կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-28 20:00
Իրավական

Արշակ Գրիգորյանի դին հայտնաբերվել է նկուղում, ոչ թե ավտոտնակում. ՔԿ-ն հերքում է մամուլի հրապարակումը. Լուսանկարներ

Արշակ Գրիգորյանի դին հայտնաբերվել է նկուղում, ոչ թե ավտոտնակում. ՔԿ-ն հերքում է մամուլի հրապարակումը. Լուսանկարներ

Շիրակի մարզի բնակիչ Արշակ Գրիգորյանի ինքնասպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Կարևորելով ՀՀ քաղաքացիներին ստուգված և հավաստի տեղեկություն ստանալու իրավունքը՝ հայտարարում ենք, որ օրաթերթերից մեկի այսօր՝ սեպտեմբերի 28-ին, տարածած տեղեկությունն առ այն, թե Ա.Գրիգորյանի դին հայտնաբերվել է իրենց ավտոտնակում և ոչ թե՝ նկուղում, կեղծիք է, չի բխում գործի փաստական հանգամանքներից և միտված է ստահոդ «տեղեկություններով» ապակողմնորոշելու հանրային կարծիքը և ստվերել վարույթն իրականացնող մարմնի աշխատանքը։

Այսպես՝ երիտասարդի՝ հրազենային վնասվածքով բժշկական կենտրոն տեղափոխվելու մասին ահազանգն իրավապահ մարմիններն ստացել են Գյումրիի բժշկական կենտրոնից՝ 2016թ. սեպտեմբերի 20-ին։ Պարզվել է նրա ինքնությունը, որ նա հանդիսանում է Գյումրիի բնակիչ, 1990թ. ծնված Արշակ Գրիգորյանը, և ձեռնարկվել անհրաժեշտ անհետաձգելի քննչական գործողություններ՝ նրա հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները, դեպքի վայրը պարզելու ուղղությամբ։

Արդյունքում պարզվել է, որ Ա.Գրիգորյանին հրազենային վնասվածքով հայտնաբերել և բժշկական կենտրոն են տեղափոխել նրա հարազատները, ովքեր հարցաքննվել են։

Տուժածի հորաքրոջ որդու՝ Հ.Հարությունյանի ցուցմունքի համաձայն՝ Ա.Գրիգորյանի մարմինը հայտնաբերել է ինքը՝ նկուղում, մեջքի վրա ընկած, գլուխն արյունոտված: Անմիջապես կանչել է հարազատներին և Արշակի թևերի տակից բարձրացնելով՝ նրան դուրս բերել նկուղի մուտքի դռան մոտ, որտեղ մոտեցել է բարեկամուհին, և միասին Արշակին դուրս են բերել նկուղից։ Մոր ահազանգով տուն է եկել Արշակի եղբայրը, և միասին նրան  տեղափոխել են բժշկական կենտրոն։

Հ.Հարությունյանի ցուցմունքները հաստատվել են նաև տուժողի ընտանիքի անդամների ցուցմունքներով, նրանց կողմից նշված դեպքի վայրի՝ նկուղի զննության արդյունքներով, որտեղ հայտնաբերվել են արյան հետքեր, «Մակարով» տեսակի «ԼԱ 1948 Ր» գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, 1 պարկուճ և 1 գնդակ, նկուղի հողածած հատակով  անձին քարշ տալու հետքեր։ Վերցվել են անհրաժեշտ փորձանմուշներ, առգրավվել են տուժուղի, ինչպես նաև նրան հայտնաբերած հարազատի հագուստները և քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով  նշանակվել փորձաքննություններ, որոնց թվում՝ դատաբժշկական, դատամատնադրոշմային, դատակենսաբանական, դատաձգաբանական։

Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական հետաքրքրությունը՝ վարույթն իրականացնող մարմինը պարբերաբար տեղեկություններ է տրամադրել և տրամադրում քննության արդյունքների մասին այն ծավալով, որքանի հրապարակումը չի խոչընդոտի գործի քննությանը՝ հարգելով անհատական տվյալների պաշտպանությունը։

Նախկինում ևս հայտարարվել է, որ Ա.Գրիգորյանը հրազենային վնասվածքով հայտնաբերվել է տան նկուղում. հանգամանք, որն առ այսօր նրա հարազատների կողմից կասկածի տակ չի դրվել։

Ակնհայտ է, որ լրատվամիջոցն իր ընթերցողներին է տրամադրում կեղծ տեղեկություններ։ Անընդունելի ենք համարում ողբերգական դեպքը անբարեխիղճ լրագրության արդյունքում շահարկումների առարկա դարձնելն ընդհանրապես։

Կից ներկայացնում ենք դեպքի վայրի՝ նկուղի զննության լուսանկարները։

\"\"

\"\"