կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-25 15:27
Իրավական

Չփորձե’ք ինձ բերման ենթարկել, թե չէ… վկայի սպառնալիքը` ուղղված դատարանին

Չփորձե’ք ինձ բերման ենթարկել, թե չէ… վկայի սպառնալիքը` ուղղված դատարանին

Թեև կառավարությունը փոխհատուցել է Երևանի Արամի փողոցի 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստներն ու նրանց բնակարաններ տրամադրել Երևանի Ծիծեռնակաբերդի ½ հասցեում կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքում, սակայն նախկին բնակարանների անօրինական գործարքներն իրականացնելու և խաբեության վերաբերյալ գործերից մեկը դեռևս քննվում է:

Հիշեցնենք, որ այս գործը «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ», «Նարեկգրադ» ընկերությունների տնօրեն Գագիկ Պապոյանի մասով ավարտվել է, և նա դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: Իսկ «Գապբնակշին» ընկերության փոխտնօրեն Սիմոն Աղազարյանի մասով գործը, որը նրա առողջական խնդիրների պատճառով առանձնացվել և կասեցվել էր, այս տարվա փետրվարի 13-ին վերսկսվեց:

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, շարունակվեց այդ գործի քննությունը: Այսօր դատարանը ծանուցել էր 18 վկաների և տուժողների, որոնցից միայն մեկն էր ներկայացել` վկա Մեխակ Ներսիսյանը, ով է , ինչպես պարզվեց, ամբաստանյալ Աղազարյանի գործի հետ որևէ առնչություն չունի: Նրա խնդիրը Պապոյանի հետ էր: Վկան հայտնեց, որ 2009 և 2010 թվականներին Կենտրոնում կառուցվող շենքում իր և դստեր համար գնել է երկու բնակարան, որոնց վերաբերյալ պայմանագրերը կնքել է շինարար Պապոյանի հետ, իսկ հետագայում պարզել է, որ տվյալ բնակարնները նախկինում և իր գնելուց հետո էլ վաճառվել են մի քանիսին: «Երբ հասկացանք` արդեն ուշ էր»,- ծիծաղով ասաց վկան:

Դատավորը հրապարակեց վկա Լիպարիտ Մանուկյանի` դատարանին ուղղված գրությունը, որում նաիր բարկությունն էր հայտնում իրեն դատակոչելու համար: «Չփորձե’ք ինձ բերման ենթարկել, հակառակ դեպքում` կդիմեմ օտարերկրյա կառույցներին: Կարծում եմ` հերթական սարդոստայնն եք հյուսում»,- ծավալուն գրության մեջ, մասնավորապես, ասել էր վկան: Այդ իսկ պատճառով դատարանը որոշեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը:

 

Դատարանն արդեն 3-րդ անգամ բերման ենթարկելու որոշում էր կայացրել գործով անցնող երկու տուժողների և մեկ վկայի վերաբերյալ, ովքեր, ըստ ոստիկանության, հանրապետությունում չեն, սակայն դատարանը որոնման համակարգի միջոցով պարզել էր, որ նշված անձինք վերադարձել են Հայաստան:

 Ի դեպ, տուժող Սուրեն Ազարյանի վերաբերյալ տեղեկություն ուներ նաև ամբաստանյալը. նա տեղից հայտնեց, որ Ազարյանը Չինաստանում բիզնես ունի:

Դատարանը փաստեց, որ սպառվել են հիշյալ վնակներին բերման ենթարկելու բոլոր հնարավոր միջոցները և, կողմերի համաձայնությամբ, որոշում ընդունեց հաջորդ դատական նիստին` մայիսի 13-ին,  հրապարակել նրանց նախաքննական ցուցմունքները:

 Նշենք, որ Աղազարյանը, ով նախկինում եղել է Նոր Նորքի քրեական հետախուզության բաժնի պետ, ներկայումս գտնվում է Վարդաշեն ՔԿՀ-ի հիվանդանոցում: Նրա հիվանդություններից երեքը՝ սրտի իշեմիկ հիվանդությունը, ծանր ընթացքով երկրորդ տիպի շաքարային դիաբետը և երրորդ դասի արյան շրջանառության ֆունկցիոնալ անբավարարությունը, դասվում են կառավարության որոշմամբ սահմանված պատժի կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքը: Եվ եթե հաստատվի նրա մեղքը, և նա ազատազրկման դատապարտվի, ամենայն հավանակնությամբ, նրա պատժի կրումը կհետաձգվի մինչ առողջանալը: