Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 18-ին Հայաստանի որոշ համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Դրանցից է նաև Մեծամորը:
«Քաղաքի խնդիրները բազմազան են, դրանք այնքան շատ են, որ դրանց լուծումը մեծ խնդիր է, սակայն պետական ծրագրերի միջոցով պետք է լուծել: Գերխնդիրներ շատ ունենք»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց քաղաքապետի թեկնածու, անկուսակցական Ավետիք Հարությունյանը:
Նա թվարկեց բազմաթիվ խնդիրներից մի քանիսը: «Լուսավորության, ոռոգման ցանցի, վերելակների հետ կապված հսկայական աշխատանք կա անելու: Ունենք մարզահամալիր, որը գերազանց մարզահամալիր է եղել, բայց հիմա ավերակ է, մշակույթի պալատ, որը լավն է, բայց չի գործում: Սոցիալական ոլորտ, ուսանողություն, հաշմանդամներ, զոհված զինծառայողների ընտանիքներ... Բոլոր այդ հարցերը պետք է լուծվեն, և այդ նորոգման աշխատանքները պետք է իրականացնենք պետական ծրագրերի հաշվին, այլապես` քաղաքի բյուջեն չի բավարարում, չի էլ բավարարելու նման գործեր անելու համար»,- ասաց Հարությունյանը և հավելեց. «Ներդրողներ ճարելով` պետք է լուծենք քաղաքի խնդիրները և արդեն որոշակի պայմանավորվածություններ ունենք»:
Նա նշեց, որ մինչև հիմա քաղաքի խնդիրները չեն լուծվել սրտացավության պակասի պատճառով: «Աշխատանք անելու համար պետք է աշխատասիրություն ու սրտացավություն: Պետք է նախ մտածել բնակչի մասին, հետո նոր` սեփական անձի, իսկ մեզ մոտ հակառակն է: Գալիս է տարվա վերջը, սակայն արված գործեր չկան»,- ասաց Հարությունյանը:
Ըստ նրա` 8 տարի է աշխատել գործող քաղաքապետը, 8 տարի ոչինչ չի արել, միայն վերջին 2 ամիսներին սվաղային աշխատանքներ է իրականացնում բյուջեի հաշվին, իսկ եթե բյուջեում փող չկար, ապա` ինչպե՞ս, ուրեմն կա, չէ՞, այդ փողը:
Թեկնածուն վստահեցրեց, որ ինքն անպայման հաղթելու է, որ մարդիկ իրեն սկսել են հավատալ, մնում է միայն ընտրվի, աշխատի, և բոլորը կտեսնեն, որ իր խոստումները կատարում է: «Իհարկե, կընտրվեմ: Երեկ մեծ միջոցառում էինք կազմակերպել, պետք է տեսնեիք` ինչ խանդավառությամբ էին մարդիկ դիմավորում, ինչ խանդավառությամբ լսում: Միջոցառման ընթացքում լավ դիմավորել են, լավ ճանապարհել են: Շատ մարդաշատ էր միջոցառումը, քաղաքը նման բան չէր տեսել»,- ասաց Հարությունյանը:
Ըստ նրա` մարդիկ փոփոխություններ, բարեփոխումներ են ուզում, իրենք էլ պատրաստ են դա անել: «Մենք ուսումնասիրել ենք մեծամորցիների կարծիքը, ուսումնասիրել ենք նրանց խնդիրները, պահանջները, վերլուծել, նոր անցել ծրագիր կազմելուն, այնուհետև` բակային հանդիպումների ժամանակ, շատ բուռն և ակտիվ քննարկումներ են եղել, հարցադրումներ, որոնց մենք տվել ենք սպառիչ պատասխաններ, ու մարդիկ մեզ վստահում են»,- ասաց թեկնածուն:
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ իրենք ընտրակեղծիքների դեմ լուրջ մեխանիզմներ են մշակել: Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, ըստ Հարությունյանի` այս պահին միայն որոշակի զրույցներ են: «Առջևում դեռ 2 օր էլ կա, այս պահին ընտրակաշառքների վերաբերյալ միան զրույցներ են, փորձում ենք բացահայտել: Տեսնենք` կստացվի՞»,- ասաց նա: