Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի, Հյուսիսային Կիպրոսի և Իտալիայի մի շարք քաղաքներում անցկացվող «Ամեդի կինոփառատոնի» (Ամեդ՝ պատմ. Տիգրանակերտ, Դիարբեքիր-խմբ.) շրջանակներում նաև հայկական թեմայով ֆիլմեր են ցուցադրվել: Թուրքական «Evrensel.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այդ ֆիլմերի շարքում տեղ է գտել ռեժիսոր Այշե Փոլաթի հեղինակած վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է Վանում. տեղեկացնում է Ermenihaber-ը:
«Քրդերի, թուրքերի և հայերի մշակութային խորհրդանիշը հանդիսացող կատուներով հայտնի Վանը, որն այսօր քրդական նահանգ է, մինչև 1915թ., այսինքն՝ տեղահանությունից ու կոտորածներից առաջ, հայերի պատմական հայրենիքն էր: Իսկ այսօր այստեղ մնացել են միայն կիսավեր եկեղեցիներ և շատ փոքրաթիվ հայ վանեցիներ, որոնց մեծ մասը նույնիսկ խուսափում է խոստովանել իր հայ լինելը: «Օտարները» ֆիլմի թեման հայերի ողբերգության վերաբերյալ բանավոր կերպով միմյանց փոխանցվող պատմություններն են: Ֆիլմը տանում է պատմական ողբերգության հետքերով և ցույց տալիս, որ անցյալը երբեք չի մահանում»,- գրում է աղբյուրը:
Իսկ ռեժիսոր Էքրեմ Հայդոյի «Cennetim» («Իմ դրախտը») ֆիլմը նկարահանվել է Արևմտյան Քրդստանում (Ռոժավա) և Հայաստանում: Ֆիլմը պատմում Ռոժավայի Սերեքանիյե (Ռաս-Էլ-Այն) քաղաքի բազմազգ բնակչության և հայ երիտասարդ Արայի մասին: Ֆիլմում շոշափվող գլխավոր թեման ընկերությունը, հայրենիքի որոնումներն ու ազգամիջյան հակամարտություններն են:
Մանկության տարիներին Արան նույն դասարանում սովորել է քուրդ, արաբ, չեչեն և եզդի տղաների հետ: Մեծանալուց հետո նրանցից ամեն մեկը մի ճանապարհով է գնացել, ու հաճախ մանկության ընկերները հայտնվել են հակադիր ճամբարներում, դարձել թշնամիներ: Ազգամիջյան բախումների պատճառով Արան հարկադրված է գաղթել Սերեքանիյեից, ճիշտ այնպես, ինչպես իր պապն է 100 տարի առաջ ստիպված եղել գաղթել Դիարբեքիրի Ֆարքին (Սիլվան) ավանից և ապաստանել Սերեքանիյեում: