Փոխարժեքներ
14 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Իտալական մամուլն արձագանքել է Թուրքիայում քրդական կուսակցապետների և պատգամավորների ձերբակալման ու բանտարկության դեպքերին: BBC Türkçe-ի տեղեկացմամբ՝ անվանի Corriere della Sera թերթի շապիկին է հայտնվել ոստիկանության կողմից բռնությամբ բերման ենթարկվող Սեբահաթ Թունջելի լուսանկարը՝ «Բռնություն. քրդամետ գործիչները բանտում են» մակագրությամբ: Իսկ բուն հոդվածը վերնագրված է «Ձերբակալություններ Թուրքիայում. Եվրոպան մեղադրում է. ժողովրդավարությունը վիրավորված է». տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թերթում տեղ է գտել նաև Անտոնիո Ֆերարիի վերլուծական հոդվածը՝ «Բռնապետության հաստատման նպատակով վերջին արգելակն էլ ոչնչացվեց» վերնագրով:
«Թուրքիայում տեղի ունեցող դեպքերը սարսափելի են: Դրանք ընդամենը «մտահոգիչ ազդանշաններ չեն», ինչպես կարծում էր Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը: Սուլթանի կացինը հարվածում է բոլորին, ով դեմ է դուրս գալիս նրա ծրագրերին»,- ասված է հոդվածում:
Հեղինակը նշում է, որ Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ-HDP) միակ ուժն է, որը խանգարում է Էրդողանին՝ փոփոխել Սահմանադրությունը և վերածվել Վիդելայի կամ Պինոչետի: Եվ հենց դա է պատճառը, որ ԺԴԿ առաջնորդներն ու անդամները բանտարկվում են:
Իտալական Manifesto թերթը ևս անդրադարձել է Թուրքիայի զարգացումներին: Թերթի շապիկին տեղ է գտել «Սուլթանություն» խոսուն անոնսը, իսկ թեմայի վերաբերյալ հոդվածը վերնագրվել է այսպես՝ «Էրդողանի նոր և իրական հարվածը. Թուրքիան գլխատեց քուրդ ընդդիմությանը»:
Il Sole 24 Ore թերթում տեղ է գտել այն կարծիքը, թե Վաշինգտոնն ու Բրյուսելը, ավանդության համաձայն, իրենց բողոքն արտահայտելուց հետո էլ կշարունակեն աշխատել Անկարայի հետ:
Կաթոլիկ եկեղեցուն պատկանող Avvenire-ն գրում է. «Երևում է՝ Թուրքիան հասել է մի կետի, որտեղից այլևս հնարավոր չէ հետադարձ քայլ կատարել, քանի որ երեկ տեղի ունեցած դեպքերից հետո կարող է ներքին պատերազմ սկսվել կամ էլ լիովին կլռեցվեն բոլոր տեսակի ընդդիմադիր ուժերը»:
Հավելենք, որ Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենթիլոնին Twitter--ում կատարած մի գրառմամբ իր մտահոգությունն էր հայտնել ԺԴԿ համանախագահ Դեմիրթաշի և կուսակցության մյուս պատգամավորների ձերբակալության կապակցությամբ: «Իտալիան կոչ է անում հարգել մեջլիսի ընդդիմադիր գործիչների իրավունքները»,- գրել էր նա:
Վարչապետ Մատտեո Ռենզին էլ հայտարարել էր, որ իրենք մեծ մտահոգությամբ են հետևում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին: Նա նշել էր, որ անընդունելի է պատգամավորների անձեռնմխելիության չեղարկման օգտագործումը քաղաքական նպատակներով: