Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորմանը: Նա նշեց, որ ինքը միավորումներին միշտ կողմ է եղել, եթե խոսքը գաղափարական, ծրագրային միավորման մասին է:
«Ընդդիմության հիմնական խնդիրներից մեկն այն է եղել, որ չի կարողացել միավորվել մինչև վերջ: Միավորվելու դեպքում էֆեկտը շատ ավելի բազմապատիկ է դառնում, և դա ակնհայտ է: Ցանկացած այդպիսի քայլ, որ բերելու է հստակեցման, քաղաքական դաշտի բյուրեղացման, մենք ողջունում ենք, որովհետև ընտրություններն ավելի հետաքրքիր են դառնում, ժողովրդի համար էլ ավելի ընկալելի են դառնում: Մարդու համար պարզ է դառնում՝ ով ով է, ում պետք է ընտրի: Այս առումով` այդ միավորումները կբերեն հնարավորություն, որ մենք էլ մեր անելիքները հստակեցնենք, մեր մարտավարությունը հստակեցնենք»,- ասաց պատգամավորը:
Հարցին՝ ձեր մրցակիցները նաև ուժեղանում են, դուք դա դրական լույսի տա՞կ եք տեսնում, Ռուստամյանը պատասխանեց. «Այդ ուժեղացումը բերում է մյուս բևեռի ուժեղացմանն էլ: Մրցակիցների ուժեղ լինելու դեպքում, եթե դու ինչ-որ արդյունք ես ցույց տալիս, դա շատ ավելի կարևոր է, քան, ասենք, երբ կողքիդ ոչ ոք չկա, ու դու առաջին տեղում ես, դրա իմաստը ո՞րն է: Ավելի ուժեղ մրցակիցների հետ ունենալ ավելի փոքր արդյունք` դա ավելի շատ արժեք ունի և որակի մասին է խոսում, քան երբ կողքին լուրջ մրցակից չլինի, և դու միշտ հայտնվես առաջին տեղում: Դա որևէ լավ բանի չի բերում»:
Նա կարևորեց այն հանգամանքը, որ միավորումը տեղի ունենա ոչ թե ժողովրդի թիկունքում` ընտրություններից հետո, այլ մինչև դա:
«Պետք չէ ժողովրդին խաբել: Ճիշտ չէ, երբ ասում են` ես ընդդիմություն եմ, կգամ, կոչնչացնեմ այս իշխանություններին, բայց ընտրություններից հետո միավորվում է նրա հետ, ում պատրաստվում էր ոչնչացնել. սա անբարոյականություն է»,- շեշտեց Ռուստամյանը:
Հարցին, թե ավանդական մյուս երկու կուսակցությունները` ՍԴՀԿ-ն ու Ռամկավարները, միավորվում են, ՀՅԴ-ն՝ որպես ավանդական կուսակցություն, չի՞ պատրաստվում միանալ նրանց, նա պատասխանեց. «Այդ կուսակցությունների հետ շատ քայլեր են կատարվում համահայկական հարթության վրա: Մենք համարում ենք, որ ավանդական կուսակցությունները մեր ժողովրդի ձեռքբերումը և հարստությունն են, և ավանդական կուսակցությունների ուժեղ լինելը բխում է մեր ժողովրդի շահերից: Կուզենայի ռամկավարներն էլ, հնչակներն էլ ԱԺ-ում ունենան մասնակցություն, բայց, դժբախտաբար, այդպես չէ: Երևի ինչ-որ խնդիր կա, որ իրենք իրենց մեջ պետք է կարողանան լուծել»: