Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանական հեղինակավոր «Շարղ» օրաթերթում, «Իսլամական Հանրապետության լրատվական գործակալություն» պաշտոնական տեղեկատվական գործակալության կայքեջում, ինչպես նաև իրանական մի շարք այլ լրատվամիջոցներում հրապարակվել է իրանցի քաղաքական վերլուծաբան, լրագրող Սալար Սեյֆոլդինի հարցազրույցը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ։ Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի հայերեն տարբերակը։ Ավելացնենք, որ Արցախ կատարած այցի ժամանակ «Ապառաժ»-ը բացառիկ հարցազրույց է ունեցել իրանցի հետազոտողի հետ:
Արցախը մեկն է մեր հարևաններից, որի հետ մենք մոտավորապես 135կմ. ընդհանուր սահման ունենք։ Միգուցե շատ իրանցիներ չգիտեն, որ նման հարևան ունենք, քանի որ այն քարտեզի վրա տեսանելի չէ։ Ընդհանուր առմամբ, կցանկանայի իմանալ, թե ինչպիսի՞ն է ձեր քաղաքականությունը Իրանի նկատմամբ։
Ընդհանրապես, մենք դրական վերաբերմունք ունենք Իրանի հանդեպ: Մենք գնահատում ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Իրանի քաղաքականությունը, որը հավասարակշռված է և հիմնականում չեզոք բնույթ է կրում: Հատկանշական է, որ Իրանը 1992 թվականի առաջին կեսին այս հակամարտության կարգավորման հարցում հանդես է եկել որպես միջնորդ, որը խոսում է այն մասին, որ Իրանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում: Այդ մասին է վկայում նաև այն, որ այսօր պաշտոնական Թեհրանը պատրաստակամություն է հայտնում կրկին միջնորդական առաքելություն իրականացնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
Հարկ է նշել, որ Իրանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն ունի ընդհանուր սահմաններ բոլոր երեք հակամարտ կողմերի՝ Հայաստանի Հանրապետության (ՀՀ), Արցախի Հանրապետության և Ադրբեջանի հետ:
Արցախը ընդհանուր սահմանակցում է երեք պետությունների. արևմուտքում` Հայաստանի Հանրապետության, արևելքում՝ Ադրբեջանի և հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Հայաստանի Հանրապետության հետ սահմանները բաց են, ընդ որում, ՀՀ միջոցով է ապահովվում արտաքին աշխարհի հետ կապի միակ ճանապարհը։ Ադրբեջանի հետ սահմանն ավելի շուտ կարելի է անվանել ռազմաճակատ։ Չնայած մեր երկու ժողովուրդների կողմից միմյանց հանդեպ բարիդրացիական տրամադրվածությանը՝ Արցախի և Իրանի միջև սահմանը մնում է փակ, ինչն անբնական է:
Մենք շահագրգռված ենք գործող սահմաններ և բարիդրացիական հարաբերություններ ունենալ հարևան բոլոր երկրների, այդ թվում՝ Իրանի հետ։ Համոզված եմ, որ նաև Իրանի շահերից է բխում Արցախի հետ պահպանել ընդհանուր սահմանը։ Կարծում եմ, որ դա համահունչ է նաև տարածաշրջանում հետաքրքրված այլ դերակատարների շահերին։
Դուք մի երկրի արտգործնախարար եք, որը պաշտոնապես միջազգային ճանաչում չի ստացել։ Այս հասկացողության մեջ մի փոքր հակասություն կա։ Ձեր փորձառությունը` որպես նման երկրի արտգործնախարար, ինչպիսի՞ն է, և ձեր հարաբերությունները այլ երկրների հետ ի՞նչ հարթակի վրա են, ինչպե՞ս են ձևավորվում այդ հարաբերությունները։
Որևէ հակասություն չեմ տեսնում: Մեր հանրապետությունը հռչակվել է 1991 թվականին, և բնական է, որ մենք պետք է ունենանք արտաքին հարաբերություններ, այդ թվում՝ միջազգային ճանաչման հասնելու համար: Մենք իրականացնում ենք ճանաչված պետություններին բնորոշ գործառույթներ, որոնցից է, նախ և առաջ, անվտանգ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծումը։
Հարկ է նշել նաև, որ Արցախի Հանրապետությունը լիովին համապատասխանում է 1933 թվականի «Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին» Մոնտեվիդեոյի կոնվենցիայով սահմանված պետությունների միջազգային իրավասուբյեկտության չափանիշներին, որոնցից մեկը այլ երկրների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողությունն է:
ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից Արցախի Հանրապետության դեռևս չճանաչված լինելու հանգամանքը չի կարող կասկածի տակ դնել այն իրողությունը, որ Արցախը հանդես է գալիս տարածաշրջանում որպես կարևոր ռազմաքաղաքական գործոն։
Հայտնի են բազմաթիվ պետություններ, որոնք միջազգային ճանաչում են ստացել իրենց ստեղծումից տասնամյակներ հետո։ Հարկ է հիշատակել նաև Շվեյցարիայի օրինակը, որը միջազգայնորեն ճանաչվել է մի քանի հարյուր տարի հետո։
Արցախի ճանաչման գործընթացը սկսված է։ Ներկայումս այն ընթանում է օտարերկրյա պետությունների առանձին վարչական միավորների՝ նահանգների, շրջանների և քաղաքների մակարդակներով։ Օրինակ, այս օրերին Արցախում է գտնվում մեր հանրապետությունը ճանաչած ԱՄՆ նահանգներից մեկի՝ Կալիֆորնիա նահանգի պատգամավորների պատվիրակությունը։
Եթե մշտական խաղաղության պայմանագիր ստորագրվի Բաքվի հետ, հավանաբար, ըստ բանակցությունների՝ դուք այս քաղաքներից մի մեծ մաս ձեռքից կտաք, այսինքն այն տարածաշրջանները, որ Արցախից դուրս են։ Կարո՞ղ է նման խաղաղության պայմանագրի դեպքում Արցախի հետ այլևս հարևան չլինենք։
Այսօրվա մեր պետական սահմանները պատմական Արցախից դուրս չեն գտվում։ Հարկ է նշել նաև, որ Արցախի Հանրապետության մի շարք տարածքներ, օրինակ, Շահումյանի շրջանը, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասը, որոնք կազմում են հանրապետության տարածքի մոտավորապես 15 տոկոսը, մինչ օրս օկուպացված են Ադրբեջանի կողմից:
Արցախի իրավազորության տակ գտնվող տարածքներն ամրագրված են համաժողովրդական հանրաքվեով ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, որն արտահայտում է մեր ժողովրդի կամքը։ Այսինքն, և՛ մայրաքաղաք Ստեփանակերտում, և՛, ասենք, Արաքսի ձախ ափին գործում է նույն օրենսդրությունը, նույն իրավական դաշտը. որևէ տարբերություն չկա:
Արդյո՞ք այս մոտեցումը համապատասխանում է Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններին։
Նշենք, որ հակամարտության երեք կողմերը կարգավորման համար առանցքային են համարում տարածքների, Արցախի կարգավիճակի, փախստականների, անվտանգության և Արցախի ու Հայաստանի Հանրապետության ապաշրջափակման հարցերը, որոնք կողմերը ժամանակին առաջ են քաշել որպես բանակցությունների առարկա:
Ընդհանրապես, ինչ վերաբերում է բանակցություններին և տևական կարգավորման հասնելու հեռանկարներին, կարող եմ նշել, որ բանակցային գործընթացն արդեն իսկ ունի իր պատմությունը։ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի (ԵԱՀԿ ՄԽ) շրջանակներում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները սկիզբ են առել դեռևս 1992 թ. և ունեցել են տարբեր փուլեր։
Անհրաժեշտ է նշել, որ Արցախը ճանաչված է ԵԱՀԿ կողմից որպես հակամարտող կողմ։ Այսինքն, ԵԱՀԿ փաստաթղթերում հստակ նշված է, որ այս հակամարտությունում ներգրավված է երեք կողմ՝ երկու ԵԱՀԿ անդամ պետություն, և երրորդ կողմ, որը Լեռնային Ղարաբաղն է: Սա էական նշանակություն ունի:
Մինչև 1997 թ. տեղի էին ունենում լիարժեք՝ եռակողմ ձևաչափով բանակցություններ, որոնք ընթանում էին դասական եղանակով։ Եվ հենց այդ ժամանակահատվածում արձանագրվեցին կարգավորման գործընթացում եզակի շոշափելի արդյունքներ՝ 1994 թ. 1995 թ. կնքվեցին հրադադարի և դրա ամրապնդման մասին եռակողմ համաձայնագրերը, որոնց ներքո կա նաև արցախյան կողմի ստորագրությունը։ Սակայն, 1997 թվականից ի վեր, կարելի է ասել, խաղաղ գործընթացն ընթանում է խեղված ձևաչափով՝ առանց Արցախի ուղղակի մասնակցության, ինչը բացասական է ազդում կարգավորման գործընթացի արդյունավետության վրա։
Այժմ դասական առումով բանակցային գործընթաց չկա, ինչպիսին եղել է մինչև 1997 թվականը: 1997 թվականից սկսած միջնորդները կիրառում են մաքոքային դիվանագիտության (shuttle diplomacy)մեթոդը. աշխատանքներ են տարվում կողմերի հետ մի շարք սկզբունքների համաձայնեցման շուրջ, որոնց հիման վրա հնարավոր կլինի շարունակել բանակցությունները:
Սակայն այդ գործընթացը դժվարությամբ էր ընթանում, իսկ 2016 թ. ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, ինչը շատ մեծ հարված էր նաև խաղաղ գործընթացին, ավելի է հեռացրել հակամարտության վերջնական լուծման հասնելու հեռանկարները։
Եվ ներկայումս գլխավոր խնդիրը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումն է, և միջնորդների ջանքերը հիմնականում դրան են ուղղված:
Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանը փոխեց իր քաղաքականությունը՝ ի շահ Բաքվի։
Չեմ կարծում, որ Ռուսաստանի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն է եղել: Ռուսաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն են և համաձայնեցված մոտեցումներ ունեն այս տարածաշրջանում խաղաղության ապահովման շուրջ:
Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմին, հարկ է նշել, որ երկու այլ համանախագահող երկրների համաձայնությամբ է Ռուսաստանն այդ օրերին ավելի ակտիվ դերակատարություն ունեցել ռազմական գործողությունները կանգնեցնելու հարցում, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ երեք համանախագահող երկրներից միայն Ռուսաստանն ունի ռազմական գործողությունների ժամանակ կողմերի վրա ազդելու համապատասխան գործիքակազմ: Հետևաբար, պատահական չէ, որ ապրիլի 5-ին Ռուսաստանի միջնորդությամբ կողմերը եկան բանավոր համաձայնության՝ դադարեցնել ռազմական գործողությունները և վերականգնել 1994 թվականի մայիսի 12-ի համաձայնագրով հաստատված հրադադարի ռեժիմը։
Ընդհանրապես, տարբեր ժամանակահատվածներում ականատես ենք լինում, որ համանախագահող երկրներից որևէ մեկը՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը կամ Ֆրանսիան, առավել ակտիվ գործունեություն է ծավալում կարգավորման գործընթացում: Սակայն դա իրականացվում է մնացած միջնորդ երկրների հետ համաձայնեցված։
Որքանով տեղյակ եմ, ԵԱՀԿ Մինսկի խումբը արգելել է ցանկացած երկրի զինամթերք վաճառել Հայաստանին կամ Ադրբեջանին։ Բայց Ռուսաստանը վերջին 3-4 տարվա ընթացքում մոտ 6մլդ. դոլարի զինամթերք է վաճառել Ադրբեջանին։ Հնարավո՞ր է, արդյոք, որ Ռուսաստանը մի քաղաքականություն վարի Մինսկի շրջանակներում, և մեկ այլ քաղաքականություն՝ նրա շրջանակներից դուրս։
Որպես կանոն, արևմտյան երկրները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմերին զենք չեն մատակարարում:
Սակայն, Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում զենք է տրամադրում թե՛ Ադրբեջանին և թե՛ Հայաստանի Հանրապետությանը։ Ռուսաստանը նաև ՀՀ ռազմավարական դաշնակիցն է և նրան զենք է վաճառում ներքին գներով՝ ավելի ցածր, քան Ադրբեջանին:
Սակայն, հաշվի առնելով ՀՀ հետ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները, Ադրբեջանի հետ նման համագործակցությունը բարոյական տեսանկյունից բացասական է ընդունվում թե՛ Արցախում և թե՛ Հայաստանի Հանրապետությունում։
Ռուսաստանը դա բացատրում է նրանով, որ եթե իրենք զենք չվաճառեն, դա կանեն ուրիշները, և նշում, որ այդպիսի առևտրային հարաբերություններ ունենալով Ադրբեջանի հետ՝ իրենք նաև փորձում են ռազմական հավասարակշռություն պահպանել տարածաշրջանում:
Կարելի է համաձայնել այդ մոտեցման հետ մի դեպքում, եթե Ռուսաստանը Ադրբեջանի միակ մատակարարը լիներ, այնինչ մենք գիտենք, որ մոտավորապես նույն գումարի չափով զենք և զինամթերք Ադրբեջանը գնել է Իսրայելից: Այլ մատակարարներից կարելի է նշել՝ Թուրքիան, Պակիստանը, Ուկրաինան, Բելառուսը:
Ադրբեջանը ռազմա-արդյունաբերական ոլորտում համագործակցում է նաև Հարավային Աֆրիկայի հետ: Իսկ վերջերս հրապարակումներ եղան այն մասին, որ Ադրբեջանը ձեռք է բերել նաև չեխական արտադրության զենքեր։
Եթե ադրբեջանական ուժերը ցամաքային հարձակում գործեն, որտեղի՞ց նրանք կհարձակվեն, և որտե՞ղ են տեղակայված ձեր պաշտպանողական գծերը։
Այս հարցի պատասխանը հայտնի է Ադրբեջանի ռազմական կազմավորումների ղեկավարությանը, ինչպես նաև Արցախի հետախուզական կառույցներին։
Մեր երկրի ռազմական անվտանգությունն ապահովելու նպատակով շարունակում ենք ակտիվ աշխատանքներ իրականացնել պաշտպանական գծի ողջ երկայնքով։
Ինչպես ականատես եղանք, 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը հարձակման համար ընտրել էր մի քանի ուղղություն։ Եվ Արցախի պաշտպանության բանակն ապացուցեց, որի վիճակի է կանգնեցնել Ադրբեջանի հարձակումներն ու ապահովել երկրի հուսալի պաշտպանությունը: Իհարկե, ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ պաշտպանության բանակի կողքին կանգնեցին նաև կամավորներ՝ ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունից, ովքեր իրենց պարտքը համարեցին մասնակցել հայրենիքի պաշտպանության գործին՝ չսպասելով, որ մոբիլիզացիա հայտարարվի:
Արցախի անվտանգության ապահովմանը վերաբերող հարցերը գտնվում են հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ուշադրության և անմիջական վերահսկողության ներքո: Կարող եմ ընդգծել, որ ապրիլից հետո մենք ավելի ուժեղ ենք և շարունակում ենք ստեղծել տարբեր զսպման մեխանիզմներ՝ կանխարգելելու Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սանձազերծումը։
Նյութեր կան, որ հաստատում են թուրքական ուժերի մասնակցությունը ապրիլյան պատերազմում։ Դուք հաստատու՞մ եք այդ փաստը։
Փաստ է, որ Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է, և որ նրանք սերտորեն համագործակցում են ռազմական ու ռազմատեխնիկական բնագավառներում և շատ հաճախ նաև համատեղ զորավարժություններ են անց կացնում ՝ այդ թվում Նախիջևանի տարածքում: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի բանակում արդեն վաղուց ծառայում են Թուրքիայից բազմաթիվ ռազմական խորհրդականներ, իսկ Ադրբեջանի սպայական կազմը վերապատրաստվում է հիմնականում Թուրքիայում։ Այսպիսով, չի բացառում, որ Թուրքիան որոշակի դերակատարություն է ունեցել նաև ապրիլյան պատերազմի ժամանակ:
Անկախ հանրային կարծիքից, եթե նախկինում այստեղ ապրած ադրբեջանցիները ցանկանան վերադառնալ և ձեզ հետ մեկ տանիքի տակ ապրել առանց որևէ պայմանների, դուք կընդունե՞ք, թե ոչ։
Մենք համարում ենք, որ այս հակամարտության մեջ բոլոր երեք կողմերից կան հակամարտությունից տուժածներ։ Այդ խմբին են դասվում նաև փախստականներն ու ներքին տեղահանվածները, և այդ խնդիրը միայն Ադրբեջանինը չէ:
Խորհրդային Միության վերջին՝ 1989 թվականի մարդահամարի տվյալներով, Ադրբեջանում ապրում էր 390,000 հայ, իսկ ըստ որոշ աղբյուրների՝ մոտ կես միլիոն հայ: Արցախում ապրում էր մոտ 40,000 ադրբեջանցի: Այսինքն, Ադրբեջանում ապրում էր 10 անգամ ավելի շատ հայ, քան Արցախում՝ ադրբեջանցի, և այս բոլոր մարդիկ տուժել են Ադրբեջանի քաղաքականության, և, հատկապես, Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով:
Մեր մոտեցումն է, որ պետք է հարգվեն բոլոր փախստականների և տեղահանվածների իրավունքները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդությամբ ընթացող բանակցություններում, որոնց ես ժամանակին մասնակցել եմ Արցախի պաշտոնական պատվիրակության կազմում, միջնորդների առաջարկներում նշվում էր պայմաննների ստեղծման անհրաժեշտությունը՝ տեղահանված անձանց և փախստականների՝անկախ ազգային պատկանելությունից, երաշխավորված, անվտանգ, կամավոր ու հավասարակշռված վերադարձը և արժանապատիվ կեցությունն ապահովելու համար։
Հայերին ու ադրբեջանցիներին վերադարձի իրավունքով օժտումը, որոշ բացառություններով հանդերձ, չի վիճարկվում. խնդիրը կայանում է ներկայումս այդ իրավունքի իրականացման համար իրավաքաղաքական պայմանների բացակայության մեջ: Միևնույն ժամանակ, վերադարձը այդ խնդրի լուծման ձևերից միայն մեկն է. միջազգային իրավունքով նախատեսված և միջազգային պրակտիկայում կիրառված վնասների փոխհատուցման այլընտրանքային այլ ձևերից են բնակչության փոխանակումը, փոխհատուցումը, կատարվածի չկրկնման երաշխիքները և այլն:
Փախստականների հարցը կարգավորման գործընթացի առանցքային հարցերից մեկն է, ընդ որում, բոլոր այդ հարցերը սերտորեն փոխկապակցված են: Այս խնդրի համալիր լուծման համար նախ անհրաժեշտ է ճանաչել Արցախի անկախ կարգավիճակը:
Մենք շահագրռված ենք, որ հնարավորինս շուտ գտնվի համակարտության հանգուցալուծումը, ինչը թույլ կտա կայունություն և բարգավաճում ապահովել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար։