Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իր գործառույթներն իրականացնելիս բացահայտել է Հայաստանում մինչ օրս չարձանագրված անդրազգային նոր բնույթի հանցագործություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից, իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ ՀՀ քաղաքացիներ, արտերկրում գտնվող իրենց հանցակիցների հետ նախնական պայմանավորվածությամբ, Հայաստան են տեղափոխել ինկասացիոն կամ բանկոմատային անվտանգության նպատակներով օգտագործվող հատուկ ներկերով ներկված և օրինական շրջանառությունից հանված եվրո թղթադրամներ:
Հանցավոր խմբի անդամները նպատակ են ունեցել նշված թղթադրամները քիմիական մշակմամբ մաքրել հատուկ ներկանյութից, դրանց հաղորդել հնամաշ տեսք և, քողարկելով օրինական շրջանառությունից հանված լինելու հանգամանքը, խաբեությամբ իրացնել Հայաստանի Հանրապետությունում:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված կանխող և խափանող գործողությունների շնորհիվ խմբի անդամները չեն կարողացել ավարտին հասցնել իրենց հանցավոր մտադրությունը, իսկ օրինական շրջանառությունից հանված թղթադրամները հայտնաբերվել և առգրավվել են:
Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երեք անձ: Իրականացվող նախաքննության ընթացքում միջոցներ են ձեռնարկվում հանցավոր խմբի ենթադրյալ այլ անդամներին պարզելու, ինչպես նաև նախկինում նման թղթադրամներ Հայաստան ներմուծելու և իրացնելու հնարավոր դեպքերը բացահայտելու համար:
Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: