Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման կապակցությամբ:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ համոզված է՝ ինչպես միջխորհրդարանական հանձնաժողովի նախորդ նիստերը, այնպես էլ երևանյան այս նիստն անցել է կառուցողական մթնոլորտում, քննարկվել են հայ-ռուսական գործընկերության առավել ամրապնդմանն ուղղված երկկողմ օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են նշել, որ միջխորհրդարանական հանձնաժողովի երկարամյա գործունեության շնորհիվ Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերը ձեռք են բերել կայուն և դինամիկ բնույթ: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել նաև բազմակողմ ձևաչափով հայ-ռուսական փոխգործակցությունը:
Հանդիպմանը զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Ռուսաստանի միջև բոլոր ուղղություններով ռազմավարական համագործակցության հետևողական խորացման կարևորությունը:
Նիկոլայ Ռիժկովը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ միջխորհրդարանական հանձնաժողովի երևանյան նիստերից հետո իր գլխավորած պատվիրակությանն ավանդաբար հյուրընկալելու և արդյունավետ քննարկումների համար: Նա ՀՀ Նախագահին ներկայացրել է գործնական մթնոլորտում կայացած հանձնաժողովի նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու հետագա ծրագրերը: Ընդգծելով, որ Ռուսաստանը հատուկ հարաբերություններ ունի ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահը վստահեցրել է, որ երկու երկրների խորհրդարանականները հանձնաժողովի ձևաչափով արել և անելու են ամեն ինչ՝ նպաստելու երկկողմ միջպետական հարաբերությունների շարունակական ամրապնդմանն ու խորացմանը: