|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանում առաջին անգամ ձևավորված Ձմեռային այգու հանդիսավոր բացման արարողությանը: Մայրաքաղաքի բնակիչների հետ միասին քաղաքապետը շրջել է այգում, ծանոթացել ձմեռային հանգստի գոտու պայմաններին: Ներկայացնելով այգու հնարավորությունները՝ պատասխանատուները նշել են, որ ձևավորված հեքիաթային փոքրիկ աշխարհում երեխաները կօգտվեն սահադաշտից, սղղարաններից ու կվայելեն ամանորյա տոնական մթնոլորտը, ուր նրանց սպասվում են բազում անակնկալներ: Այգու այցելուներին ողջունել են Ձմեռ Պապն ու նրա օգնական Էլֆերը: Ձմեռ Պապն, ի դեպ, իր տնակ է այցելել օդային սահնակով:
Առանձնակի կարևորելով ներդրումային այս ծրագրի կյանքի կոչումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ մայրաքաղաքի բնակիչների համար ձմեռային ամիսներին այգին կդառնա իսկապես հետաքրքիր ժամանացի վայր:
«Ժամանցի նման կենտրոնների առկայությունը մեր քաղաքում իսկապես կարևոր է: Վստահ եմ, այգին մեծ ուրախություն կպարգևի մեր երեխաներին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ներդրողներին ու պատասխանատուներին, որ երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար ստեղծել են այս չքնաղ միջավայրը», - նշել է քաղաքապետը:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի 1/8 հասցեում բացված Ձմեռային այգին կգործի յուրաքանչյուր օր՝ 11։00-24։00-ն։