կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-11 17:25
Քաղաքական

Գալուստ Սահակյանը «կրծքով» պաշտպանեց որդուն

Գալուստ Սահակյանը «կրծքով» պաշտպանեց որդուն

Այսօր ԱԺ նիստում, երբ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը հաշվետվություն էր ներկայացնում, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդես եկավ սուր քննադատությամբ` ասելով, որ ներկայիս իշխանությունները հանցագործ են, թալանում են ժողովրդին:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ պատասխանեց, թե պետական գույքի կառավարման ոլորտում ամենամեծ հանցագործությունները եղել են առաջին նախագահի օրոք:

 

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նույնպես, օգտվելով արձագանքելու` իր իրավունքից, քննադատեց Լևոն Զուրաբյանի ելույթը` ասելով, որ ընդդիմադիրները պետք է մնան կոռեկտության սահմաններում, այլ ոչ թե ԱԺ ամբիոնը վերածեն դատական ամբիոնի ու մեղադրանք հնչեցնեն:

 

Ելույթով հանդես եկավ նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով առանձին սուր ելույթ հնչեցրեց Լևոն Զուրաբյանի և որոշ ընդդիմադիրների հասցեին` ըստ էության, պաշտպանելով իր որդուն այդ քննադատություններից: ԱԺ նախագահը նշեց, որ ցանկացած հարց կառավարությունը և ԱԺ-ն կարող է քննարկման դնել, բայց ելույթները չպետք է անցնեն բարեկրթության սահմանը, չի կարելի հասարակության առաջ կանգնել ու «սուտն ու կեղծիքը մատուցել հերոսաբար»:

 

«Բոլորն են հիշում են այն տարիները, երբ մի քանի հազար վաուչերներով վաճառվեցին հզոր տնտեսական կառույցները: Չեմ մեղադրում որևէ մեկին, ժամանակներն այդպիսին էին, գուցե այդպես պետք է լիներ, բայց այսօր ժամանակները օրենքի շրջանակում են, և բոլոր փաստաթղթերը համապատասխան կայքերում կարելի է տեսնել, լսել, համեմատել: Էստեղ կանգնում, ապակողմնորոշում են ոչ թե ԱԺ-ին, որի մոտ դա ժպիտ է առաջացնում, այլ հասարակությանը: Ընդդիմադիր` չի նշանակում զրպարտել, հերյուրել, բերել փաստեր, որ իրար հետ կապ չունեն հերոսանալ ու նստել, չի լինելու նման բան: Հանուն բարեկրթության` ես այդ ելույթը կընդհատեի, այստեղ խամաճիկների տեղ չի, որ ով ինչ ուզենա` խոսի: ԱԺ-ում պետք է ամեն ինչ լուրջ հիմքերի վրա դրվի: Որևէ ընդդիմադիր այնպես չի ներկայացնում իր տեսակետը, ինչպես Արծվիկ Մինասյանը, որի նպատակը ոչ թե զրպարտելն է, այլ հարցերը խորքային ներկայացնելը: Մյուս անգամ ձեր ուսերի վրա նման բեռ չվերցնենք, որովհետև ձեր ուսերը կոփված չեն նման բեռի համար»,- ելույթն ավարտեց ԱԺ նախագահը:

 

Լևոն Զուրաբյանն իր պարտքը համարեց արձագանքել` ասելով, որ այն տարիներին, որոնց մասին հիշատակում է Գալուստ Սահակյանը, նա եղել է իշխող կոալիցիայի կարկառուն դեմքերից մեկը: «Խորհուրդ կտամ իրեն, երբ քննադատում է, մտածի, որ դա խփում է իր անվանը, այնպես որ` իր ելույթը կընդունեմ որպես ինքնաքննադատություն»,- ասաց նա: