Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ մարտի 26-ին, հանդիպելու են Հայաստանի ներկայիս և նախկին վարչապետները:
ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը մասնակցելու է հանդիպմանը: «Քանի որ հանդիպումն առաջին անգամ է տեղի ունենում, ուստի չեմ կարող ասել, թե օրակարգում ինչ հարցեր են ընդգրկված լինելու: Սակայն ես դեռ ամիսներ առաջ եմ հայտարարել, որ ամբողջ աշխարհում ընդունված են նմանօրինակ հանդիպումները, և ես կողմ եմ նման բաներին ու մասնակցելու եմ այդ հանդիպմանը»,- ասաց նա:
ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը ևս գնալու է վարչապետների ակումբի առաջին հավաքին: «Մոտ երկու օր առաջ եմ հրավեր ստացել և մասնակցելու եմ այդ հավաքին: Ես ենթադրում եմ, որ առաջին հանդիպումն ավելի շատ ճանաչողական բնույթ է կրելու, մտքերի փոխանակություն է լինելու, կհասկանանք, թե ընդհանրապես ինչպե՞ս ենք պատկերացնում այս ակումբը, ի՞նչ դեր ու տեղ է ունենալու այն մեր կյանքում»,- ասաց նա՝ հավելելով. «Ես կարծում եմ՝ այս ակումբը կարող է դառնալ քաղաքական ոչ ֆորմալ շփումների բավական լուրջ սկիզբ: Այս ակումբի հավաքներում կարող ենք քննարկել ամենատարբեր հարցեր, մինչև անգամ` Հայաստանի հետ կապ չունեցող: Այս դեպքում նույնիսկ չի կարելի կիրառել քննարկում տերմինը, որովհետև քննարկում` նշանակում է պարտադիր ինչ-որ հետևանք, արդյունք»:
Խոսրով Հարությունյանի բնորոշմամբ՝ ընդհանուր առմամբ, սա պարտավորված հանդիպումների ինստիտուտ չէ: «Օրինակ` հնարավոր է, որ զբաղվածության պատճառով ես մի քանի հավաքի չմասնակցեմ, բայց մնացածներին մասնակցեմ: Կարող եմ տասը հանդիպման չգնալ, բայց մեկին գնալ: Պատկերացրեք` ձեր տանը մարդիկ են հավաքվում ամեն երեկո՝ սուրճի սեղանի շուրջ, ո՞նց եք դուք անում, ամենատարբեր հարցերի շուրջ զրույց եք, չէ՞, անում, նույն բանն էլ սա է: Ավելին պետք չէ սպասել»,- նշեց նախկին վարչապետը:
Մեր այն դիտարկմանը՝ եթե անարդյունք հանդիպումներ են լինելու, այդ դեպքում ի՞նչ նպատակով են դրանք կազմակերպվելու, Հարությունյանը պատասխանեց. «Իմաստն այն է, որ այս ամենի մեջ կառավարությունը և գործող վարչապետը դրական բան կվերցնեն: Որքանով դա դրական կլինի և որքանով օգտակար, ժամանակը ցույց կտա»: