կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-04 12:30
Քաղաքական

Մենք ընտրել ենք քաղաքակիրթ պայքարը. Ռոմիկ Մանուկյան

Մենք ընտրել ենք քաղաքակիրթ պայքարը. Ռոմիկ Մանուկյան

ԱԺ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Շիրակի մարզում ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իր թեկնածությունն առաջադրելու նախաձեռնությունը կուսակցության կողմից է եղել, ինքն էլ համաձայնել է, քանի որ կարծում է, որ կարող է իր թեկնածությամբ կուսակցության համար ձայներ բերել:

«Կուսակցությանը ձայն բերելու հնարավորություն կա: Ինչո՞ւ ոչ, պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները, առավել ևս, որ ռեյտինգային պայքարը ոչ թե կուսակցական, այլ ավելի շատ անձնավորված պայքար է: Ունենք հնարավորություններ և պետք է անենք ամեն բան, որպեսզի կուսակցության ձայներն ավելի շատ լինեն»,- ընդգծեց Մանուկյանը:

Նրա խոսքով` իրենց` Շիրակի մարզում թեժ պայքար է լինելու: «Բոլոր կուսակցություններն էլ իրենց բոլոր հնարավորություններով մասնակցելու հայտ են ներկայացրել: Արդեն իսկ մեծ թափով սկսվել են աշխատանքները, կան ձևավորված թիմեր, հայտնի են անհատների անուններ: Լինելու է լուրջ պայքար»,- ասաց նա ու հավելեց` թեկնածուների թվի պակաս չի լինելու` 150-ից ավելի թեկնածու կլինի ներկայացված: «Եթե 10 կուսակցություն մասնակցի, նման թիվ ենք ունենալու, և լինելու է նեղ անձնավորված պայքար»,- ասաց Մանուկյանը:

Ինչ վերաբերում է իրեն և իր շանսերին, նա նշեց,  որ իր օգտին կքվեարկեն բոլոր նրանք, ովքեր ճանաչում են իրեն: «Այսօր ինձ ձայն կտա այն ընտրողը, ով ճանաչում է, ով գիտի ինձ, իմ անցած ուղին, որպես Ռոմիկ Մանուկյան անձ»,- ասաց մեր զրուցակիցը:  

Մանուկյանը նշեց, որ 7 տարի աշխատել է պետական կառույցներում, եղել է Շիրակի մարզպետ, ուստի, իր կենսագրականը և անցած ճանապարհը հաշվի առնելով, մրցակից է շատ ու շատ թեկնածուների: Միևնույն ժամանակ, նա նշեց, որ եթե այլ թեկնածուները կարծում են, որ իրենց չճանաչողներն են ձայն տալու, իր պարագայում այլ է: «Չիմացողի հետ պետք է ծանոթանանք և ներկայացնենք մեր ծրագրերը, իսկ իմ մասով ասեմ` չիմացողներ ավելի քիչ կան: Շատ թեկնածուներ մտածում են, որ չիմացողներով ձայն կհավաքեն, ես հակառակն եմ մտածում` իմացողներն են ձայն տալու»,- շեշտեց նա:

Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե նա և իր կուսակցությունը ի՞նչ ծրագրով են  ընտրողին ներկայանալու և գրավելու: «Ծրագրերը դեռ պատրաստ չեն, աշխատանքներ են տարվում: Շիրակի մարզի մասով ասեմ` մեր մարզը սոցիալապես անապահով է, և մարզի հետ կապված` շատ օրենսդրական փոփոխությունների խնդիր կա: Գտնում եմ, որ ես ավելի օգտակար կլինեմ, ունենալով աշխատանքային փորձ, տիրապետելով մարզի խնդիրներին, ճիշտ կներկայացնեմ դրանք ԱԺ-ում օրենքներ մշակելիս»,- ասաց նա:

Հարցին` մարզում նկատվո՞ւմ են արդեն ընտրակաշառքի դեպքեր, Մանուկյանը պատասխանեց. «Ես կուզենայի, որ չլիներ նման գործընթաց, բայց, ցավոք, նորից նույն կուսակցություններն են, նույն իրավիճակն է, ցուցակագրումների գործընթացն  է, և ցավն այն է, որ մեր հասարակությունը սպասելիք ունի: Այսօր, կարծես, ընտրությունները  լրացուցիչ ֆինանսական հնարավորություն ձեռք բերելու, մի երկու կոպեկ վերցնելու տարբերակ են շատ ու շատ քաղաքացիների համար»:

Մանուկյանի խոսքով` դժվար է լինելու ընտրակաշառքների դեմ պայքարելը: «Հասարակությունը պետք է փոխվի, իրավիճակը պետք է փոխվի, այսօր «ընտրակաշառք» հասկացությունը, որպես այդպիսին, կարող է չլինել, բայց մարդիկ դրանով փորձում են կենցաղային խնդիրներ լուծել»,- ասաց նա, ապա հավելեց. «Դա գալիս է սոցիալապես ծանր վիճակից, ուստի պետք է վիճակ փոխվի, առաջընթաց լինի երկրում, սոցիալապես անապահով խավի տոկոսը պետք է ցածրանա, որպեսզի  ժողովուրդն արդեն քվեարկի ոչ թե մի երկու կոպեկի, այլ իր ապագայի համար»:

Մեր քաղաքական պրակտիկայում ընդունված է, որ քաղաքական գործիչները ընտրապայքարի մեջ մտնելիս ոչ թե գաղափարական ու ծրագրային պայքարն են ընտրում, այլ միմյանց պիտակավորելը, ուստի Մանուկյանից հետաքրքրվեցինք` Շիրակի մարզում նկատվո՞ւմ է նման բան: «Կա նման բան, արդեն նկատում եմ: Թեկնածուները, կուսակցությունները ոչ թե պետք է ցեխ շպրտեն միմյանց վրա, այլ պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը, որպեսզի ունենանք քաղաքակիրթ ընտրություններ: Ցեխ շպրտելը, բնական է, նկատվում է, բայց մեր թիմը, մեր կուսակցությունը հակված է այլ պայքարի` ներկայացնել մեր ծրագրերը, այլ ոչ թե ցեխ շպրտել այլոց վրա: Մենք ընտրել ենք քաղաքակիրթ պայքարը և չենք ներքաշվելու նման խաղերի մեջ»,- ընդգծեց նա: