կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-21 19:51
Առանց Կատեգորիա

Իրանը Հայաստանով փոխում է տարածաշրջանային քաղաքական բալանսը

Իրանը Հայաստանով փոխում է տարածաշրջանային քաղաքական բալանսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երկար սպասված այցը Հայաստան կայացավ: Նրան ընդունեցին արարողակարգի ամենաբարձր մակարդակով՝ ընդգծելով, թե Հայաստանը որքան բարեկամաբար է տրամադրված դարավոր հարևանի նկատմամբ և թե որքան շահագրգռված է նրա հետ բոլոր ուղղություններով հարաբերությունները խորացնելու հարցում:

Ռոհանիի այցը խոստանում է բեկումնային դառնալ ինչպես երկկողմ բազմաբևեռ հարաբերությունների խորացման համար, այնպես էլ տարածաշրջանում ներկայիս քաղաքական հաշվեկշռի փոփոխման առումով:

 

Տնտեսական և կոմունիկացիոն ճեղքումը

 

Սերժ Սարգսյանի և Հասան Ռոհանիի՝ բանակցությունների արդյունքն ամփոփող հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ կողմերը համաձայնության են եկել Հայաստանին մատակարարվող իրանական գազի ծավալներն ավելացնելու հարցում: Որպես դրա ապացույց՝ Մեղրիում և Ագարակում տեղի ունեցավ իրանական կողմի դրամաշնորհով կառուցված գազի բաշխման ցանցի պաշտոնական բացումը։ Դրանով Հայաստանը, թեկուզ փոքր քայլերով, սկսում է գազաէներգետիկ աղբյուրների դիվերսիկացման գործըթնացը:

Ըստ ամենայնի՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանով իրանական գազի տարանցման վերաբերյալ: Համենայնդեպս հայտարարության մեջ նշվում է, որ նախագահները կարևորել են «գազի և էլեկտրաէներգետիկայի բնագավառում երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնումը»:

Դեռ մինչև Հայաստան ժամանելը Ռոհանին Թեհրանում տված ճեպազրույցում ընդգծել էր, որ Հայաստանի միջոցով իրենք կարող են հասանելիություն ապահովել դեպի Սև ծով, իսկ այնտեղից՝ արևմտաեվրոպական շուկաներ: Խոսքը վերաբերում է թե կոմունիկացիոն ենթակառուցվածքներին, և թե գազա և էլեկտրաէներգետիկ տարանցմանը: Հայաստանյան ուղղությունը Թեհրանի համար նախընտրելի է համեմատաբար կարճ և անվտանգ լինելու պատճառով:

Որ Իրանի նախագահի այցի հիմնական նպատակներից մեկն այս հարցում Երևանի հետ համաձայնության հասնելն էր, հաստատում է նաև այսօր կայացած հայ-իրանական գործարար խորհդրաժողովին ԻԻՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեի արած այն պնդումը, թե էներգետիկայի ոլորտում Իրանից Եվրոպա գազ արտահանելու ծրագրում ՀՀ-ն կարող է ազդեցիկ և հարատև դերակատարում ունենալ: Այս առումով ևս, կարծես թե կողմերը ճեղքում են ապահովում: Սարգսյան-Ռոհանի համատեղ հայտարարութան մեջ շեշտվում է. «...Նախագահներն ընդգծեցին Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի շրջանակներում Հայաստանի և Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային և տարանցիկ ուղիների օգտագործման անհրաժեշտությունը»: Սա չափազանց կարևոր ընդգծում է:

Խնդիրն այն է, որ ցայսօր նման ստրատեգիական նախագծերի իրականացման հիմնական խոչընդոտ է համարվել Ռուսաստանից Հայաստանի կախվածության պատճառով վերջինիս բավականաչափ ոչ անկախ արտաքին քաղաքականություն ունենալը: Եթե դրա մասին հիմա հիշատակվում է համատեղ հայտարարության մեջ, պետք է ենթադրել, որ Երևանն ինչ-որ կարևոր պատնեշ է հաղթահարել, ինչով էլ, գուցե, պայմանավորված է Ռոհանիի այս այցը:

 Անցած  մեկ տարվա ընթացքում Երևանում, Թեհրանում չորս անգամ անցկացվել են գործարար համաժողովներ: Սա ինքնին խոսում է առևտրատնտեսական գործակցության նոր ոլորտներ նոր հեռանկարներ գտնելու կողմերի շահագրգռվածության մասին: 2015թ. Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը կազﬔլ է 276 ﬕլիոն դոլար, որը Հայաստանի առևտրաշրջանառության ընդամենը 6 տոկոսն է: Թե ինչ արդյուքններ են տվել այդ համաժողովները, պարզ կլինի 2016թ. արդյունքների ամփոփումից: Սակայն ակնհայտ է, որ այս ոլորոտում Հայաստանն Իրանին հետաքրքրում է հիմնականում երկու պատճաառով: Նախ՝ ազատ առևտրի գոտի ստեղծելու և երկրորդ՝ դեպի ԵԱՏՄ շուկաներ դուրս գալու հաղորդուղի լինելու հնարավորություններով:

Ռոհանին Հայաստանից հետո այցելելու է նաև Ղազախստան և Ղրղզստան: Այս երթուղին վկայում է, որ նրա այցը եվրասիական տնտեսական ինտեգրման հեռանկարների համատեքստում է: Այն, որ շրջագայությունը Ռոհանին սկսել է Հայաստանից, նշանակում է, որ հենակետի դերում Իրանը նախապատվությունը տալիս է հայաստանյան «միջանցքին»: Դա ունի թե տնտեսական, և թե քաղաքական հիմնավորում: Նախ՝ Իրանը ԵԱՏՄ-ի հետ ցամաքային կապ ունի միայն Հայաստանով: Երկրորդ՝ Հայաստանը թե ԵԱՏՄ-ի և թե եվրոպական շուկաներ դուրս գալու կապող օղակ դարձնելով՝ Իրանը զգալիորեն մեծացնում է Հայաստանի տարածաշրջանային քաղաքական դերը, և ապահովում թուրք-ադրբեջանական շրջափակման ճեղքումը: Հայաստանյան տնտեսությանը շնչելու օդ տալով՝ Թեհրանն  էականորեն փոխում է ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում և եվրասիական տարածքում դառնում առաջնային խաղացող:

Որքանո՞վ այս ամենը կկենսագործվի, դեռևս պարզ չէ: 2017թ. մայիսին Իրանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Այն կարող է գցել սկսված պրոցեսների տեմպը: Սակայն փաստը, որ չնայած դրան, Ռոհանին Սերժ Սարգսյանին հրավիրել է պաշտոնական այց կատարել Իրան, փաստում է երկկողմ հարաբերությունները որակական նոր և ռազմավարական մակարդակ տեղափոխելու ցանկությունը: Հայաստանի նախագահի այդ այցն էլ պետք է, թերևս, արտացոլի Երևանում ձեռք բերված համաձայնությունների գոնե նախնական արդյունքները:

Քաղաքական և տարածաշրջանային ճեղքումը

Ռոհանիի այս այցը տեղի ունեցավ տարածաշրջանային մի շարք կարևոր իրադարձությունների ֆոնին: Նախ՝ մինչ այդ Ադրբեջան էր այցելել Իրանի ոխերիմ թշնամին համարվող Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Նրան Բաքվում ցուցաբերված ջերմ ընդունելությունը Թեհրանում գնահատել են իրենց նկատմամբ Ադրբեջանի ոչ բարեկամական վերաբերմունքի դրսևորում: Այցի նախօրեին Թուրքիայում Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ տեղի էին ունեցել զանգվածային բողոքի պիկետներ, ինչի պատճառով անգամ այդ երկում Իրանի դեսպանը ետ էր կանչվել Թեհրան: Առհասարակ՝ չնայած արտաքուստ հանդարտությանը՝ թուրք-իրանական հարաբերությունները խորագույն ճգնաժամի մեջ են՝ պատրաստ պայթելու: Թուրքիան աներևույթ դաշինք է կազմել Սաուդյան Արաբիայի և Կատարի հետ՝ ընդդեմ շիական Իրանի՝ ամեն կերպ կղզիացնելով վերջինիս իսլամական աշխարհում է դարձնելով թիրախ: Այս տարի ապրիլին Ստամբուլում կայացավ «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության այն սկանդալային համաժողովը, որտեղ ընդունվեց Սիրիայում և որոշ մահմեդական երկրներում Իրանի գործողությունները որպես ահաբեկչություն որակող հայտարարությունը: Ի դեպ, այդ համաժողովում Ռոհանին փաստացի Թուրքիային և Ադրբեջանին քննադատեց կազմակերպության համաժողովներն իրենց լոկալ հակամարտությունները քննարկվելու հարթակ դարձնելու համար՝ ակնհայտորեն նկատի ունենալով նաև ԼՂ հիմնահարցի շահարկումը:  Թերևս նաև դա նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ Ռոհանիին Երևանում շնորհակալություն էր հայտնում ԼՂ հարցում ունեցած հավասարակշիռ դիրքորոշման համար: Իրականում Իրանը ԼՂ հարցում միշտ հանդես էր գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության այսպես ասած՝ «վերականգնման» դիրքերից: Չի բացառվում, որ հակաիրանական այս վարքագծով Բաքուն և Անկարան ստիպել Թեհրանին իրականում գնալու այս հարցում մոտեցումները որոշակիորեն փոխելուն: Համենայնդեպս նրանք Հայաստանին այս ուղղությամբ աշխատելու «ֆրոնտ» են տալիս: Ամեն դեպքում այդ դրսևորումները Իրանի համար էականորեն բարձրացնում են Հայաստանի՝ որպես միակ հուսալի հարևանի և պոտենցիալ բնական դաշնակցի համարումը: Չնայած Երևանում Ռոհանին զերծ մնաց Բաքվին կամ Անկարային ուղղված որևէ ուղերձից, ինքնին Հայաստան այցելությունը և այս կարգի պայմանավորվածությունների ձեռբերումն արդեն կարելի է համարել Թեհրանի արձագանքը: Այս զուսպ վարքագիծը Երևանի համար շատ ավելի նախընտրելի է, որովհետև հակառակ դեպքում տպավորություն էր ստեղծվելու, թե Իրանը պարզապես Հայաստանը որպես հարթակ է օգտագործում կամ շահագործում Իսրայելի, Ադրբեջանի, Թուրքիայի կամ ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունների պարզման համար:

Գևորգ Դարբինյան