Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սանկտ-Պետերբուրգում այսօր կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում կրկին հետաձգվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը, ըստ ՀԱՊԿ կանոնադրության, Հայաստանի ներկայացուցչին փոխանցելը: Ըստ ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, պատճառը նիստից Բելառուսի նախագահի բացակայությունն էր, դրանով պայմանավորված՝ քվորում չլինելու հանգամանքը, ինչի հետևանքով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է մինչև հաջորդ տարվա ապրիլին կայանալիք կազմակերպության ՀԱ խորհրդի հաջորդ նստաշրջան: Ըստ ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները պայմանավորվել են, որ ապրիլին կայանալիք ՀԱ խորհրդի հերթական նիստին «ամբողջությամբ կքննարկեն գլխավոր քարտուղարի հարցը»:
Հիշեցնենք, որ սա արդեն երրորդ դեպքն է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնի փոխանցումը Հայաստանին հետաձգվում է: Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2015թ. դեկտեմբերին: Երկրորդ անգամ՝ 2016-ի հոկտեմբերին՝ Երևանում կայացած ՀԱ խորհրդի նիստում, որտեղ հայտարարվեց, որ հարցը կլուծվի կազմակերպության դեկտեմբերյան գագաթաժողովին: Չնայած հետաձգման պատճառների մասին պաշտոնապես որևէ բացատրություն չտրվեց, սակայն ակնհայտ էր, որ դա տեղի է ունենում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի «թեթև ձեռքով», ով պարզապես հրաժարվել էր մասնակցել երևանյան նիստին:
Այս անգամ բացակայում էր արդեն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ընդ որում՝ բելառուսական կողմն առհասարակ որևէ պատվիրակություն չէր ուղարկել, ինչը բացահայտ քայլ էր կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանին փոխանցելու որոշման կայացումը տապալելու համար: Խնդիրն այն է, որ ըստ կանոնադրության, այդ որոշումը կարող է կայացվել բացառապես լիարժեք կոնսենսուսի հիման վրա: Եվ Լուկաշենկոն տապալել է հենց այդ կոնսենսուսի ձեռբերումը:
Այլևս ակնհայտ է, որ Ղազասխատանը և Բելառուսը չեն ցանկանում, որպեսզի ռոտացիոն այս փոխանցումը երբևէ կայանա: Նրանք հետևողականորեն իրար են փոխանցում այդ գործընթացը տապալելու էստաֆետը: Նրանց հիմնական մտավախությունն այն է, որ Հայաստանը գլխավոր քարտուղարի դիրքն օգտագործելու է ԼՂ հարցում Հայաստանի շահերին ծառայեցնելու համար: Իսկ այդ երկրները ոչ միայն բացարձակապես չեն ցանկանում Բաքվի հետ խնդիր ունենալ, ՀԱՊԿ-ն տեսնել Ադրբեջանի հետ որևէ, անգամ սիմվոլիկ կոնֆրոնտացիայի դաշտում, այլև հանդիսանում են ՀԱՊԿ-ում Ադրբեջանի շահերի պաշտպանները: Ընդամենը մեկ ամիս առաջ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Իլհամ Ալևի հետ ստորագրել էր համատեղ հայտարարություն՝ փաստացի ԼՂ ճանաչելով Ադրբեջանի մաս:
ՀԱՊԿ այս գագաթաժողովից ընդամենը րոպեներ առաջ տեղի էր ունեցել նաև ԵԱՏՄ բարձրագույն մարմնի՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որտեղ ունեցած իր ելությում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի ուշագրավ դիտարկում էր արել: Նա ասել էր, թե ԵԱՏՄ էական ձեռքբերումներից է կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաների ռոտացիայի մեխանիզմը և կանոնադրական կառույցների լիարժեք գործունեությունը: «Կարծում եմ, որ կարտահայտեմ միասնական կարծիքն այն մասին, որ այդպիսի քայլի նպատակահարմարության և արդյունավետության հետ կապված մեր բոլոր մտավախությունները մնացին ետևում»,-ասել էր Սերժ Սարգսյանը: Սա անթաքույց ակնարկ էր ԵԱՏՄ կոլեգիայի նախագահի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանի գործունեության օրինակին: Նախագահը, բերելով այդ օրինակը, փորձել է ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների (որոնք նաև ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներն են) մոտ փարատել առկա մտավախությունները նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանին փոխանցելու հետ կապված: Սա հուշում է, որ Հայաստանը չի փորձելու այդ հարթակը ծառայեցնել ԼՂ հարցում իր ձգտումներին, հետևաբար նման դեմարշը լրիվ անիմաստ է: Սա հուսահատ ուղերձ է, որի նշանակետը ՀԱՊԿ ՀԱ խորհրդի հաջորդ, ապրիլյան նիստն է: Հարցն այն է՝ Բելառուսը և Ղազախստանը, գուցե նաև մյուս երկրները՝ Ղրղզստանը, Ռուսաստանը, կլսե՞ն նրան, թե՞ ոչ: Փորձը մեղմ ասած, առանձնապես լավատեսություն չի ներշնչում:
Բանն այն է, որ ամենևին չի բացառվում, որ այս կազմակերպված դեմարշի իրական նպատակը Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշմանը մղելն է: Որովհետև նման կերպ Երևանին հասկացնում են, որ նրա շահերը որևէ կետում անդամ երկրներից և ոչ մեկի շահերին չի համընկնում: Եվ որ Հայաստանը նրանց համար ավելի շատ գլխացավանք է: Ըստ ամենայնի՝ նրանք փորձում են հարվածել Հայաստանի արժանապատվությանը, որպեսզի հասկանալով իր մեկուսացումը, վերջինս ինքնակամ գնա այդ քայլին: Սա կազատի նրանց ձեռքերը Ադրբեջանին ցուցաբերվող քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական աջակցությունը լեգիտիմացնելու, գուցե նաև այդ երկրին ՀԱՊԿ ներքաշելու հարցում:
Չի բացառվում նաև՝ այս ակցիան ուղղված է նրան, որպեսզի գլխավոր քարտուղարի փոխանցման հարցը օրակարգից հանելու համար ստիպեն վերանայել կազմակերպության կանոնադրության դրույթները: Այս իմաստով ուշագրավ է Բորդյուժայի ակնարկը ապրիլյան գագաթաժողովում ԳԽ-ի հարցը «ամբողջությամբ» քննարկելու պայմանավորվածության մասին: Որովհետև այսքանից հետո ոչ ոք չի կարող վստահ լինել, որ եթե փորձ արվի շրջանցել Հայաստանին և այդ պաշտոնն այլ երկրի փոոխանցել, Երևանը հետագայում նույն եղանակով չի բոյկոտելու և հավերժացնելու առկա ճգնաժամը: Թվում է՝ նման իրավիճակում Երևանի համար ավելի արժանապատիվ է ՀԱՊԿ-ից օր առաջ դուրս գալը: Սակայն երկու գործոն ստիպում են ավելի շրջահայաց և զգույշ լինել:
Նախ ակնհայտ է, որ Հայաստանի պատճառով հատկապես Բելառուսն ու Ղազախստանը ՀԱՊԿ-ն վերածել են կրկեսի՝ ստանձնելով այնտեղ հանդիսատեսին զվարճացնող ծաղրածուների դերը: Նրանց թվում է, թե դեմարշի են ենթարկում Հայաստանին: Իրականում, սակայն, գործելով այդ երկու երկրները դեմարշի են ենթարկում ՀԱՊԿ-ն ընդհանրապես և դրա հետ Ռուսաստանի ներկայիս նախագահի կապած հույսերը: Նրանք ողջ աշխարհի առջև ցցուն կերպով ցույց են տալիս, թե ինչ է իրենց համար դաշնակացային հարաբերություններ կոչվածը և որքան խղճուկ, ավելի ճիշտ՝ էությամբ կենդանի դիակ է ՀԱՊԿ-ն: Ավելի մեծ հարված Ռուսաստանի և նրա նախաձեռնած ինտեգրացիոն պրոցեսներին, վերջիններս ավելի անլրջացնելու ավելի գործուն ակցիա ուղղակի դժվար է մտածել: Եվ եթե Մոսկվան կուլ է տալիս այս վիրավորանքը, Հայաստանին կարող է մնալ «պոպկորնը ձեռքին» այս կոմեդիան և դրանով ՀԱՊԿ-ի մահվան դանդաղ, բայց հաստատուն ընթացքին հետևելը:
Երկրորդ՝ կազմակերպությունից դուրս գալը գուցե, դուռ կբացի Ադրբեջանի՝ այնտեղ ներխուժելու և հակահայկական կոալիցիան ամբողջացնելու համար: Ճիշտ է՝ Բաքուն հայտարարել է, թե որևէ ինտեգրացիոն պրոցեսի չի միանալու, սակայն անկանխատեսելի այդ երկրից սպասելի է ցանակացած շրջադարձ: Թեկուզ աննպատակ մնալով ՀԱՊԿ-ում՝ Հայաստանը ոչ միայն պահպանում է էժան, ներքին շուկայական գներով Ռուսաստանից զենք ձեռք բերելու հնարավորությունը, այլև խանգարում է իր դեմ ֆորմալ կոալիցիայի ձևավորմանը: Ի վերջո պարզ է, որ անգամ տեսականորեն ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցելու դեպքում վերջինս սկսելու է իր համար շատ ավելի նախընտրելի պայմաններով Ռուսաստանի հետ զարգացնել ռազմատեխնիկայի գնման գործարքները: Ու եթե նույնիսկ Հայաստանին հաջողվի Ռուսաստանի հետ եկկողմ իրավապայմանագրային հիմքով շարունակել օգտվել արտոնություններից, միևնույնն է՝ զգալիորեն զիջելու է Ադրբեջանի սանձազերծած սպառազինման մրցավազքում: Այնպես որ, գուցե լավագույն տարբերակն անմռունչ և սառնասրտորեն այս կլոունադային հետևելն է:
Գևորգ Դարբինյան
.