կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-03 17:02
Քաղաքական

Պարտադիր չէ՝ պաշտպանության նախարարը լինի զինվորական. Ախոյան

Պարտադիր չէ՝ պաշտպանության նախարարը լինի զինվորական. Ախոյան

Պաշտպանության նախարարները պարտադիր չէ, որ լինեն զինվորականներ. Yerkir.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը՝ անդրադառնալով Վիգեն Սարգսյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուն:

«Որպես ՀՀ քաղաքացի, պատգամավոր` շատ ուրախացել եմ նման մարդու նշանակմամբ: Անձամբ եմ ճանաչում նրան և կասեմ, որ նա բավականն ադեկվատ մարդ է և անմիջապես կարող է հարցերին լուծումներ տալ, կարողանում է ճիշտ աշխատել»,- ասաց Ախոյանը՝ անմիջապես պարզաբանելով, որ իր ասածը բոլորովին էլ չի նշանակում, որ նախորդ նախարարները սխալ են աշխատել:

«Վստահ եմ, որ ոլորտի բացթողումները, որոնք երևացին քառօրյա պատերազմից հետո, կշտկվեն: Ինչու չէ, նաև ռազմավարության իմաստով, արտաքին քաղաքականության մեջ պետքական կլինեն Սարգսյանի գիտելիքները, փորձը, ունակությունը: Պարտադիր չէ, որ նախարարը լինի զինվորական, կարևորը, որ շտաբի պետը լինի զինվորական: Դրա համաշխարհային փորձը կա, և դրա էֆեկտն ավելի լավ է: Մարդ կարող է շատ լավ մասնագետ լինել, բայց` վատ կառավարիչ, լավ մասնագետ լինելը դեռ լավ ղեկավար լինել չի նշանակում»,- ասաց պատգամավորը:

Ախոյանը նաև ցանկացավ խոսել Սեյրան Օհանյանի պաշտոնավարման տարիների մասին: «Ինչի՞, Սեյրան Օհանյանը քի՞չ բան արեց, նրա կառավարման ընթացքում վերացան արմատախիլ եղած բարքերը: Ինչքան կարողացավ, արեց, նոր մարդն էլ նոր պրոգրես է: Ուրիշների սխալների վրա սովորելն արդեն լուրջ գործոն է»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե ստացվում է Սեյրան Օհանյանի սխալների վրա Վիգեն Սարգսյանը կսովորի ու այլ դիրքորոշում կցուցաբերի, պատգամավորը պատասխանեց. «Եկեք` անվանական չասենք, ես Սեյրան Օհանյանին հարգում եմ` որպես գրագետ, կիրթ մարդու: Իհարկե, ակնկալում ենք ավելին, քանի որ մարդկության պատմության մեջ պետք է լինի պրոգրես, պետք է եկողն անի ավելին իր նախորդից»:

Խոսելով Մովսես Հակոբյանի մասնագիտական կարողությունների մասին՝ Ախոյանն ասաց, որ Հակոբյանը, տեղափոխվելով Հայաստան, զբաղեցրել է պատասխանատու պաշտոն և պատվով է կատարել այդ պարտականությունները: «Նրա պոտենցիալն այժմ էլ տեղափոխվել է շտաբի պետի մակարդակին: Գիտեմ, որ պարկեշտ ու կազմակերպված անձնավորություն է»,- եզրափակեց մեր զրուցակիցը: