Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ հատուկ նիստի ընթացքում ԲՀԿ-ական պատգամավոր Մարինա Մարգարյանը հետաքրքրվեց, թե Նիկոլ Փաշինյանն առողջապահական ոլորտում ի՞նչ փոփոխություններ է ենթադրում իրականացնել: Ըստ պատգամավորի՝ այսօր երկրում ունենք առողջապահական լուրջ խնդիրներ, որոնց անդրադարձ չի կատարվում: «Այս խնդիրների առկայության պայմաններում առողջապահության բյուջեն դեռ կրճատվում է: Ցանկանում եմ իմանալ խնդիրների լուծման Ձեր մոտեցումները՝ ի՞նչ բարեփոխումներ եք նախատեսում առողջապահության ոլորտում: Բացի այդ՝ ապահովագրական առումով քայլեր արվելո՞ւ են»,- հարցրեց Մարգարյանը:
Փաշինյանը պատասխանեց, որ առողջապահության ոլորտում, իրոք, խայտառակ վիճակ է: Նրա խոսքով՝ ամիսներով հերթագրված քաղաքացիները չեն կարողանում ստանալ այն ծառայությունները, որոնք այդ պահին անհրաժեշտ են` չհաշված այն, որ պետբյուջեի գումարը տարվա կեսից սպառվում է, և մարդիկ մնում են առանց համապատասխան դեղի կամ բուժման:
«Մենք աշխատելու ենք երեք ուղղությամբ՝ էֆեկտիվություն, կոռուպցիոն ռիսկեր և ֆինանսական միջոցների սահմանափակում: Այս ուղղություններից որևէ մեկի չլուծման պարագայում խնդիրները չեն լուծվի: Մենք տեսնում ենք հնարավորություն, որ առաջիկա 2 տարվա ընթացքում պետբյուջեի եկամուտներն առնվազն 30 տոկոսով կավելանան, ինչի հետ կապված էլ կավելանան հատկացումներն այս կամ այն ոլորտին»,- ասաց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է դեղերի՝ դեղատոմսով բաց թողնելուն, ապա, Փաշինյանի կարծիքով, այս որոշումը, այո, խնդիրներ է առաջացնում, բայց այնպես չէ, որ առանց դեղատոմսերի համակարգը լուծում էր բոլոր խնդիրները: «Խնդիրն այն է, որ հաճախ որոշումները հապճեպ են ընդունվում: Կարծում եմ՝ անհրաժեշտ է, որ դեղերի սպառման վրա լինի պատշաճ մասնագիտական հսկողություն, բայց դա պետք է հեշտացնի մարդկանց կյանքը, այլ ոչ թե` հակառակը»,- ասաց նա:
Խոսելով առողջապահական ապահովագրության մասին՝ Փաշինյանն ասաց, որ նախ պետք է այդ առումով ներդրվող ծրագիրը փորձարկեն, հետո նոր կյանքի կոչեն: «ՀՀ քաղաքացիները պետք է ստանան պատշաճ առողջապահական ծառայություններ, և առողջապահական ապահովագրությունը կարող է լինել լուծումներից մեկը: Սակայն մենք արդեն երկու անգամ ձախողել են ապահովագրական ծրագրերը, ինչի համար հիմա պետք է մտածված քայլեր անենք»,-նշեց նա: