կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-07 11:21
Քաղաքական

Ինչու է Կարեն Կարապետյանի կառավարությունն այդքան քիչ տնտեսական աճ կանխատեսում

Ինչու է Կարեն Կարապետյանի կառավարությունն այդքան քիչ տնտեսական աճ կանխատեսում

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում շարունակվում են 2017թ. բյուջեի նախագծի քննարկումները: Տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց նախարարության ոչ ֆինանսական ցուցանիշները և այն ծրագրերն ու միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն նախարարության կողմից:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց, թե ինչո՞ւ է կառավարությունը քիչ տնտեսական աճ նախատեսում, եթե այդքան ծրագրեր ու միջոցառումներ պետք է իրականացնի: Հիշեցնենք, որ կառավարությունը նախատեսել է 3,2 տոկոս տնտեսական աճ:

Պատգամավորը հարցրեց նաև, թե ինչո՞ւ է ներդրումների ծավալը նվազում, եթե կրկին այդքան լավ միջոցառումներ է իրականացնում տնտեսական զարգացման նախարարությունը:

Նախարար Սուրեն Կարայանի խոսքով՝ չի բացառվում, որ միջոցառումների իրականացման արդյունքում տնտեսական աճն ավելի լինի, քան նախատեսած՝ 3,2 տոկոսն է: Պարզապես, ըստ նախարարի, հաշվարկներն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ կարող են կանխատեսել 3,2 տոկոս աճ:

Ինչ վերաբերում է ներդրումների ծավալին, ապա, ըստ նրա, նախատեսված միջոցառումների իրականացումը կբերի ներդրումային միջավայրի գրավչության մեծացման:

«Ստեղծելու ենք բոլոր ինստիտուցիոնալ համակարգերը, որ խրախուսենք ներդրումները Հայաստանում: Ստեղծելու ենք շատ նպաստավոր ու գրավիչ ներդրումային միջավայր, կգովազդենք այն աշխարհով մեկ, կհամագործակցենք այն պետությունների հետ, որոնցից ներդրումների հոսք ենք ակնկալում»,- ասաց Սուրեն Կարայանը:

Նա նաև հավելեց, որ դժվար է կանխատեսել, թե որքան ներդրումներ կարվեն Հայաստանում, բայց կառավարությունը կիրականացնի բոլոր անհրաժեշտ միջոցառումները` դա ապահովելու համար, կվերանայվի արդյունաբերական քաղաքականությունը, կմշակվի արդյունաբերության նոր ռազմավարություն: