Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Նախընտրական դաշինքների ձևավորման նախկին ոգևորված ու տարերային գործընթացն իր տեղը սկսել է զիջել նույնքան ինտենսիվ «դաշինքալքությանը»: Այս միտումները, բացի «Ելք»-ից, դրսևորվում են մյուս` հին ու նոր դաշինքներում:
Այսպես կոչված` «Օհանյան-Օսկանյան-Դալլաքյան-Հայրիկան-...» դաշինքում առկա խնդիրների մասին բարձրաձայնեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Նա հաստատեց, որ տարաձայնությունները վերաբերում են դաշինքի նախընտրական ցուցակի անցողիկ մասի ձևավորմանը: Այսօր այդ դաշինքը լքելու մասին հայտարարել է ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը՝ կրկին հղում կատարելով ցուցակի ձևավորման հարցում առկա խմորումներին: Այս ֆոնին դաշինքի ողջ լինելու միակ վկայությունը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անձնական ակտիվությունն է: Նա, հավանաբար, իր համար ապահովագրած լինելով դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համարը, ակտիվորեն լծվել է սոցցանցերով, այսպես կոչված, ծրագրային տեսաթռուցիկների տարածմանը: Նման կերպ Օհանյանը, թերևս, փորձում է ավելի ամրապնդել դաշինքի ոչ ֆորմալ լիդերի` իր կարգավիճակը և ցույց տալ, որ, առաջնորդ լինելուց բացի, նաև դաշինքի գաղափարա-ծրագրային «գեներատորն» է: Բայց այն, որ արտաքին այս ծխածածկույթի տակ սկսվել է փախուստի պրոցես, իսկ դաշինքը ոչ իր կառուցվածքն ու հիերարխիան է ներկայացնում, ոչ էլ ուղղվածությունն ու գաղափարական առանցքը, պարզ է դարձնում, որ Օհանյանի հեղինակությունն այստեղ, մեղմ ասած, միանշանակ չէ: Եվ դա հասկանալի է` դաշինքը կազմված է ոչ թե քաղաքական ուժերից, այլ բացառապես անհատներից և նրանց կից խմբակներից, որոնք կարգավիճակով միմյանց չեն զիջում կամ համարում են, որ չեն զիջում:
Լիդերի խնդիր, առաջին հայացքից, չկա «Հայկական վերածնունդ» կուսակցությունում, որն իրականում իրենից այլ բան չէր ներկայացնում, քան զրոյական արժեքով մանրագույն կուսակցություններից կազմված խառնամբոխ: Բայց դա՝ միայն առաջին հայացքից: Նախկին ՕԵԿ-ականներին թվում էր, թե անձի այն պաշտամունքը, որը ձևավորել էին կուսակցության անփոփոխ ղեկավար Արթուր Բադասարյանի շուրջ, նրան դարձնում է անվերապահ լիդեր նաև արհեստականորեն ստեղծված ՀՎԿ-ում, և որ այդ գործոնը մի կողմից կսպանի ներքին մանր ամբիցիաները, մյուս կողմից` ներկուսակցական հստակ հիերարխիայի ձևավորման կբերի: Բայց ՀՎԿ-ն սկսեց փլուզվել: Վերջին լուրջ հարված հասցրեց դրա երիտասարդական կառույցի ղեկավար Դավիթ Հարությունյանը: Խոսքը բացարձակապես ՀՎԿ շարքային ներկայացուցչի չի վերաբերում. Հարությունյանը Արթուր Բաղդասարյանի կուռքը կերտող առաջամարտիկներից էր, և նրա հեռանալը շատ հստակ ցույց է տալիս, թե որքան խորն են այստեղ տարաձայնությունները, և թե ինչ արագությամբ է սկսել փլուզվել այդ կուռքի անվերապահ լիդերության առասպելը: Թեև պատճառների մասին առայժմ չեն բարձրաձայնում, սակայն որևէ կասկած չկա, որ առանցքում կրկին նախընտրական ցուցակների ձևավորման հարցում առաջացած քաոսն է: Մարդիկ պարզապես սկսել են առերեսվել այն դառը իրականությանը, որ մեծագույն ցանկության դեպքում անգամ Բաղդասարյանը չի կարող կատարել ՀՎԿ ներքաշելու համար բոլոր «լիդերիկներին» առանձին-առանձին տված՝ ցուցակի անցողիկ մասում տեղեր տալու խոստումը:
Նման խայտառակ իրավիճակ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքում, կարծես, չկա: Սակայն անգամ, երբ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ դաշինքի ձևավորման շուրջ վերջնական համաձայնություններ են ձեռք բերվել, չեն դադարում պնդումները, թե ՀԺԿ-ն կարող է միանալ նաև «Ծառուկյան-դաշինքին»: Այստեղ, կարծես, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը, հանուն ՀԱԿ-ի փրկության և ՀԺԿ համեստ ռեսուրսներից օգտվելու հնարավորության, ցուցակի ձևավորման հարցում համաձայնել է բավարարել ՀԺԿ-ի պահանջները: Բայց հարց է՝ այս ուժն ընտրություններին կմասնակցի որպես դաշի՞նք, թե՞ կուսակցության ցուցակով: Սա էական է` որպես դաշինք հանդես գալու համար ավելի ներկայանալի և համոզիչ կազմ առաջադրելու խնդիր է ի հայտ գալիս, քանի որ քվեարկության արդյունքում ոչ թե 5, այլ 7 տոկոս անցումային շեմ պետք է հաղթահարեն: Մինչդեռ` բացի Ստեփան Դեմիրճյանից, վաղուց արդեն ՀԺԿ բոլոր անդամներին մոռացել են:
Դառը իրականությունը սկսել է բացել նաև Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հետ մեծագույն հույսեր փայփայող օտար ուժերի աչքերը: Ծառուկյանը եկավ լայն քաղաքական դաշինքով ընտրություններին մասնակցելու լոզունգով, և շատ արագ նրա գահի առջև սկսեցին «ծնկի գալ» հնարավոր ու անհնար բոլոր լուսանցքայինները: Այսօր կայացավ ԲՀԿ համագումարը: Ծառուկյանը կրկին ստանձնեց իր ստեղծած կուսակցության նախագահի դերը: Սա նշանակում է, որ ԲՀԿ-ն ոչ թե «Ծառուկյան դաշինքի» շարքայիններից է լինելու, այլ` կորիզը, ու առաջնահերթորեն, թերևս նաև` արդարացիորեն հենց ԲՀԿ-ի ռեսուրսի վրա է կառուցվելու դրա նախընտրական ցուցակը: Տեսականորեն նույնիսկ չի բացառվում, որ Ծառուկյանը հայտարարի բացառապես ԲՀԿ-ի և անցած երկու տարիներին ԲՀԿ-ից պոկված ոչ փոքր շրջանակի հետ ընտրություններին գնալու մասին: Դա ավելի մոբիլ կդարձնի նրա թիմը և թույլ կտա ավելի քիչ խնդիրներ ունենալ ցուցակային հարցերը լուծելիս, հետագայում նաև խորհրդարանական գործունեությունը կազմակերպելիս: Սա նշանակում է, որ Ծառուկյանի շուքի տակ սեփական գոյությունը պաշտպանելու, նրա ֆինանսական և հանրային աջակցության ռեսուրսից օգտվելու երազանքներով տարված շատ շրջանակներ ու անհատներ խաղից դուրս են մնալու:
Որ Ծառուկյանն այս առումով փոխում է խաղի կանոնները, պարզ դարձավ նրա մամլո խոսնակի` երկու օր առաջ արած այն հայտարարությունից, որ Ծառուկյանը ձեռնպահ է մնում ՀՌԱԿ-ի հետ դաշինքային հարաբերությունների մեջ մտնելուց: Սա լուրջ ահազանգ է, որ ազդակները, կարծես, տեղ են հասնում: Եվ առաջիկայում, ընտրություններին մասնակցելու համար գրանցվելու վերջնաժամկետին մոտենալուն զուգընթաց, դեռ կլինեն «Ծառուկյան դաշինք»-ին մաս կազմելու մտքից հրաժարվելու մասին բարձրագոչ հայտարարություններ:
Ինչևէ, քաղաքական տրամաբանությունը կարծես սկսում է աշխատել: Քաղաքական դաշտի տարերային բյուրեղացման գործընթացը սկսում է ապրել իր երկրորդ՝ զտման շրջափուլը: Բայց այս գործընթացի հետևանքների մասին կխոսենք առանձին:
Գևորգ Դարբինյան