կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-16 14:57
Քաղաքական

Պաշտպանության նախարարը պե՞տք է, թե՞ չպետք է լինի կուսակցական

Պաշտպանության նախարարը պե՞տք է, թե՞ չպետք է լինի կուսակցական

Արդեն հայտնել ենք, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է Հանրապետական կուսակցությանն անդամակցելու ցանկության մասին: Նրա այս որոշումը քննարկումների առիթ է տվել, քանի որ տեսակետ կա, որ այդ գերատեսչության ղեկավարը պետք է լինի անկուսակցական:

ԱԺ մի քանի պատգամավորներ այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձան այս որոշմանը: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հիշեց, որ նախկինում գործել է օրենք, ըստ որի՝ ուժային կառույցների ղեկավարներն իրավունք չունեին լինելու կուսակցական:

«Կարծում եմ՝ անթույլատրելի է, որ առնվազն ուժային կառույցների ղեկավարները կուսակցական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունենան, որովհետև, եթե կուսակցականացվում ես, ապա այդ պարագայում պետք է զբաղվես նաև կուսակցական աշխատանքով: Այս պարագայում, բանակաշինությունը որևէ աղերս չունի կուսակցությունների և կուսակցաշինությունների հետ»,- ասաց պատգամավորը:

Այս նույն թեմայի առնչությամբ բոլորովին այլ կարծիք հայտնեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ այս պահին օրենքը նման բան չի արգելում: Պատգամավորը շեշտեց, որ նախարարի պաշտոնը քաղաքական է, այլ ոչ` զինվորական:

«Եթե հիշում եք` ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը նկարահանվել էր գովազդային հոլովակում, որում խոսում էր սահմանադրական բարեփոխումների մասին, որ պետք է գնալ ու ասել՝ այո: Նա քննադատվեց քարոզարշավին մասնակցելու համար, բայց նա ասաց, թե նույն քաղաքական թիմն է և իրականացնում է այդ թիմի ծրագրերը: Ըստ էության՝ անդամակցել, թե` չանդամակցել` այս մասով ձևական է, քանի որ նույն թիմի ծրագրեր է իրականացնում: Եթե Վիգեն Սարգսյանը չանդամակցի ՀՀԿ-ին, միևնույն է, պատասխանատվություն է կրում ՀՀԿ-ի հետ միասնաբար»,- նշեց Մարուքյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կառավարության ներկայացուցիչ է, իսկ կառավարության թիմը ներկայացրել է իշխող ՀՀԿ-ն: «Պետք է մտածել, թե ինչպես անել, որ պաշտպանության համակարգում ստեղծվի այնպիսի համակարգ, որ կուսակցական ազդեցությունը մինիմումի հասցվի կամ ընհանրապես չլինի: Պաշտպանության նախարարը կառավարության կազմում է և ենթարկվում է գերագույն գլխավոր հրամանատարին: Դուք կարծում եք՝ նրա կուսակցական լինել-չլինելով է լինելո՞ւ»,- ասաց պատգամավորը՝ արձագանքելով հարցին, թե չի՞ ազդի նախարարի կուսակցական լինելը ընտրությունների ժամանակ զինծառայողների ընտրության վրա:

Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ հորդորեց չշտապել այս լուրը մեկնաբանելիս: «Եթե մենք ասում ենք, որ պաշտպանության նախարարի պաշտոնն այլևս քաղաքական է դառնում, ապա մենք կարող ենք միայն պահանջել, որ շտաբի պետը կամ մյուսները չլինեն որևէ կուսակցական անդամ: Քաղաքակիրթ աշխարհում, եթե պաշտոնը քաղաքական է, ապա կարող է լինել կուսակցության ներկայացուցիչ»,- ասաց նա: