Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում փորձեց պարզաբանել իր աղմկահարույց հայտարարությունը ՝ կապված 1000 դրամների հետ:
Նա նախ հայտարարեց, թե իրեն վերագրվող արտահայտությունները չի ընդունում, քանի որ նման բան չի ասել, սակայն, երբ նրան հիշեցրեցինք, որ Yerkir.am-ի հետ զրույցում է այդ արտահայտությունն արել և ձայնագրության մեջ էլ հստակ լսվում է նրա կողմից արտաբերված «տականք» բառը, որն ուղղված էր ֆեյսբուքյան գրառում արած առնվազն հիսուն օգտատիրոջ, Մելիքյանն արդարացավ՝ այո, ասել է, բայց դա ուղղված չէր հանրությանը կամ ժողովրդին:
«Հիմա ես ասում եմ հետևյալը` «Ֆեյսբուք»-ում, իրոք, նման նախագծի հետ կապված ապազգային նմանատիպ հայտարարություններ եղել են, հակապետական, հակահայկական, Արցախի անվտանգությանը դեմ նման արտահայտություններ, իրոք, եղել են: Իմ արտահայտությունը վերաբերել է «Ֆեյսբուք»-ում նմանատիպ արտահայտություններ անողներին, իմ արտահայտությունը երբևէ ժողովրդին ու հանրությանը չի վերաբերել»,- ասաց պատգամավորը:
Նշենք, որ Yerkir.am-ի նյութը վերնագրված էր հետևյալ կերպ. «Պետք չէ մի քանի տականքների անունից գրված գրառումներին պատասխանել. ՀՀԿ-ական պատգամավոր»: Սա Գագիկ Մելիքյանի ուղիղ խոսքն է:
Մեր այն հարցին՝ ֆեյսբուքյան այդ օգտատերերը հանրության մաս չե՞ն, Մելիքյանը պատասխանեց. «Մաս են կազմում, բայց հանրություն չեն»:
Նա շարունակում էր պնդել, որ այդ բառը վերաբերում էր ֆեյսբուքյան գրառումներ անողներին: «Եթե հանրության մեջ նման ընկալում է ձևավորվել, ես պատրաստ եմ ներողություն խնդրել, սակայն իմ խոսքը ժողովրդին չի վերաբերում»,- ասաց պատգամավորը:
Ի դեպ, նա նշեց նաև, որ նյութի բովանդակության հետ կապված որևէ նկատառում չունի և համաձայն է, որ իր խոսքը հստակ, բառացի գրված է նյութում:
Մելիքյանը, պատասխանելով Yerkir.am-ի հարցին՝ միգուցե նախագիծը ճիշտ չներկայացվե՞ց, նշեց. «Միգուցե իսկապես գաղափարը չի ընկալվել, սա մեր թերությունն է, բացթողումն է, որ չենք կարողացել ավելի հստակ, ավելի լավ ներկայացնել գաղափարը: Ես համոզված եմ, որ ճիշտ ընկալման դեպքում բոլորի մոտ միայն կլինի դրական ցանկություն»: