կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-24 12:50
Քաղաքական

Տարոն Մարգարյանը չի շտապում «պատժել» Գալուստ Սահակյանի հարսին

Տարոն Մարգարյանը չի շտապում «պատժել» Գալուստ Սահակյանի հարսին

Օրերս մամուլը գրել էր, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընտրություններից առաջ պետբյուջեի հաշվին գումարներ է հատկացնում մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների բնակիչներին: Այսօր մի քանի լրագրողներ քաղաքապետից հետաքրքրվեցին` արդյո՞ք ընտրություններից առաջ նման հատկացումները չեն դիտվի որպես քաղաքացիներին ուղղորդում:

«Համայնքային բյուջեում սոցիալապես անապահովների համար նախատեսված են գումարներ, և ըստ վարչական շրջանների քաղաքացիների դիմումների՝ ուսումնասիրում ենք և տրամադրում: Դա ոչ այսօր է եղել, ոչ` երեկ, դա միշտ էլ եղել է: Տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց աշխատանքն են շարունակում, պետք չէ այդ աշխատանքն ընտրությունների հետ կապել»,-պատասխանեց նա:

Քաղաքապետն անդրադարձավ նաև թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանի վերաբերյալ` մեծ աղմուկ բարձրացրած ձայնագրությանն ու այն տեղեկությանը, որ նա հրահանգում է իր ենթակայությամբ աշխատող մարդկանց, որ մարզերում ապրող իրենց հարազատներին վերագրանցեն թիվ 2 ընտրատարածքում:

Yerkir.am-ի հարցին` արդյ՞ոք քաղաքապետարանը «պատժելու» է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզի տնօրենին, Մարգարյանը պատասխանեց. «Պետք է հասկանանք՝ արդյո՞ք աշխատանքի ժամին է դա տեղի ունեցել, թե՞ աշխատանքից հետո: Երբ որ հասկանանք` աշխատանքի ժամին, թե` աշխատանքից հետո, այդ ժամանակ նոր քայլեր կձեռնարկենք»:

Մեր ճշտող հարցին՝ այսինքն` մինչ օրս չե՞ք ուսումնասիրել, քաղաքապետը պատասխանեց. «Այո, դեռ չենք պարզել»:

Նշենք, որ Սեդա Հակոբյանը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կինն է: Իսկ Արման Սահակյանը, ով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին է, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու է առաջադրվել թիվ 2 ընտրատարածքում: