կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-28 17:03
Քաղաքական

«Սնայպերներով» ուզում ենք նստել բոլոր անկյուններում, որտեղից բարձր աշխատավարձով դուրս եկող լինի, խփենք-գցենք. Փաշինյան

«Սնայպերներով» ուզում ենք նստել բոլոր անկյուններում, որտեղից բարձր աշխատավարձով դուրս եկող լինի, խփենք-գցենք. Փաշինյան

Առանց հարկային նոր օրենսգրքի դժվար կլինի տնտեսական հեղափոխություն իրականացնել, այդ կապակցությամբ ի՞նչ դիտարկումներ ունի կառավարությունը. ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարողականի զեկույցի ժամանակ վարչապետին հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթը գործադիրն ուղարկել է ԱԺ: Հայտնեց նաև, որ Հարկային օրենսգիրքը մեկ քայլով փոփոխելը ճիշտ չէ, պետք է գնալ հետևողական բարեփոխումների ճանապարհով:

«Բայց այն փաթեթը, որը ներկայացրել ենք, որպես հիմնական և նպատակային թիրախ վերցրել ենք հարկային համակարգի և օրենսդրության պարզեցումը: Հաճախ նկատում եմ, որ Հարկային օրենսգրքի և տնտեսագիտական մտքի դիսոնանս կա: Առանց դրա նպատակների և փիլիսոփայության շատ դժվար է կողմնորոշվել, թե ինչպես պետք է փոխել հարկային օրենսդրությունը: Տնտեսագետներին բերենք, նստեցնենք այս դահլիճում, և 100 տնտեսագետ կտա 150 տարբերակ, թե ինչպես պետք է փոփոխություն անել»,- ասաց վարչապետը` նշելով, թե «հանրային կերպարում նոր թշնամի է ի հայտ եկել՝ բարձր աշխատավարձ ստացողները»:

«Մենք ուզում ենք «սնայպերներով» բոլոր անկյուններում նստել, որտեղից բարձր աշխատավարձով դուրս եկող լինի, խփենք-գցենք: Ոչ, դա չի համապատասխանում մեր քաղաքականության գծի տրամաբանությանը: Բարձր աշխատավարձ ստացողը մեր պատկերացրած քաղաքացին է, և մենք պետք է ամեն ինչ անենք` բարձր աշխատավարձը խրախուսելու համար»,- շեշտեց վարչապետը: