Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 5-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնությամբ` տեղի է ունենալու «Հայաստան-25. Աշխարհը և կանայք» համաժողովը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Միջոցառմանը մասնակցելու են ՀՀԿ տարածքային և մարզային կառույցների ավելի քան 600 անդամներ, հասարակական-քաղաքական ազդեցիկ և հեղինակավոր գործիչ-կանայք՝ Հայաստանից, Արցախից ու արտերկրից:
Բացման արարողությանը մասնակցելու և ելույթով հանդես է գալու ՀՀ և ՀՀԿ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայաստանից համաժողովին ներկա կլինեն կանանց հասարակական և բարեգործական կազմակերպություններ: Հրավիրյալների թվում են` գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի բնագավառների գործիչներ, զոհվածների մայրեր, ազատամարտիկներ:
Արցախի հանրապետությունից մասնակցում են «Ազատ հայրենիք», «Արցախի ժողովրդական» և «Արցախի հանրապետական» կուսակցությունների կանանց խորհուրդները: Կրթության, տարածքային ոլորտների ակտիվ կանայք, հասարակական-բարեգործական կազմակերպությունների կին ներկայացուցիչներ:
«Հայաստան-25. Աշխարհը և կանայք» համաժողովին կհնչեն նաև Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի ուղերձները, ԵԺԿ Կանանց կազմակերպության ղեկավար Դորիս Փեքի տեսաուղերձը, Կանանց Համաչինական ֆեդերացիայի ուղերձը:
«Հայաստան-25. Աշխարհը և կանայք» համաժողովին բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը: Հայտարարելով համաժողովի մեկնարկի մասին՝ իր ելույթում ՀՀԿ կանանց խորհրդի նախագահը կընդգծի, որ պատմական այս դահլիճում, որտեղ ընդունվել է ՀՀ անկախության հռչակագիրը, խոսվելու է մեր երկրի անցած ուղու և ապագայի անելիքների մասին:
Արտերկրից համաժողովին կմասնակցեն և ելույթներով հանդես կգան պատգամավորներ՝ ՌԴ Դաշնության խորհրդի գիտության, կրթության և մշակույթի հանձնաժողովի նախագահ Զ. Դրագունկինան, Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Տ. Բատիշևան, Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսի պատգամավոր, օրենսդրության եւ դատաիրավական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Ն. Միքայելյանը և այլք:
Համաժողովի ընթացքում քննարկվելու են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` կանանց տեղն ու դերը հասարակական-քաղաքական կյանքում, ժամանակակից աշխարհում, տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում, ընտրություններում կանանց ներգրավվածությունը, կանանց ինքնադրսևորման խթանները և արգելքները: Անդրադարձ է կատարվելու նաև արդի ժողովրդագրական խնդիրներին ու կանանց անելիքներին: