կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-05 12:33
Տարածաշրջան

Թուրք լրագրողը զուգահեռներ է անցկացրել 1915թ. և այսօրվա Թուրքիայի դեպքերի միջև

Թուրք լրագրողը զուգահեռներ է անցկացրել 1915թ. և այսօրվա Թուրքիայի դեպքերի միջև

«Անատոլիան ականատեսն է ապրիլի 24-ին հայերի հետ կատարվածին շատ նման զարգացումների: Այս անգամ ոչ թե հայ քաղաքական գործիչներն ու մտավորականներն են իրենց տներում հարձակման ենթարկվում ու ձերբակալվում, այլ քրդերը:
Քուրդ քաղաքական առաջնորդների դեմ նման գործողություններն անխուսափելի էին, հատկապես երբ պետության գեների մեջ ներծծված մասնատման վախին գումարվում է Էրդողանի զայրույթը», - գրում է թուրքական «haberdar.com» թերթի սյունակագիր Էրգյուն Բաբահանը. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Հեղինակը նշում է, որ Թուրքիայի կառավարությունը միավորվել է քրդերի դեմ: Ընդ որում, կառավարություն ասելով, տվյալ դեպքում պետք է հասկանալ ոչ միայն Էրդողանին և նրա «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP), այլև ընդդիմադիր Ժողովրդահանրապետական (ԺՀԿ-CHP), «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) և «Հայրենիք» կուսակցությունները, որոնք հանուն քրդերից ազատվելու պատրաստ են թեկուզ ժամանակավորապես միավորվել ԱԶԿ-ի հետ:

«Պատմության այս փուլում քրդերի վիճակը սուննի մուսուլմանների դեմ միայնակ մնացած հայերի վիճակից չի տարբերվում:
Թուրքիայում ամեն օր սաստկացող  ֆաշիզմին Եվրամիության և Ամերիկայի արձագանքը շատ թույլ է: Չնայած ողջ մարդասիրական պաթոսին՝ Արևմուտքը գերադասում է իր սեփական շահը և նախընտրում է Թուրքիայում կատարվող դեպքերին նայել հանդիսատեսի դիրքից»:

Բաբահանը նկատել է տալիս, որ հակառակ դեպքում Էրդողանը կարող է իրագործել իր սպառնալիքը և միլիոնավոր սիրիացիներին ուղարկել Եվրոպա՝ տակնուվրա անելով ողջ աշխարհը:

Հեղինակի խոսքերով՝ երբ Անատոլիայի հնագույն ազգը իրենց հողերից արմատախիլ էր արվում,  Օսմանյան պետության դաշնակիցը ԳԵրմանիան էր, իսկ այսօր Ռուսաստանն է:

«Գուցե հիմա դեպի սիրիական անապատներ ձգվող քարավաններ, ժայռերին նետվելով սպանվող նորածիններ չկան, բայց մերօրյա պայմաններում շատ անիմաստ և անըմբռնելի ողբերգություն է տեղի ունենում»:

Բաբահանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այսօր փորձ է արվում քրդերին զրկել ինքնությունից, սուննիացնել:

«Հայերին այս հողերից արմատախիլ արած պետությունը վստահ է, որ իր այս նպատակին էլ հաստատ կհասնի: Նա համոզված է՝ անցյալում արել եմ, էլի կանեմ»:

«Այսօր Անատոլիան կրկին ողբերգության շեմին է: Նա կամ կրկին անգամ ականատեսը կլինի 1915թ. նման արյունոտ իրադարձությունների, կամ, միությունն ու միասնականությունը, կորցնելով կմասնատվի», - եզրափակում է հեղինակը: