կարևոր
4696 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-15 16:57
Քաղաքական

Արցախում նախագահ ընտրելու իրավունքը վերապահվում է Ազգային ժողովին. նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ

Արցախում նախագահ ընտրելու իրավունքը վերապահվում է Ազգային ժողովին. նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ մարտի 15-ի նիստի օրակարգում ներկայացված էր Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին նախագծի հարցը: Հանրապետության նախագահի աշխատակազմի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանի ներկայացմամբ՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պետական կառավարման համակարգի կայունությունն ու անընդհատությունն ապահովելն է:

Ինչպես տեղեկանում ենք Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հաշվի առնելով Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հրամայականը, երկրի առջև ծառացած մարտահրավերները, աշխարհաքաղաքական, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև ռազմական դրության պայմաններում պետական կառավարման համակարգի ճկունությունն ապահովելու նպատակով առաջարկվում է ռազմական դրության դեպքում նախագահ ընտրելու իրավունքը վերապահել Ազգային ժողովին:

Նախագիծը ներկայացնելուց հետո հեղինակը առաջարկել է մինչև երկրորդ ընթերցում գրավոր առաջարկությունների համար ժամկետ սահմանել մեկ շաբաթ:

Նախագիծը նախապես քննարկվել էր գլխադասային հանձնաժողովի նիստում և արժանացել էր դրական եզրակացության:

Մտքերի փոխանակությամբ հանդես են եկել Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և պատգամավոր Գեղամ Ստեփանյանը:

Այնուհետև նախագիծը քվեարկության է դրվել  և միաձայն ընդունվել առաջին ընթերցմամբ:

Հաջորդիվ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը հրապարակել է Ազգային ժողովի որոշումը, որի մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

2023 թվականի մարտի 15-ին Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամաբ  ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման ժամկետը սահմանել մինչև սույն թվականի մարտի 21-ը՝ ժամը 17:00-ն»: