Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վիճակն իսկապես ծանր է, և համարձակություն է պետք՝ ուղիղ նայելու իրականությանը, ստանդարտ լուծումները չեն օգնի: Այսպիսի տեսակետ հայտեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ: Նրա խոսքով՝ իր ասածի վառ ապացույցն է «շատ ուռճացված պետական ապարատը»:
Ըստ պատգամավորի՝ մինչև 1998 թվականն ԱԺ պետական ապարատը եղել է անհամեմատ համեստ: Նա նշեց, որ իրենց իշխանության ժամանակ Բաբկեն Արարքցյանն ուներ երկու-երեք օգնական, իսկ Գալուստ Սահակյանն այսօր ունի 20 խորհրդական: Մանուկյանն այնուհետև նշեց, որ կառավարությունն ուներ 130 աշխատող, իսկ հիմա` 292-ը, նախագահականն ուներ 130 աշխատող, հիմա ունի 417 աշխատող:
«Երեք անգամ, որոշ դեպքերում՝ երեքուկես անգամ պետական ապարատը ուռճացել է, և, բնականաբար, նրանց պահպանման ծախսերն էլ ուռճացվել են»,- ասաց նա։
ՀԱԿ պատգամավորը նաև դատական իշխանության թվերը ներկայացրեց, ապա մարզպետարանների՝ 140-180 աշխատող, Վերահսկիչ պալատը՝ 131 հոգի, ԴԱՀԿ-ն 447 աշխատող ունի: Մանուկյանի խոսքով՝ 1100 հարկային տեսուչ ունենք, որոնք սպասարկում են 80 000 կազմակերպության:
Պատգամավորն այս ցուցանիշները Վրաստանի հետ համեմատեց և նշեց, թե այնտեղ 1400 հարկային տեսուչ է աշխատում, որոնք սպասարկում են 413 հազար կազմակերպության: «Այսինքն` նրանց բեռը չորս անգամ մերինից շատ է: Մաքսային 600 տեսուչ մենք ունենք 5 մաքսակետում: Երկու անգամ վրացիներինն ավելի է, բայց նրանց բեռը շատ է` մեծ նավահանգիստ, երեք միջազգային օդանավակայան, չորս անցակետ»,- ասաց նա:
ՀԱԿ պատգամավորը շարունակեց, որ 5 անգամ ավելացել է պաշտոնյաների «ախրանաների» թիվը: Մանուկյանի խոսքով՝ խնդիրն այն չէ, որ պետք է այսքան մարդկանց կրճատել, իսկ այդ դեպքում արտագաղթը կավելանա: Ըստ նրա՝ լուծումը մուտքերի ավելացումն է: «Մեր պրոբլեմն ուրիշ տեղ է, այս մարդիկ կան, սրանց սպասարկողը, կերակրողը պակասում է, այսինքն՝ պակասում է այն դաշտը, որը կերակում է այս դաշտը: Հարկ մուծողը քչանում է»,- ասաց Մանուկյանը:
«18%-ով մանրածախի շրջանառությունը պակասել է: Այս տարի ավելի տխուր է` 4%-ով ամեն ամիս պակասում է: Վերջին 22 ամիսների ընթացքում մանր առևտրաշրջանառությունն անընդհատ նվազում է: Սա է մեր երկրի ու ձեր առջև կանգնած մարտահրավերը, եթե այս խնդիրը չլուծվեց, որևէ խնդիր չի կարող լուծվել»,- ընդգծեց պատգամավորը, ով իր ելույթն ամփոփեց Պոզների հաղորդման ժամանակ հնչեցված մտքով, ըստ որի՝ ստեղծված իրավիճակից երկու ելք կա՝ ռեալիստական և ֆանտաստիկ: «Ռեալիստականն այն է, որ այլմոլորակայինները կփրկեն մեզ, իսկ ֆանտաստիկը` որ մենք ինքներս մեզ կփրկենք»,- ասաց նա: