Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ապօրինի հարստացման քրեականացման հարցը: Հիմնական զեկուցողն էլ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն է: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կարծիք հայտնելով, որ նախագիծը լավն է, բայց չի գործելու:
Պատգամավորը օրինակ բերեց Իտալիայի վարչապետ Բեռլուսկոնիին, ասելով, որ ապօրինի հարստացման քրեականացման օրենքը Իտալիայում կիրառեցին միայն այն ժամանակ, երբ Բեռլուսկոնին քաղաքականապես ոչ մեկին արդեն պետք չէր: Պատգամավորի հարցը վերաբերում էր փոխառություններին:
«Մեր պաշտոնյաների գերակշիռ մասը տոկոսով փող տվողներ են, այսինքն իրենց անօրինական եկամուտը փորձում են լեգիտիմացնել: Պաշտոնյան պետք է ընտրի՝ ինքը պաշտոնյա է, թե լոմբարդի աշխատող, վաշխառու, չենջի աշխատող: Նա իրավունք չպետք է ունենա տոկոսով փող տալ: Ում հարցնում ես՝ ասում են իմ աշխատանքը հալալ քրտինքով է: Էսքան հալալ քրտինք էս երկրում որտեղի՞ց:Բոլորը միլիոնատեր են դառել հալալ քրտինքով»,- հեգնեց Նաիրա Զոհրաբյանը:
Նախարարը չհամաձայնեց պատգամավորի հնչեցրած տեսակետների հետ, թեև մտահոգությունները կիսում էր: Իր ելույթում Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այս օրենքը կգործի միայն այն դեպքում, երբ քաղաքական կամք կլինի, ոչ թե շոու ապահովելու համար դալանում բռնեն կոռուպցիոն դատավորին, այն դեպքում, որ ամենամեծ կոռուպցիոներները ոչ թե դալաններում են, այլ իրենց աշխատասենյակներում են նստած:
Ըստ պատգամավորի, Լոս-Անջելեսում բոլորն անգիր գիտեն, թե որ դղյակն ու ապարանքը որ հայաստանյան պաշտոնյայի է պատկանում, թե որ շոկոլադի գործարանը որ պաշտոնյայի կողմից է գնվել, պարզապես դրա մասին հիշում ենք այն ժամանակ, երբ այդ պաշտոնյան արդեն իր պաշտոնից ազատվել է: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ կողմ են քվեարկելու այդ օրենքին, պարզապես մտածել, որ բոլոր խնդիրները կլուծվեն այս օրենքի ընդունումից հետո, դա այդպես չէ, օրենքն ընդամենը մի քիչ կարող է դիսկոմֆորտ պատճառել այդ ապօրինի հարստացածներին:
«Երբ իմանում ես թե ինչպես են հանգստանում ՊԵԿ միջին օղակի ներկայացուցիչները, արաբական շեյխերը գլուխները պատին են տվել այդ պաշտոնյաների համեմատ: Բոլորն ասում են թե իրենց հարստությունը հալալ քրտինքով են աշխատել: Հիմա ինչ անենք, այս օրենքի մեջ հալալ քրտինքի էքսպերտիզայի գործիք ավելացնե՞նք»- ասաց պատգամավորը: