ են առաջադրել: Ես չեմ ուզում շարունակել, առավել ևս` եթե որոշակի բանի տեղ դնող լինեի, տարածողին անպայման դատի կտայի»:

Դիտարկմանը, թե, փաստորեն, նա քվեարկողներին գրանցման վայրը հորդորում է փոխել և ամուսնու՝ Արման Սահակյանի ընտրատարածքում է գրանցում, Գալուստ Սահակյանը հակադարձեց. «Իմ հարսը ուզենա էլ, չի կարող բերել, ո՞ւմ բերի, որևէ տեղ գրանցի»:

Այնուհետև ԱԺ նախագահը նշեց, որ եթե այդպես էլ անի, նախևառաջ դա օրենքով թույլատրելի է: «Ընտրություն է, եթե մարդը որևէ մեկին ուզում է ընտրի, գալիս, գրանցվում է իր բարեկամի տանը, որը օրենքը թույլ է տալիս»,- ասաց նա՝ շեշտելով, թե որևէ մեկը դա չի պարտադրում:

«Իսկ եթե չի կարելի, այն պատգամավորները, որ խոսում են այդ մասին, պետք է օրենքը փոխեինք, որ չթողնեին, և վերջին հաշվով այսօր գրանցումը էն սովետական շրջանի գրանցումը չի, մարդը կարող է մի տեղ գրանցված լինի, հինգ տեղ էլ տուն ունենա, այնպես որ` ինքը ուզենա այնտեղ կապրի, այնտեղ կքվեարկի»,- ասաց Սահակյանը:

Հարցին՝ չե՞ք բացառում, որ Ձեր հարսն ագիտացիա է արել, նա պատասխանեց. «Նախ` իմ հարսը… որ շատ խոսում եք, ուզում եմ վիրավորվել, բայց նաև չեմ ուզում վիրավորվել: Իմ հարսը բավականին բարեհոգի աղջիկ է և շատ աշխատող և ճանաչված է ամբողջ շրջապատի համար, եթե մենք մտածենք, որ մարդիկ պետք է բերենք, գրանցել տանք, ոչ թե հարսի մասին պետք է ասեք, այլ Գալուստ Սահակյանի: Դրա համար էլ ասում եմ, որ նման տեղեկություններ տարածողները սովորական զազրախոսներ են: Դա ոչ թե իմ հարսին է վերաբերում, այլ վերաբերում է ինձ: Ուզում են մի բան գտնել, ասել, դրանով իսկ կարծել, որ Գալուստ Սահակյանին կարող են վիրավորել՝ չմտածելով, որ Գալուստ Սահակյանն այն մարդն է, որ ոչնչից չի կարող վիրավորվել, որովհետև ուրիշի ունեցվածքից երբեք ու երբեք չի օգտվել»: