Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանն ուշի-ուշով հետեւում է տարածաշրջանում դեպքերի զարգացմանը. մեզ համար կարեւոր է թույլ չտալ, որ Հարավային Կովկասում տարածաշրջանից դուրս գտնվող այլ պետություններ գան ու այստեղ ներկայություն ունենան. Սա իրանի համար «կարմիր գիծ» է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Իրանի մեջլիսի հայ պատգամավոր Արա Շահվերդյանը:
Նա հիշեցրեց, որ օրերս Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է այցելել Իրան, հանդիպումներ է ունեցել, որոնց ժամանակ Իրանական կողմը եւս մեկ անգամ իր «կարմիր գծերի» մասին հստակ ասել է. «Ակնկալիքն այն է, որ տարածաշրջանի բոլոր երկրները, ի մասնավորի Հայաստանն ու Ադրբեջանը, իմանան եւ հարգեն Իրանի կարմիր գծերը: Իրանը թույլ չի տա, որ որեւէ պետություն տարածաշրջանում խախտի եւ հարցականի տակ դնի Իրանի անվտանգությունն ու սահմանները»,-ընդգծեց Արա Շահվեդրյանը:
Անդրադառնալով տեսակետին, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում Ալիեւի եւ Փաշինյանի միջեւ կուլիսային ինչ-որ պայմանավորվածություն կա, Իրանի խորհրդարանի պատգամավորն ասաց. «Գոնե ինձ մոտ այդ մտահոգությունը կա, որովհետեւ տեսնում ենք, թե ինչպես միանգամից փոփոխություններ եղան տարածաշրջանում, Ղարաբաղից տեղահանվեցին 100 հազարից ավելի հայեր, հետո եղավ ԼՂՀ-ի կազմալուծման հայտարարությունը: Հետո տեսնում ենք, որ ձերբակալվեցին Արցախի նախկին նախագահները: Այս ամենը մտահոգիչ է եւ ես հույս ունեմ, որ կուլիսներում էլ որոշումներ չլինեն, այդ թվում Զանգեզուրի հետ կապված»,-ասաց հայ պատգամավորը:
Անդրադառնալով Թուրքիայի նախագահի հայտարարությանը, որ եթե Հայաստանը միջանցք չտրամադրի, այդ միջանցքը կանցնի Իրանի տարածքով, Արա Շահվերդյանն ասաց. «20 տարուց ավելի է, որ այդ միջանցքը, ավելի ճիշտ ճանապարհը կա, որով Ադրբեջանը կապվում է Ադրբեջանի հետ: Դրանով կարծես Թուրքիան ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին ասում է, որ եթե դուք ինձ նեցուկ չկանգնեք «Զանգեզուրի միջանցքի» հարցում, մենք Իրանի ճանապարհից կօգտվենք: Մյուս կողմից էլ Հայաստանին են ասում, որ եթե միջանցքը Իրանով անցնի, Հայաստանը տնտեսական շահից կզրկվի: Ես հուսով եմ, Հայաստանի իշխանությունն ավելի ուշադիր կլինի այս տեսակի քայլերի հարցում եւ թույլ չի տա, որ «Զանգեզուրի միջանցք» միջանցքը իրականան, քանի որ դա լուրջ խնդիրներ է ստեղծելու Հայաստանի անվտանգության համար:
Աղբյուրը՝ NEWS.am