կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-06 11:36
Քաղաքական

Նեղանալ չկա. Սերժ Սարգսյանը՝ կառավարության անդամներին

Նեղանալ չկա. Սերժ Սարգսյանը՝ կառավարության անդամներին

Այսօր կառավարության նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց կառավարության կազմը` իր ողջույնի խոսքը հղելով գործադիրի բոլոր անդամներին: Նա նշեց, որ սահմանված ժամկետում նշանակվել են կառավարության բոլոր անդամները, և շնորհավորեց նրանց պետական բարձր պաշտոններում ծառայության անցնելու կապակցությամբ:

«Ավելորդ եմ համարում հիշեցնել այն պատասխանատվության մասին, որ դուք ստանձնել եք: Ակնհայտ է որ կառավարության թիվ մեկ խնդիրը կառավարման արդյունավետության բարձրացումն է: Մարտահրավերների պակաս չկա թե\' տարածաշրջանում, թե\' Հայաստանում: Ակնհայտ է, որ շատ ավելի հեշտ է հասնել բարձր տնտեսական արդյունքների, երբ շուրջդ խաղաղ է, և հարևաններն ու գործընկերներն ունեն տնտեսական աճ: Շատ ավելի բարդ է, երբ կան արտաքին քաղաքական ազդակներ, և պարտավոր ես անել առավելագույնը՝ ունենալով զարգացում: Մեզ պետք է շարունակել լինել մրցունակ և հետևողականորեն բարձրացնել տնտեսական արդյունավետությունը: Իմ համոզումն է, որ հնարավոր է և պետք է ավելի լավ, ռացիոնալ կառավարել համեստ միջոցները և հասնել անհամեմատ ավելի լավ արդյունքների: Կարծում եմ` մեր հասարակությունը նույն ակնկալիքներն ունի:

Մեր տնտեսության և հասարակության ներուժն ավելի կազմակերպված և նպատակային աշխատանքի մեջ է: Սահմանադրական բարեփոխումներից հետո մենք սկսել ենք համակարգային փոփոխություններ: Այս տեսանկյունից ներկա կառավարությունը լրջագույն դերակատարում է ստանձնում, այն է՝ դառնալ այս փոփոխությունների լոկոմոտիվն ու շարժիչն ուժը, իրականացնողը: Կառավարման կիսանախագահական համակարգին անցումը, խորհրդարանական կառավարման համակարգը փոխում են ոչ միայն երկրի կառավարման մոդելը, այլև հավաքական մտածողության փոփոխության հարցը: Միգուցե մարդիկ ամբողջովին չեն էլ պատկերացնում, թե ինչ մասշտաբներով է փոխվելու մեր իրականությունը սահմանադրական բարեփոխումների և նոր կառավարման մոդելի անցման դեպքում: Ձեզ վիճակված է դառնալ այս անցումային ժամանակի առաջնորդողը: Ես հավատում եմ ձեր ուժերին, հավատում եմ, որ ՀՀ այս կառավարությունը կարող է անել այն, ինչ չի հաջողվել նախկին բոլոր կառավարություններին: Այս աշխատանքում դուք մենակ չեք լինելու, ներդաշնակորեն գործելու եք մեր երկրի բոլոր մարմինների հետ, որոնք սատարելու աջակցելու ու ոգևորելու են, բայց շարժիչ ուժը պետք է լինի կառավարությունը, շինարարը պետք է լինի կառավարությունը: Այս նոր կառավարության հաջողությունը պայմանավորված կլինի այն ակնկալիքների արդարացմամբ, որն ունի մեր ժողովուրդը:

Ուրեմն պետք է լիարժեքորեն լծվել աշխատանքի, իմ հորդորն է նվիրվել անմնացորդ: Աշխատանքային հարաբերություններում շատ դժվարություններ կլինեն, բայց եղեք ամուր, հաստատակամ, նեղանալ և նեղսրտել չկա, ինչպես պայմանավորվել ենք: Բոլորս պետք է հասկանանք, որ երբ անցնում ենք պետական ծառայության, ապա միշտ անձնականը պետք է մղվի երկրորդական պլան: Վստահ եմ, որ ձեր ընտանիքների անդամները և ձեր ընկերները սա կհասկանան: Մի\' վախեցեք նրանից, որ կասեն՝ դարձել եք նախարար, մեզ հետ քիչ եք հանդիպում: Նվիրվելով աշխատանքին` դուք ձեր ընտանիքին և մեր ժողովրդին եք ծառայություն մատուցում:

Եղեք միասնական, վարչապետը սոսկ ձեր ղեկավարը չէ, այլ թիմն առաջնորդողը: Վստահ եմ որ նրա հնարավոր կշտամբանքներն ու դիտողությունները երբեք ձեր անձին չեն վերաբերում, այլ արվում են աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Իրոք, շատ բան ունենք անելու և այդ ճանապարհին լինելու ենք հաստատակամ, պետք է միայն առաջ գնանք: Նայեք առաջ, պրոբլեմների ժամանակ մի\' փորձեք դրանց արմատները տեսնել նախկինում, դա ամենից հեշտն է: Միշտ պետք է գտնել առաջ գնալու ուղիները, և ես վստահ եմ, որ մեր միասնական աշխատանքը կբերի հաջողության»,- ասաց Սերժ Սարգսյանը: