Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուսուցչի օրվան ընդառաջ` ՀՀ ԿԳ նախարարը Արմեն Աշոտյանը հանրապետության լավագույն մանկավարժներին պարգևատրեց պատվոգրերով, շնորհակալագրերով, մեդալներով: Նա նշեց, որ մեր ազգային բանակից հետո երկրորդ նվիրյալ և անխոնջ բանակը ազգային դպրոցն է:
«Ծանր է ուսուցչի աշխատանքը: Ձեզանից շատերն իրենց աշխատանքը սկսել են դեռ անկախությունից առաջ և, կառուցելով մեր ազգային դպրոցը, բախվել բազմաթիվ մարտահրավերների, այդ թվում` սոցիալական, ֆինանսական, բովանդակային և այլն: Միաժամանակ, ուզում եմ փաստել, որ ապագա սերունդը գտնվում է ապահով ձեռքերում` ձեր ճիշտ կրթության և դաստիարակության շնորհիվ»,- ասաց Աշոտյանը:
Yerkir.am-ը զրուցեց նաև մանկավարժներից մի քանիսի հետ:
Վայոց ձորի մարզ, Մալիշկա գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Հրանուշ Հովհաննիսյան
Ուսուցչի գործն առաքելություն է: Մենք մեր գործը կատարում ենք առանց որևէ սպասելիքի, քանի որ մեր հիմնական գնահատականը երեխաներն են, նրանց սերն ու հարգանքը վայելելը: Պետությունը հիմնականում երկու օղակների հանդեպ պետք է առավել ուշադիր լինի` բժիշկների և մանկավարժների, որովհետև, ինչպես մեր մեծերից մեկն է ասել, գալիքը ուսուցչի ձեռքերում է: Ես երջանիկ մանկավարժ եմ, որովհետև սիրում եմ աշխատանքս, սաներս էլ ինձ են սիրում: Մանկավարժը չի կարող չոր ու ցամաք իր աշխատանքն անել, քանի որ ոչ միայն երեխաներին ինչ-որ բան է սովորեցնում, նաև աշակերտից էներգիա է ստանում: Ֆինանսական խնդիրներ, այո, կան. ուսուցչի աշխատավարձն այնքան էլ բարձր չէ: Բայց դա նաև երկրի տնտեսական վիճակից է գալիս:
Երկրորդ հատուկ դպրոցի տնօրեն Համլետ Ղազարյան /ի դեպ, նախարարության կողմից այսօր արժանացավ Ոսկե մեդալի/
Մեր նախնիներն ասում էին. «Անիծում եմ քեզ` վարժապետ ըլլաս»: Սա իրականում օրհնանք է: Ովքեր զբաղվում են մանկավարժությամբ, հետդարձի ճանապարհ չունեն: Մանկավարժությունը եղել և մնում է ամենապատվաբեր աշխատանքը: Աշխատանքիս գնահատականը ես տեսնում եմ այն երեխաների գոհունակ աչքերի մեջ, որոնց հետ աշխատում եմ: Երբ մեր դպրոցում աշխատողը ներս է մտնում, և երեխան վազում է նրա մոտ` որպես ծնողի, դա նրա արած աշխատանքի ամենամեծ գնահատականն է: Իսկ երբ երեխան անտարբեր է անցնում մանկավարժի կողքով, նա տեղ չունի համակարգում: Մանկավարժի համար ամենակարևորը սեփական դերի գիտակցումն է, որ հասկանան` իրենց աշխատանքն այնքան կարևոր է, որ եթե դա չանեին` աշխարհում ինչ-որ բանի պակասություն կլիներ:
Սյունիքի մարզի Գորիսի թիվ 1 դպրոցի տարրական դասարանների ուսուցչուհի Վարդանյան Լերա
Մանկավարժի աշխատանքը կարևորվում է բոլոր ժամանակներում: Թող բարձրագոչ չհնչի, բայց ես ծնվել եմ` մանկավարժ լինելու համար: Ես հոգևոր սնունդ եմ ստանում իմ աշխատանքից: Եթե մանկավարժը մտածի` աշխատավարձն է իրեն պահում, չի կարող նվիրված աշխատել: Մանկավարժությունը խղճի հարց է, նյութականը երկրորդ պլանում է: Ասում են` երեխաները փոխվել են, սերունդն այն չէ, համաձայն չեմ, աշակերտը նույն աշակերտն է, ուսուցչից էլ նրանց ակնկալիքները նույնն են: Ժամանակներն են փոխվել, մարդկային հարաբերությունները նույնն են մնացել:
Վանաձորի թիվ 17 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Տաթևիկ Մարաբյան
Ինձ համար ամենամեծ առաքելությունն ուսուցչի աշխատանքն է: Հպարտ եմ, որ ուսուցիչ եմ: Կարծում եմ` ուսուցչի աշխատանքն ամենաարդարն է: Իմ սաների գնահատականն ամենաթանկն է ինձ համար, մնացածը երկրորդ պլանում է: