կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-08 14:28
Քաղաքական

Չափի մեջ եղեք, սուտասա´ն. նախկին վարչապետերը վիրավորեցին միմյանց

Չափի մեջ եղեք, սուտասա´ն. նախկին վարչապետերը վիրավորեցին միմյանց

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի, ինչպես նաև կից ներկայացված օրենքների փաթեթի քվեարկությունից առաջ վարման կարգով խոսեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

«Այս օրենքն աստիճանաբար ավելացնում է ԿԲ-ի իրավունքները: Մենք էրոզիայի ենք ենթարկում գործադիր մարմնի իշխանությունը, ոչնչացնում ենք կառավարությունը: Աստիճանաբար ավելացնում ենք բոլոր ոլորտներում Կենտրոնական բանկի իրավասությունները: Ձևավորվել է մեկ այլ կառավարություն, որ մեծ է կառավարությունից»,- ասաց նա:

Կառավարության կողմից ներկայացված «Բնակարանային հիպոթեքային կրեդիտավորման մասին» և կից օրենքների փաթեթն առաջին ընթերցմամբ քվեարկության դնելուց առաջ ևս Հրանտ Բագրատյանը ձայնի իրավունք խնդրեց ու հայտարարեց, որ սա «նույն կինոյի շարունակությունն է»:

«Օրենքն այն մասին է, որ անկախ ռեգուլյատորը քիթը խոթում է անկախ շինարարության մեջ, որն իր գործը չէ, կառավարության գործն է: Հարգելի՛ պարոն Շարմազանով, 13-րդ հոդվածը վերաբերում է տույժ ու տուգանքին: Վարչապետերից մեկը երեկ ձեզ լրիվ թյուրիմացության մեջ գցեց, դրա համար էլ լույսներն անջատվեցին, նույնիսկ լույսերը չդիմացան: Օրենքն այն մասին է, որ մեկին գցում են քացու տակ, մոտենում ենք, ասում ենք՝ ինչո՞ւ եք անում, ասում եք՝ գոնե լավ ա, չենք թողնում՝ գլխին չեն խփել»:

Բագրատյանը նկատի ուներ նախկին վարչապետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին, ով երեկ հակադարձել էր իր ելույթին:

Հարությունյանը ևս վարման կարգով խոսեց. «Օրենքը ոչ թե ԿԲ-ին, այլ առևտրային բանկի և վարկառուի համար սահմանում է բոլոր հնարավոր փոխհարաբերությունները կարգավորող նորմեր, այդ թվում` հնարավորություն տալով վարկառուին` օրենքով սահմանված կարգով վաղաժամկետ մարել իր պարտավորությունները»:

Բագրատյանը արձագանքեց, թե Խոսրով Հարությունյանը սուտ է ասում:

Խոսրով Հարությունյանը հակադարձեց. «Մի՛ խեղաթյուրեք, լսեք, չափի մեջ գտնվեք, դուք, սուտասա'ն»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կոռեկտության կոչ արեց. «Պարո՛ն Բագրատյան, մի քիչ չափավոր, հանգիստ, այդպես չի կարելի»: