Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց այս տարվա հուլիսի 20-ին Սարի թաղում տեղի ունեցած անկարգությունների գործով հերթական դատական նիստը: Ամբաստանյալի կարգավիճակում է 4 անձ՝ Հայկ Հովհաննիսյանը, Արման Մխիթարյանը, Նարեկ Սարգսյանը և Ալբերտ Ավագյանը: Բոլորն էլ գտնվում են կալանքի տակ:
Այսօրվա նիստի ընթացքում հայտնի դարձավ, որ ամբաստանյալներից Հայկ Հովհաննիսյանը 24 տարեկան է, սովորում է ՀՊՃՀ-ում: Նրա պաշտպան Աննա Ջուվանովան այսօր դատարանին միջնորդեց փոխել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ վկայակոչելով վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներն ու եվրոպական կոնվենցիայի դրույթները:
Ըստ պաշտպանի` գործի նախաքննության ընթացքում իր պաշտպանյալի դեմ որևէ վկա ցուցմունք չի տվել: «Հայկը շուրջ 5 ամիս է` գտնվում է կալանքի տակ և զրկվել է դասերին հաճախելու հնարավորությունից »,- ասաց նա՝ նշելով, որ իր պաշտպանյալը դրական բնութագիր ունի, մի քանի գիտական աշխատանքների հեղինակ է:
Միջնորդության դեմ, սակայն, առարկեց մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը, ինչին ի պատասխան, դահլիճում ներկա ամբաստանյալի հայրը՝ Հովհաննես Հովհաննիսյանը, ծափահարեց: «Հրաշալի որոշում »,- հեգնեց նա:
Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը որոշում կայացրեց մերժել պաշտպանի միջնորդությունը:
Այսօրվա նիստում հայտնի դարձավ նաև, որ ամբաստանյալներից` 26-ամյա Արման Մխիթարյանը նախկինում դատապարտված է եղել գողություն կատարելու համար, և պատժի կրումն ավարտվել է 5 ամիս առաջ: Այսինքն` Մխիթարյանը չի հասցրել երկար մնալ ազատության մեջ, քանի որ կալանվորվել է, այս անգամ` Սարի թաղի դեպքերով:
Ամբաստանյալներից Նարեկ Սարգսյանն էլ դատարանին հայտնեց որ ամուսնացած է, խնամքի տակ ունի 5 –ամյա երեխա: Մինչ կալանքի տակ գտնվելը մատուցող է աշխատել:
Նշենք, որ, համաձայն մեղադրական եզրակացության, Հայկ Հովհաննիսյանը 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ոտքով հարվածներ է հասցրել ոստիկանության ծառայողներին, նրանց ուղղությամբ նետել քար, մետաղյա ձողին նմանվող իր և փայտի կտորներ:
Արման Մխիթարյանին մեղսագրվում է ոստիկանների վրա քարեր նետելը:
Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ձեռքերով, ոտքերով և մահակով ոստիկաններին հարվածներ հասցրելու մեջ:
Իսկ Ալբերտ Ավագյանն էլ մեղադրվում է, ոտքերով ու ձեռքերով ոստիկաններին հարվածելուց զատ, նաև ոստիկանության աշխատակցի վահանը քաշելու և խլելու փորձի մեջ: