Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ օրերս` դեկտեմբերի 11-ին, Արտաշատի բժշկական կենտրոնում Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակչուհի` 24-ամյա Հռիփսիմե Սուքիասյանը աղջիկ է ունեցել, սակայն ծնունդն ընդունող բժշկուհին հայտնել է, որ նորածինը մահացած է ծնվել։ Ծննդկանի հարազատները կատարվածի համար մեղադրում են բժիշկներին, իսկ բժիշկները պնդում են` արել են ամեն ինչ` նորածնի կյանքը փրկելու համար, սակայն երեխան մահացած է ծնվել:
Yerkir.am-ը զրուցել է երկու կողմի հետ: Հռիփսիմեի սկեսուրը` Մարինե Սուքիասյանը, նշեց, որ հարսի առաջին հղիությունն է եղել, որն ընթացել է առանց խնդիրների: Հռիփսիմեն հաշվառված է եղել նույն հիվանդանոցում:
«Հղիությունը նորմալ է անցել, ոչ մի խնդիր չի եղել, ու մինչև վերջին րոպեն էլ բժիշկները մեզ արխային են արել, թե առաջնածին է, լավ է լինելու` իր ուժերով կծննդաբերի: Հետո եկան ու ասացին, թե երեխան մահացած է ծնվել, իսկ պատճառն էլ` պորտալարը կարճ է եղել: Բա եթե պորտալարը կարճ է եղել, ինչո՞ւ կեսարյան չեն արել: Ախր, մինչև էդ բազմաթիվ զննումներ են արել ու ոչ մի բան չեն հայտաբերել, ո՞նց կլիներ` այդ ընթացքում չեն իմացել, որ նման խնդիր կա, ու կեսարյան անեին»,- ասաց Մարինե Սուքիասյանը:
Նա նշեց նաև, որ կարծում է` բժիշկներն իրենց մեղքի բաժինն ունեն կատարվածում, չնայած այն փաստին, որ փորձել են իրավիճակը շտկել: «Երեխայի սիրտը մինչև վերջին րոպեն աշխատել է: Բժշկուհին պետք է միջոցներ ձեռնարկեր, ժամանակին միջամտեին ու կեսարյան անեին: Չեմ ասում` օգնություն չեն ցուցաբերել, բայց կարծում եմ, որ մեզ պետք է առաջարկեին կեսարյան հատումով ծնունդն իրականացնել, ինչը չեն արել»,- կարծիք հայտնեց Սուքիասյանը:
Նա նշեց նաև, որ իրենք, այնուամենայնիվ, չեն պատրաստվում բողոքել բժիշկների դեմ, պարզապես իրենց հետաքրքրում է երեխայի մահվան իրական պատճառը: «Չեմ ուզում որևէ մեկին մեղադրել, բացի այդ` երեխային կորցնելուց հետո ի՞նչ ենք հետ բերելու, որ բողոքենք»,- ասաց ծննդկանի սկեսուրը:
Ծնունդն ընդունող բժիշկը` Զեմֆիրա Նավասարդյանը, պատմեց, որ կինը հիվանդանոց է ընդունվել ծննդաբերական գործունեությամբ` ջրերն արդեն տանը գնացել էին: «Մենք ինչ հարկավոր էր` արել ենք: Կինը բնական ճանապարհով էր ծննդաբերում. սարքով հետևում էինք երեխայի սրտի զարկերին, և երբ պետք է երեխայի գլուխը դուրս բերեինք, հանկարծ տեսանք, որ սրտի զարկերը դադարեցին: Ես տեղում շեքահատում արեցի, մեկի փոխարեն` երկու կողմից, որպեսզի շատ արագ կարողանանք երեխայի գլուխը դուրս բերել: Վակուումով երեխայի գլուխը ֆիքսեցի, որ դուրս հանեմ, և հետո տեսանք, որ պորտալարը շատ կարճ է` 30 սմ, բացի այդ` այն փաթաթված էր վզին և խեղդել էր երեխային: Մենք չկարողացանք անգամ մորից հեռու տանել երեխային և հենց այդտեղ պորտալարը կտրեցինք: Ես 40 տարվա բժիշկ եմ, հնարավոր չէր` վատով վերջանար, եթե պորտալարի խնդիրը չլիներ»,- ասաց նա:
Բժշկուհին նույնպես նշեց, որ մինչ այդ հղին ոչ մի խնդիր չի ունեցել, իսկ պորտալարի խնդիրը հայտնաբերվել է ծննդաբերության ընթացքում: «Ամեն ինչ նախատեսվածի պես է եղել. բերեցինք ծնարան, ծննդաբերությունը սկսվեց, և նոր միայն խնդիրն ի հայտ եկավ: Ես մտածում էի` երեխային դուրս կբերեմ և վերակենդանացում կանեմ, բայց արդեն ուշ էր»,- ասաց նա:
Բժշկուհին հայտնեց նաև, որ դեպքից հետո խնդրի մանրամասները ներկայացրել են ծննդկանին, ով սկզբում հասկացել ու ընդունել է, բայց որոշ ժամանակ անց, երբ սկսել են լրագրողներ զանգել, սկսել է դժգոհել:
Ի դեպ, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ նորածնի մահվան դեպքի առթիվ:
Հիշեցնենք նաև, որ Արտաշատի հիվանդանոցում այս տարվա փետրվար ամսին մահացել էր 7 օրական մի փոքրիկ: