կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-07 12:48
Մշակույթ

Երբ հուսահատվում ենք, պետք է նայենք Արցախի կողմ. Արտեմ Հարությունյան

Երբ հուսահատվում ենք, պետք է նայենք Արցախի կողմ. Արտեմ Հարությունյան

Գրող, գրականգետ Արտեմ Հարությունյանի համար 2013-ը հաջող տարի էր, քանի որ տարվա ընթացքում նա հասցրել է երկու պոեմ գրել:

 

Yerkir.am-ի հետ զրույցում գրականագետը նշեց, որ պոեմներից մեկը նվիրված է Արամ Մանուկյանին եւ կոչվում է «Հայոց հողի ծածկագիր տեսլիքներ», իսկ մյուսի վերնագիրն է «Ստալինի շինելը»:

 

«Գորշ շինել, որը հանցանքներով է ծածկված. պոեմում հայտնվում են տարբեր կերպարներ, նաեւ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը սկսում է շինել «թռցնել» Հրազդանի կամրջի վրա: Իսկ Արամ Մանուկյանին նվիրված գրքում ներկայացնում եմ ոչ միայն Մանուկյանին, այլեւ նրանց, որոնք մուսուլմանական վիխթարի ուժերից պահպանում են Ղարաբաղը»,-ասաց Հարությունյանը:

 

Նրա կարծիքով, ժողովրդի համար 2013-ը տնտեսական ծանր տարի էր, քանի որ 3 միլիոնանոց ժողովուրդը 70 000 զինվոր է պահում.«Պետք է պետական մակարդակով ամեն ինչ արվի, որ գոնե թեթեւացվի այս վիճակը՝ գազի, հոսանքի վարձն էժանանա, քանի որ շատ ծանր է ժողովրդի համար այս ամենը»:

 

Հարությունյանը, այնուամենայնիվ, լավատեսորեն է տրամադրված եւ հավաստիացնում է՝ եթե կաս, պետք է ամեն ինչ անես, որ լավ լինի, պետք է պայքարես լավ վիճակի հասնելու համար:

 

Անցած տարվա գլխավոր ձեռքբերումը գրականագետի համար իր ֆանտազիաներն ու երեւակայությունն էին, որոնք նորանոր գործերի սկիզբ դարձան.«Մենք, երբ հուսահատվում ենք, պետք է նայենք Արցախի կողմ. Արցախը մեր մեծ նվաճումն է, այն հրաշքների դասին է պատկանում»: