Փոխարժեքներ
06 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 403.03 |
EUR | ⚊ | € 424.19 |
RUB | ⚊ | ₽ 3.92 |
GBP | ⚊ | £ 512.57 |
GEL | ⚊ | ₾ 143.55 |
Կենտրոնական բանկի նախագահի նոր տեղակալի աշխատավարձը կկազմի, տարեկան կտրվածքով, 25 միլիոն դրամ, ամսական` 2 միլիոն դրամ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա հարց ուղղեց 2016թ. բյուջեի նախագծի վերաբերյալ զեկուցող ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին, թե ծանր սոցիալական-տնտեսական իրավիճակի ու աղքատության համատեքստում, երբ չկան բավարար միջոցներ` լուծելու սոցիալական բոլոր խնդիրները, արժե՞ այս գումարը տրամադրել ԿԲ մեկ տեղակալին:
«Հնարավո՞ր է, որ այդ 25 միլիոն դրամը, որը գնալու է ԿԲ նոր տեղակալի աշխատավարձի համար, տրամադրվի օնկոլոգիական հիվանդություններ ունեցող, հաշվանդամի ու սոցիալապես անապահովների՝ թվով 500 մարդու համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտության համար»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Ի պատասխան, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ասաց, թե Կենտրոնական բանկի օրենքի 14-րդ հոդվածով, որն ընդունվել է ԱԺ-ի կողմից, սահմանվում է, որ պետք է բանկային վարձատրության միջին չափին համապատասխան աշխատավարձ վճարել: «Մեր աշխատավարձերը օրենքով են ֆիքսված: Լինելով Կենտրոնական բանկ` մենք ունենք նաև տարբեր հաշիվներ: Կան ավանդային հաշվիվներ, մեր աշխատավարձերի մի մասը գնում է դրանց, հետո աշխատողը ծախսում է: Միջինից ցածր տոկոսադրույք է, բայց այդպես է, բնորոշ է կենտրոնական բանկերին, և այստեղից ևս եկամուտներ ունեն մեր աշխատակիցները»,- նշեց նա:
Արթուր Ջավադյանն ասաց, որ գուցե 2 միլիոնից ցածր աշխատավարձն էլ բարձր է, բայց, բանկային աշխատողների հետ համեմատ, իրենց աշխատավարձերը ցածր են մի քանի անգամ: «5-ից 7-8 անգամ ցածր է, վստահեցնում եմ»,- հավելեց նա:
Տիգրան Ուրիխանյանը հակադարձեց. «Ախր հիմա տեսեք՝ ինչ է ստացվում: Հարցը պետական միջոցների մասին է: Պետական փողը պետք է տնտեսել, պետության փողերը սուղ են: Կարմիր թելի պես տանում են առողջապահության համար անհրաժեշտ առկա գումարների հարցը, ու մեր ժողովուրդը լսում ու տեսնում է, թե մի հարգարժան պաշտոնյա ասում է՝ իմ բիզնեսը մեծ է, դուք ասում եք, թե աշխատավարձը համարժեք է: Երկրի նախագահից, վարչապետից ավելի բարձր աշխատավարձ ունի ձեր տեղակալը` այս սովի պայմաններում»:
Արթուր Ջավադյանն էլ շեշտեց, թե այդպիսին է միջազգային փորձը: «ԿԲ-ն, ըստ էության, բանկ է` օժտված գործառույթներով: Տարբերությունը սա է, դրա համար կա առանձնահատկություն, մենք օժտված ենք լիցենզավորման, կարգավորման գործառույթներով, բայց, ըստ էության, մենք բանկ ենք»: