կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-11 17:38
Հասարակություն

«Զինծառայողը հենց զորամասում պետք է կարողանա շարունակել ուսումը». Վիգեն Սարգսյանը Տավուշի մարզում էր

«Զինծառայողը հենց զորամասում պետք է կարողանա շարունակել ուսումը». Վիգեն Սարգսյանը Տավուշի մարզում էր

Փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Տավուշի մարզում:

Դիլիջանում ՀՀ պաշտպանության նախարարն անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետերն ըստ ուղղությունների ներկայացրել են ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը ՀՀ ԿԱ ՊԵԿ նախկին ուսումնական կենտրոն տեղափոխման և ռազմակրթական կառույցի վերափոխման հետ կապված խնդիրներն ու առաջարկները: Սեպտեմբերի 1-ից ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը կունենա շենքային նոր ժամանակակից պայմաններ, ուսումնական լավագույն բազա, ռազմակրթական ու մշակութային հագեցած ծրագրեր: Խորհրդակցության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է, որ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը պետք է դառնա հանրապետության առաջատար ավագ դպրոցը՝ գրավիչ պայմաններ ու անվճար կրթություն ապահովելով այն երիտասարդների համար, ովքեր ընտրում են ռազմական կրթությունը: Վիգեն Սարգսյանը հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը մոնթեականների համար կրթական բարենպաստ միջավայր ստեղծելու վերաբերյալ:

Դիլիջանի «Թումո» կենտրոնում Վիգեն Սարգսյանը մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարության և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի համատեղ նախաձեռնության մեկնարկին: Պաշտպանական գերատեսչության և կրթական հիմնադրամի միջև կնքված հուշագրով նախատեսված համագործակցության շրջանակում հիմնադրամի ծրագիր հանդիսացող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հատուկ ծրագրով պարտադիր ժամկետային զինծառայողներին ուսուցանելու է 21-րդ դարի հմտություններ: «Թումո» կենտրոնների մերձակա զորամասերի զինծառայողները հմտություններ ձեռք կբերեն համակարգչային ծրագրավորման, ռոբոտաշինության և համակարգչային գրաֆիկայի, թվային երաժշտության ստեղծման ուղղությամբ: «Ծրագրի գլխավոր նպատակն այն է, որ ժամկետային զինծառայողներին կարողանանք տալ համակարգչային գիտելիքներ, նաև ստեղծենք պայմաններ, որպեսզի զինծառայողը հենց զորամասում կարողանա շարունակել ուսումը»,- նշել է ՀՀ պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ դասընթացներն ավարտելուց հետո ժամկետային զինծառայողները կստանան նվազագույն մակարդակի համակարգչային ծրագրավորման գիտելիքներ

Դիլիջանի համայնքապետարանում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ղեկավարներին: Հանդիպման առանցքում սահմանամերձ համայնքների խնդիրների քննարկումն էր: Հաշվի առնելով սահմանամերձ գյուղական համայնքներում պաշտպանական ոլորտին առնչություն ունեցող խնդիրների կարևորությունը և դրանց համակարգային լուծման անհրաժեշտությունը` Վիգեն Սարգսյանն առաջարկել է ձևավորել մշտական գործող միջգերատեսչական հանձնաժողով` պաշտպանության նախարարի գլխավորությամբ, և հանձնաժողովին կից սահմանամերձ համայնքների ղեկավարների խորհուրդ:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը աշխատանքային այցի շրջանակում եղել է Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկում` 2016թ. ուսումնական տարվա մարտական հերթապահության արդյունքներով լավագույնը ճանաչված զորամասում: Վիգեն Սարգսյանը զորամասի հրամանատարությանն է հանձնել լավագույն զորամասի պատվոդրոշը, խրախուսել է բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած սպաներին ու ժամկետային զինծառայողներին:

ՀՀ պաշտպանության նախարարը շրջել է զորամասում, ծանոթացել զորանոցային, սոցիալ-կենցաղային պայմաններին, հետաքրքրվել զինծառայողների առօրյայով:

Տավուշի մարզ կատարած այցելության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եղել է նաև Բերդավան և Դովեղ համայնքներում, սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ քննարկել նրանց հուզող խնդիրները: Հանդիպումների ընթացքում պաշտպանության նախարարն ընդգծել է, որ սահմանամերձ համայքները բացառիկ նշանակություն ունեն մեր պետության և զինված ուժերի հետագա առաջընթացի համար, ուստի համայնքների բնակիչներին հուզող խնդիրներն էլ պաշտպանական ու անվտանգության տեսանկյունից եղել և շարունակելու են մնալ հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում:

ՀՀ ՊՆ