Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-10-10 18:04
Քաղաքական

ՀՀԿ-ն կուլիսային պայմանավորվածություն չունի. Հովհաննես Սահակյան

ՀՀԿ-ն կուլիսային պայմանավորվածություն չունի. Հովհաննես Սահակյան

Այն, ինչ տեղի ունեցավ այսօր Վանաձորում ավագանու ղեկավար ընտրելու ժամանակ, անթույլատրելի էր. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը` անդրադառնալով Վանաձորի քաղաքապետի ընտրություններին:

Ըստ նրա` կրկնակի անթույլատրելի էր, երբ օրինականության և ժողովրդավարության ջատագով, այլ դիրքերից ելույթ ունեցող իրենց գործընկերը /Էդմոն Մարուքյանը-խմբ./ ուղղորդում էր ավագանու անդամներին, որպեսզի քվեաթերթիկը ցույց տան: «Ավագանու անդամներին ստիպեցին որոշում կայացնել, որ միայն մեկ գույնի գրիչով քվեարկեն, այնուհետև ցույց տան քվեաթերթիկը: Սրանք իրար հակասող թեզեր են, և առավել ևս ասել, որ` լավ ենք անում, այսպես ենք ուզում, այս կեցվածքն արդեն մտահոգիչ է: Իշխանությանը քննադատում են «Լավ ենք անում, մեր դեմ խաղ չկա» սկզբունքի համար, իշխանություններին քննադատում են ուղղորդված ընտրությունների համար, մեղադրում են, թե քվեախցիկներում մարդիկ են կանգնած և տեսնում են` ով ինչպես է քվեարկում, սակայն մենք ուղիղ եթերում դրա ականատեսը եղանք ժողովրդավարության ջատագովների կողմից»,- հայտարարեց պատգամավորը:

Սահակյանի խոսքով` սրանից լուրջ հետևություններ է պետք անել: Նա չցանկացավ այս ամենի դրսևորումներին անդրադառնալ, միայն նշեց. «Մամիկոն Ասլանյանը, ստանալով 19 ձայն, վստահ եմ, որ ամեն ինչ անելու է, որ թե' ավագանու անդամները, թե' վանաձորցիները իրենց քվեարկության, նրան ղեկավար ընտրելու համար հասկանան, որ ճիշտ ընտրություն են կատարել, և դա նրա մոտ կստացվի»:

Ըստ պատգամավորի` Մարուքյանի այդ խոսքերը կարող են այլ ենթատեքստ էլ ունենալ: «Լուսավոր Հայաստան» քաղաքական ուժի ղեկավարի և ԱԺ պատգամավորի այդ պահվածքը մտահոգվելու առիթ է տալիս նաև մեկ այլ առումով` դա վստահության չունենալն է իր թիմակիցների հանդեպ, դրա համար էր միգուցե ասում` բաց քվեարկեք: Այստեղ պետք է մտածեն նաև իրենք, թե ինչո՞ւ էր այդպես ասում»,- ասաց նա:

Ըստ Սահակյանի` ՀՀԿ-ն կուլիսային պայմանավորվածություն չունի այդ ուժերից որևիցե մեկի հետ: «Ես չեմ կարծում, որ այդ ուժերից որևիցե մեկի հետ ՀՀԿ-ն կուլիսային պայմանավորվածություն ունի: Երեք կուսակցություններն էլ հայտարարեցին, նույնիսկ` հուշագիր ստորագրեցին, որ սատարելու են «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը»,- ասաց պատգամավորը` հավելելով` միգուցե «Լուսավոր Հայաստանի» մե՞ջ կար խնդիր, նրա անդամներից մի քանիսը ձայն պետք է տային այլ թեկնածուի, այդ պատճառով էր բաց քվեարկելու պահանջը:

Մեր ճշտող հարցին` գուցե հենց Հանրապետականի հետ պայմանավորվածության արդյունքում էր, որ փորձում էին խանգարել հանձնաժողովի գործունեությունը, Սահակյանն արձագանքեց. «Միգուցե: Բավական լուրջ քննարկելու հարցեր կան, մենք էլ պետք է հասկանանք` ինչ է եղել»:

Նրա խոսքով` Էդմոն Մարուքյանը պետական բյուջեին միշտ կողմ է քվեարկել, իսկ այսօր ուղիղ եթերով հայտարարում է` ով հետագայում կողմ կքվեարկի Վանաձորի բյուջեին 3 քաղաքական ուժերից կամ ավագանու անդամների միջից, դրանից էլ պարզ կդառնա` ով է ի վնաս մեզ քվեարկել:

Սահակյանը նաև հավելեց, որ, հաշվի առնելով այն փաստը, որ Մարուքյանը միշտ կողմ է քվեարկել պետական բյուջեին` պատճառաբանելով, թե ի շահ Վանաձորի լավ ծրագրեր կան, սա չի կարող փաստ լինել: