Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-11-11 17:43
Հասարակություն

Ապահովագրությունը չի կարող հետադարձ կիրառում ունենալ. նախարարը՝ հիմնադրամի` հունվարի 28-ից ուժի մեջ մտնելու մասին

Ապահովագրությունը չի կարող հետադարձ կիրառում ունենալ. նախարարը՝ հիմնադրամի` հունվարի 28-ից ուժի մեջ մտնելու մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ պաշտպանության հարցերի մշտական  հանձնաժողովը արտահերթ նիստ է հրավիրել: Քննարկվում է կառավարության`երեկվանից բուռն արձագանք առաջացրած որոշումը` հօգուտ պաշտպանության նախարարության նորաստեղծ հիմնադրամի յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ գանձելու մասին հարցը:

Պաշտպանության նախարարին հարցեր ուղղեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ սա հարկատեսակ է, Սահմանադրությամբ էլ, գործող օրենսդրությումբ էլ այդպես է, և չպետք է խուսափենք ու վախենանք հստակ ասել, որ սա հարկ է:

«Հիմա հարց՝ իրո՞ք արդարացի եք համարում, որ 70 հազար դրամ աշխատավարձ ստացող  մանկավարժից էլ, ԱԺ պատգամավորից էլ, ով ավելի  է ստանում 400 հազար դրամից,  նույն մասնաբաժինը հանվի: Հետաքրքիր է նաև՝  ի՞նչ նկատառումներից ելնելով եք նշում, որ հատուցման գումարները վճարվելու են 2017 թվականի հունվարի 28-ից: Չէ՞ որ մենք ունեցանք նաև քառօրյա պատերազմ, 90-ական թվականներին նույն մարտական գործողությունները կատարվեցին, և որևէ մեկս իրավասու չենք գնահատել՝ ով ինչ սխրանք  է գործել»,- հետաքրքրվեց պատգամավորը՝ շարունակելով իր մտահոգությունները ներկայացնել. «Մի՞թե հնարավոր չէ լուծել այն ստվերի հաշվին, որ մեր հանրապետությունում կա, և չկա որևէ պաշտոնյա, որ չի ընդունում, որ 25 տոկոսից ավելի ստվեր ունենք: 1000 դրամը մեկ շաբաթվա տրանսպորտի փող է ուսանողի համար»:

Նախարարն արձագանքեց` նշելով, որ իր զեկույցում մի կարևոր հանգամանքի չի անդրադարձել, բայց հիմա կասի: «Խոսքն այն մասին է, որ նվազագույն աշխատավարձ ստացողների վրա այս որոշումը չի տարածվում, և պետությունն է փոխհատուցում այդ գումարը, իսկ մասնավոր սեկտորում` գործատուն»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է  քառօրյա պատերազմի դասերին և զոհվածներին ու հաշմանդամներին, որ ունեցել ենք 25 տարիների ընթացքում, դա, ըստ Սարգսյանի,  հատուկ հոգածության նյութ է: «Մենք փորձելու ենք անդրադառնալ այդ խնդիրներին, և եթե հիմնադրամը հաջողակ լինի, այս հիմնադրամի միջոցով առնվազն գոնե նպաստների ավելացում կարող է լինել, բայց քառօրյա պատերազմը հուշեց, որ երբ չկա միասնական համակարգ, մենք ունենում ենք էմոցիոնալ և չկանոնակարգված  վիճակ: Մեր ցանկությունն է, որ այս հիմնադրամն այնքանով վստահելի դառնա, որ որևէ մեկը չունենա կասկած և կարողանա օգնել այն բոլոր մարդկանց, ովքեր հայտնվել են այդ վիճակում»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով 2017 թվականի հունվարի 28-ից ուժի մեջ մտնելուն՝ նա նշեց. «Մի կողմից` սա ապահովագրական է, և տրամաբանական է, որ ապագա դեպքերի համար է նախատեսվում, ապահովագրությունը չի կարող հետադարձ կիրառում ունենալ, բայց բարոյական առումով խնդիրը կա»:

Ըստ  նախարարի` երկար տարիներ բազմաթիվ գործարարներ, պետական պաշտոնյաներ շատ ավելի մեծ մասնակցություն են ունենում նման ծրագրերի: «Ես կարծում եմ, որ հասարակությունը, կոռուպցիան վերացնելուն զուգահեռ, կնվազեցնի իր կախվածությունն այն մարդկանցից, որոնց փողերի նկատմամբ չունի վստահություն»,- եզրափակեց Սարգսյանը: