կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-04 21:54
Հասարակություն

Իրականությանը պետք է բաց աչքերով նայենք․Արագածոտնի մարզպետ

Իրականությանը պետք է բաց աչքերով նայենք․Արագածոտնի մարզպետ

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը այցելել է Ապարանի տարածաշրջան եւ համայնքների ղեկավարների հետ խորհրդակցություն անցկացրել Ապարանի քաղաքապետարանում:

Մարզպետը ողջունեց համայնքապետերին եւ ասաց, որ այցի նպատակը նրանց հետ ծանոթանալն է, նրանց խնդիրները լսելը եւ համատեղ դրանց լուծման հնարավորությունները քննարկելը: 

«Այսօր կուտակված խնդիրները ավելին են, քան կառավարության՝ դրանց լուծման հնարավորությունները: Ուստի յուրաքանչյուր համայնք, յուրաքանչյուր բնակիչ պարտավոր է իր վրա որոշակի բեռ վերցնել»,-ասաց մարզպետը: Նա օրինակելի եւ ողջունելի համարեց այն հանգամանքը, որ Ապարան քաղաքն ունի համայնքի զարգացման իր հիմնադրամը, որն իր շուրջն է հավաքում հայրենակիցներին, եւ ի նպաստ քաղաքի օգտագործում տեղի ու դրսի համերկրացիների ուժերը:

Այնուհետեւ համայնքների ղեկավարները մարզպետին ներկայացրին իրենց համայնքներում իրականացված ծրագրերը, ինչպես նաեւ առկա խնդիրները:
Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը բոլոր համայնքների ղեկավարների անունից շնորհավորեց Աշոտ Սիմոնյանին՝ պաշտոնավարման կապակցությամբ եւ վստահեցրեց, որ համատեղ աշխատանքը արդյունավետ եւ շահեկան կլինի թե՛ համայնքների, և թե՛ մարզի համար: Քաղաքապետը ամենայն մանրամասնորեն ներկայացրեց ամենատարբեր ոլորտներում առ այսօր իրականացված ծրագրերը, որոնց արդյունքում լուծված են կարեւորագույն խնդիրներից շատերը:

Ելույթ ունեցող համայնքապետերը եւս ներկայացրին իրենց մոտ իրականացված բազմաթիվ աշխատանքները: Այդուհանդերձ, մեծ մասում առկա են միանման խնդիրներ: Դրանք հիմնականում վերաբերում են խմելու եւ ոռոգման ջրամատակարարմանը, ճանապարհների վերանորոգմանը, դպրոցների կամ մշակույթի տների վերանորոգմանը, հանդիսությունների սրահների կառուցմանը, տարերային աղետների պատճառած վնասների փոխհատուցմանը, աղբահանության կազմակերպմանը եւ այլն: 

Լսելով համայնքների ղեկավարների կողմից բարձրացված հարցադրումները, մարզպետը պարզաբանումներ տվեց դրանց կապակցությամբ: Նա կարեւորեց սեփական եկամուտների հավաքագրումը այն առումով, որ առաջիկայում դրանք առավելապես ուղղվելու են համայնքների ռազմավարական զարգացման ծրագրերի իրականացմանը:
-Մենք իրականությանը պետք է բաց աչքերով նայենք, -ասաց Աշոտ Սիմոնյանը:- Համայնքի հանդեպ մենք պետք է սեփականի, մերի հոգեբանություն ունենանք եւ անմիջական մասնակիցը լինենք համայնքի զարգացմանը: