կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-29 11:09
Հասարակություն

Զինված ուժերում պետք է իրականացվի պատվաստման գործընթաց, նաեւ բիզնեսին պետք է ներգրավել. Նիկոլ Փաշինյան

Զինված ուժերում պետք է իրականացվի պատվաստման գործընթաց, նաեւ բիզնեսին պետք է ներգրավել. Նիկոլ Փաշինյան

Մենք ունենք կորոնավիրուսի դեմ պատվաստման մեծ ներուժ, բայց բախվում ենք մի խնդրի, որ այդ ներուժը պատշաճ չափերով չի իրականացվում, ինչը ռիսկեր է առաջացնում՝  ոչ միայն առողջապահական, այլեւ՝ տնտեսական: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Որովհետեւ ժամանակակից աշխարհում նաեւ տնտեսության համար, տնտեսական ակտիվության առումով կարեւոր գործոն է, թե  երկրում բնակչության որ մասն է պատվաստված կորոնավիրուսից: Մասնավորապես՝ զբոսաշրջության ոլորտում, որպես ուղղություն,  երկրները գնահատվում են նաեւ այս չափանիշով»,- ասաց նա:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այսօր ՀՀ-ում պատվաստանյութերը հասանելի են, ստեղծված են բոլոր ենթակառուցվածքները, որ քաղաքացիները հեշտությամբ պատվաստվեն։ «Պատվաստանյութը հասանելի է 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու: Կարող եք ձեր ցանկացած պոլիկլինիկայում հերթագրվել եւ ստանալ պատվաստանյութը: Հաջորդ շաբաթվանից կունենանք նաեւ շարժական թիմեր, որոնք քաղաքի բանուկ մասում տեղակայված կլինեն, եւ դա եւս մեկ քայլ կմոտեցնի պատվաստման հնարավորությունը քաղաքացիներին: Ռիսկը պատվաստանյութից որեւէ ծանր կամ թեթեւ կողմնակի ազդեցության գրեթե զրոյական է, եթե համեմատում ենք կովիդու վարակվելու եւ դրա հետեւանքով ծանր, ցավոք, նաեւ մահվան դեպքերի հետ»,- ասաց նախարարը:

Վարչապետի պաշտոնակատարը կոչ արեց կառավարության անդամներին առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում պատվաստվել: Նա տեղեկացրեց, որ այսօր Հայաստանն ունի AstraZeneca, «Սպուտնիկ V» պատվաստանյութերը եւ առաջիկայում պատրաստվում են պատվաստանյութ ստանալ Չինաստանից:

Նա վստահեցրեց, որ եթե որևէ պատվաստանյութ վտանգ ներկայացնի քաղաքացիների կյանքին, կառավարությունն այդ պատվաստանյութը չի ընդունի:

«Փոխվարչապետը և առողջապահության նախարարը երեկ «Аstrazeneca»–ով են պատվաստվել և, ինչպես տեսնում եք, նստած են, ներկա են և որևէ արտառոց բան նրանց հետ տեղի չի ունեցել»,- ասաց նա և նշեց, որ «Аstrazeneca»–ի շուրջ շատ շահարկումներ կան:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատվաստումների դեմ, ցավոք, Հայաստանում շարժումներ են սկսվել, և հասկանալի չէ, թե դրանք ինչ նպատակ ունեն:

«Այս պահին Հայաստանում պատվաստված է ընդամենը 2690 մարդ, ինչը խայտառակ ցածր ցուցանիշ է: Այսօր աշխարհում պատվաստված քաղաքացիների թիվը երկրի որակի նշան է՝ բոլոր առումներով: Ի դեպ, շատ շուտով ամբողջ աշխարհում որեւէ ճամփորդության համար պարտադիր կլինի պատվաստումը: Շատ կարեւոր է, որ խլացվեն այն բոլոր ձայները, որոնք արշավանք են սկսում պատվաստումների դեմ: Բիզնեսին պետք է ներգրավել, որ պատվաստումները պատշաճ մակարդակով իրականացվեն, նաեւ զինված ուժերում պետք է իրականացվի պատվաստման գործընթաց, ընդհանրապես՝ պետական մարմիններում: Մենք այդ առաջնոդրությունը պետք է ստանձնենք, որ բոլորը տեսնեն, որ բոլորս պատվաստված ենք եւ շարունակում ենք կենդանի մնալ»,- ընդգծեց Փաշինյանը: