կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-07 12:09
Քաղաքական

Դժգոհները թող իրենց պահանջները ներկայացնեն դիմում-բողոքի տեսքով. Տիգրան Մուկուչյան

Դժգոհները թող իրենց պահանջները ներկայացնեն դիմում-բողոքի տեսքով. Տիգրան Մուկուչյան

ԿԸՀ-ն կքննարկի բոլոր այն դիմում-բողոքները, որոնք կստանա, իսկ տարբեր մարդկանց կողմից կնչող մեկնաբանություններն ուղղակի ոչ մի իրավական հիմք չունեն. այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Հարցին, թե ինչո՞ւ երեկ չհանդիպեց դեկտեմբերի 1-ից Ազատության հրապարակում իշխանափոխության կոչերով նստադուլ անող քաղաքացիների հետ, նա պատասխանեց, որ իրենք իրականացնում են իրավական ընթացակարգեր և այդ կապակցությամբ շատ հստակ հաղորդագրություն են տարածել: «Այսինքն` չանտեսվեց վերջիններիս կողմից ներկայացվող մոտեցումը, մեր կողմից համապատասխան արձագանք եղավ հայտարարության տեսքով և պարզաբանվեց, որ մենք իրականացնում ենք իրավական ընթացակարգեր: Նրանց ասացինք, որ եթե կա դիմում, որոնք նրանք ցանկանում են ներկայացնել ԿԸՀ-ին, որևէ խոչընդոտ չկա: Մեր ներկայացուցիչը երկու անգամ է հանդիպել նրանց հետ: Բնականաբար, եթե կներկայացվի նման դիմում, այն կդառնա պատշաճ քննարկման առարկա: Հակառակ պարագայում` տարաբնույթ տեսակետների վերաբերյալ զրույցները, ըստ էության, որևէ իրավական ընթացակարգի չեն ենթարկվում»,- ասաց Մուկուչյանը:

Հաջորդ հարցին, թե ինչպես է գնահատում ընտրությունների ընթացքը, նա պատասխանեց, որ առաջին հայացքից թվացյալ եզրահանգումներ կատարելը, իր կարծիքով, պատշաճ չէ: «Երեկ` օրվա ընթացքում, մեր կողմից ուսումնասիրվել են բազմաթիվ հաղորդագրություններ, և դրանց մի մասը չէր համապատասխանում իրականությանը, մյուս մասն ընդհանրապես աղերս չուներ իրականության հետ, բայց կային հանգամանքներ, որոնք թերևս հաստատվում էին, չնայած այլ փաստական հիմք ունեին: Այս ամբողջը պետք է քննարկվի»,- ասաց նա:

Երեկ` կեսգիշերից հետո, ՀԱԿ-ի շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը մամուլի ասուլիսով հանդես եկավ` հայտարարելով, որ ընտրախախտումները հասել են կես միլիոնի: Հարցի հետ կապված` Մուկուչյանը նշեց, որ չգիտի` ի՞նչ հիմքով են արվում նման հայտարարությունները: «Հասկանո՞ւմ եք` տարաբնույթ  գնահատականներ կարող են հնչել, բայց եթե նշված հանգամանքները ունեն փաստական հիմք, թող ներկայացնեն, մենք էլ ընդունված ժամանակահատվածում կքննարկենք: Իսկ քաղաքական գնահատականներ, մոտեցումներ միշտ էլ հնչել են»,- ասաց նա:

Ճշտող հարցին` այսինք` Դուք դա քաղաքական գնահատակա՞ն եք համարում, Մուկուչյանը պատասխանեց, որ ինքը համարում է իրավակարգը պատշաճ, երբ ներկայացվում է համապատասխան դիմում-բողոք, որովհետև դա է «Հանրաքվեի մասին» օրենքի և Ընտրական օրենսգրքի տարրական պահանջը: