Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը քննարկման էր հրավիրել խաղալիք ներկրող, իրացնող և արտադրող տնտեսվարողներին` ներկայացնելու ոլորտի կանոնակարգերը, ապրանքների համապատասխանության գնահատման ընթացակարգերը, լսելու տնտեսվարողներին հուզող խնդիրները:
Հաջորդ տարի խաղալիքների վաճառքի ոլորտում տեսչական մարմիններն իրականացնելու են ստուգումներ: Հրավիրվել են խաղալիքի վաճառքով զբաղվող տնտեսվարողները, որպեսզի ժամանակին վերացնեն խախտումները, և գործը չհասնի տուգանվելուն:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը հատուկ շեշտեց, որ խաղալիքները պարտադիր պետք է ունենան սերտիֆիկատ, որը կվկայի, որ խաղալիքների տվյալ խմբաքանակն անցել է լաբորատոր փորձաքննություն, համապատասխանում է չափանիշներին ու վտանգ չի ներկայացնում երեխաների առողջությանը: Պահանջվում է, որ խաղալիքը վաճառքի պահին, սերտիֆիկատից բացի, ունենա հայերեն մակնշում, որը գնորդին տեղեկություններ կտա արտադրող երկրի, կազմակերպության և խաղալիքի բաղադրության մասին: «Սխալ մակնշում էլ է լինում, երբ արջուկի վրա մակնշված է առյուծ»,- ասաց Լևոն Խալիկյանը:
Խաղալիքների ներկրմամբ և վաճառքով զբաղվող «Տուն-տունիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Յուրի Թադևոսյանն ընդդիմացավ այդ պահանջներին` ասելով, որ գնորդի համար էական չէ, արջուկի վրա առյուծ է մակնշված, թե` նապաստակ, նա գնում է խաղալիքը: Նրա խոսքով` դա կարող է լինել վրիպում, կամ, օրինակ, խաղալիքի վրա մակնշված է նապաստակ, բայց միացնում ես` հաչում է:
«Այս վերջին մեկ տարվա ընթացքում որևէ բողոք եղե՞լ է, որ որևէ երեխա տուժել է խաղալիքից: Եվ հետո, ինչպե՞ս եք պատկերացնում, ներմուծված 300 արկղ խաղալիքներն ինչպե՞ս պետք է մակնշվեն»,- հարցրեց տնտեսվարող Թադևոսյանը:
Լևոն Խալիկյանն էլ, որպես հակափաստարկ, բերեց այն փաստը, որ մի քանի վաճառքի կետերից խաղալիքները տարել են լաբորատոր փորձաքննության, արդյունքները եղել են բացասական, և որ դրանք հակացուցված են եղել երեխաների համար: Մասնավորապես` մի քանի արկղ փորձարկվող խաղալիքից բերել են նախարարություն, որ տանեն փորձաքննության, նախարարության աշխատակիցները միանգամից են զգացել խաղալիքի հոտը, որը գլխացավ է առաջացրել:
«Սերտիֆիկատի ու հայերեն մակնշման պահանջը բխում է բոլորի շահերից: Դա օրենքի պահանջ է: Եկամուտից առավել կարևոր է երեխաների առողջությունը, և խաղալիք վաճառողը պետք է ապահովի իր ապրանքի սերտիֆիկացումը: Ամբողջ երկրում չկա այդպիսի մի զարգացած երկիր, որտեղ խաղալիքը վաճառվում է առանց ուղեկցող փաստաթղթի: Բիզնես եք անում, բա պետք է իրար գաք, անհրաժեշտ փաստաթղթերն ունենաք: Իսկ դուք առաջարկում եք` բերեք վաճառենք, չսերտիֆիկացնեք, երբ, Աստված մի արասցե, մի երեխայի մոտ խնդիրներ առաջացնի, նոր գնանք, սերտիֆիկացնենք»,- ասաց Լևոն Խալիկյանը` հավելելով, որ նախարարությունը պատրաստ է օգնել տնտեսվարողներին` իրականացնել օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները, բայց չեն կարող ընդունել, որ տնտեսվարողներն ամեն կերպ փորձում են շրջանցել օրենքի պահանջը:
Տնտեսվարողները պնդեցին, որ սխալ է սահմանը հատելուց հետո երկրի ներսում տնտեսվարողից սերտիֆիկացում պահանջել, և որ դա լրացուցիչ ֆինանսական բեռ է:
«Ես մտել եմ ձեր խանութ, խաղալիք եմ ուզում գնել, ուզում եմ, որ այն անվտանգ լինի երեխայիս համար, ո՞րն է երաշխիքը»,- հարցրեց Լևոն Խալիկյանը:
Տնտեսվարողը պատասխանեց, որ եթե չեն վստահում, թող գնումներ կատարեն այն խանութից, որին վստահում են, հակառակ դեպքում` անվտանգության երաշխիք կարող է լինել վաճառողի հավաստիացումը:
Լևոն Խալիկյանը պնդեց, որ խաղալիք վաճառողն իրավունք չունի վաճառելու այնպիսի խաղալիք, որը հնարավոր է վնասի երեխային, ուստի խաղալիք վաճառողները պարտավոր են օրենքի տառը պահել, քանի որ չափանիշները մշակվել են` անվտանգության նկատառումներից ելնելով: Օրենքի տառը չպահելու դեպքում կտուգանվեն: