Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց բանակում ինքնասպանությունների խնդրի մասին: Հիշեցնենք, որ հունվարի 25-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շավարշ Հակոբի Գալստյանի դին՝ ծնոտի շրջանում հրազենային վնասվածքով:
Նշենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը): Նա ընտանիքի միակ զավակն էր, միակողմանի ծնողազուրկ: Դեպքը տեղի է ունեցել մարտական դիրքում:
Հարց հնչեց, թե արդյո՞ք խախտում չկա` այդ տղային զինակոչելու հետ կապված: Վիգեն Սարգսյանը նախ նշեց, որ, անկախ ամեն ինչից, ընտանեկան ու սոցիալական վիճակից, ցանկացած զինվորի մահ, դժբախտ պատահար, ինքնասպանության հասցնելու հանցագործություն, չափազանց մտահոգիչ ու ծանր երևույթ է ՊՆ-ի համար:
«Ընտանիքը վստահել է բանակին իր զավակին, և, անկախ պատճառներից, բանակը պետք է փորձի պատասխանատու լինել այդ զինվորի ծառայության պայմանների, հոգեկան վիճակի, անգամ` տրամադրության համար: Դրա համար կան բազմաթիվ պատասխանատու ստորաբաժանումներ: Ինձ զեկուցած նյութերից զորակոչի որևէ խախտում չի արձանագրվել: Քննությունը դեռ շարունակվում է, բայց մենք միշտ հետամուտ ենք լինելու նման դեպքերի բացահայտմանը»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով` ինքնասպանությունը չունի սահման, և եթե հնարավոր լիներ որևէ համակարգում բացառել ինքնասպանությունները, դա կլիներ շատ ցանկալի, բայց ինքնասպանությանը խնդիրը կա ինչպես ԶՈՒ-ում, այնպես էլ ԶՈՒ-ից դուրս: «Մեզ համար այդ դեպքերը հսկայական ցավ են, բայց, ուսումնասիրելով ինքնասպանությունների թիվը, ԶՈՒ-ում դրանք չորս անգամ քիչ են, քան ԶՈՒ-ից դուրս: Իհարկե, դա ոչ մի բան չի արդարացնում, դա որևէ մեկի ողբերգությունը չի նվազեցնում, և դա չի նշանակում, որ մենք պետք է հանգստանանք»,- ասաց նախարարը` հավելելով, որ հրամանատարի վերահսկողությունը, հոգեբանի ու քահանայի աշխատանքները կշարունակեն ԶՈՒ-ում:
Սարգսյանը հեռու է այն մտքից, որ ԶՈՒ-ն պետք է լինի հասարակության հայելին, որովհետև բանակը շատ ավելի կազմակերպված կառույց է` ռազմական ոստիկանությամբ, հրամանատարների կառույցով, և այլն: «Մենք պետք է լինենք ոչ թե հասարակության հայելի, այլ քաղաքացու կերտման դպրոց և դարբնոց, այդ ճանապարհին մենք դեռ շատ անելիքներ ունենք»,- ասաց նա: